2 փետրվարի 2013 - 19:10 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
ՖՈՏՈՇԱՐՔ
Պարույր Հայրիկյան.
Թույլ չեմ տա, որ Հայաստանը ներկայացնեն որպես ահաբեկչությունների երկիր
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, ում վրա երկու օր առաջ մահափորձ է իրականացվել, իրեն արդեն լավ է զգում և կարողանում է քայլել: Թեկնածուն վճռական է տրմադրված, վստահ պատրաստվում է շարունակել պայքարը երկրի գլխավոր պաշտոնի համար: Կհետաձգվե՞ն ընտրություններն ու նախընտրական քարոզարշավը, թե` ոչ, Պարույր Հայրիկյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում ասաց, որ կամ դիմում կգրի ՍԴ` երկու շաբաթ հետաձգելու խնդրանքով, կամ իր մեջ ուժ կգտնի, որ նույնիսկ այդ հետաձգումը տեղի չունենա: «Որովհետև փետրվարի 18-ը շատ առումներով է ինձ համար նվիրական օր»,- ասաց թեկնածուն:
Պարոն Հայրիկյան, նախ պատմեք՝ ինչպե՞ս եք Ձեզ զգում. Ձեր կարծիքով՝ ե՞րբ ամբողջությամբ կապաքինվենք
Ընդհանուր առմամբ լավ եմ, առողջությունս դեպի լավն է գնում: Երեկ գիշեր արդեն քայլեցի, որովհետև գիտեմ իմ փորձով, որ դու պիտի քո ձեռքը վերցնես դեպքերի զարգացումը: Հիվանդ լինել չեմ սիրում: Նույնիսկ ընկերներիս կատակով ասում եմ` չգիտես, որ առողջ լինելն ավելի լավ է, քան հիվանդ լինելը: Մի այլ տարբերակ էլ կա` ասում եմ` ամոթ չի հիվանդ ես: Մահափորձները չեն կարող ստիպել հետաձգել ժողովրդավարական գործընթացները: Ես իմ ուշադրության կիզակետում եմ պահում ժողովրդավարության զարգացումը, դա իմ նպատակն է, ինչպե՞ս ես կարող եմ թեկուզ 15 օրով ուշացնելիս անհարմարավետություն չզգալ: Վերջնական ոչինչ չասեմ, որովհետև` առաջն Աստված:

Այս պահին ամենաքննարկվող թեմաներից է կհետաձգե՞ք Ձեր քարոզարշավն ու ընտրությունները, թե՝ ոչ: Ի՞նչ եք որոշել:
Այդ ուղղությամբ ես մտածել եմ: Երեկ Սահմանադրական դատարանի նախագահն էր ինձ այցելել, վարչապետները` նախկին և ներկա, ԱԺ նախագահը: Նրանց հետ զրույցների ժամանակ ես հստակ ասել եմ, որ նոր ընտրություններ կազմակերպելու ծրագիրը բացառվում է: Ես որքան էլ վատ լինեմ, դա չեմ անի, որովհետև այս գործողության մեջ տեսնում եմ նաև այդ նպատակադրումը. թեկնածուներից մեկին վերացնեն, ստիպված պիտի նոր առաջադրումներ լինեն, ընտրությունն էլ զրոյից սկսվի: Անկեղծ կուզեի, որ մենք ավելի լավ եղանակի անեինք ընտրությունները, այսինքն, եթե 40 օր հետաձգվեր արդեն տաք կլիներ, մարդկանց հետ շփվելն էլ` հաճելի և տոնական: Իմ սիրած եղանակներից մեկը կլիներ, բայց ես ընտրությունները չեմ հետաձգի: Ինչ վերաբերում երկու շաբաթյա հետաձգմանը, դրա մասին խորհում եմ: Նաև իմ ինքնազգացությունը հաշվի առնելով, չնայած դա այնքան էլ էական չէ, երկուշաբթի, ամենաուշը երեքշաբթի բոլոր հարցերին վերջնական պատասխան կտամ: Կամ դիմում կգրեմ ՍԴ` երկու շաբաթ հետաձգելու խնդրանքով, կամ էլ իմ մեջ ուժ կգտնեմ, որ նույնիսկ այդ հետաձգումը տեղի չունենա: Որովհետև փետրվարի 18-ը շատ առումներով է ինձ համար նվիրական օր: Մենք նույնիսկ ժամանակին առաջարկել ենք, որ դա կոչվի հայ ժողովրդի ազատության օր, որովհետև 1921թ. փետրվարի 18-ին Երևանն ազատագրվեց բոլշևիկներից: Արցախյան շարժումն իրականում սկսվեց փետրվարի 18-ին՝ Գառնիի ժողովում, շատ բաներ կան այդ օրվա հետ կապված: Ես այդ օրվա խորհուրդը կարևոր եմ համարում, դա եռակի խորհուրդ է պարունակում, այնպես որ կուզեմ, որ այս ընտրությունները նշանակված օրը տեղի ունենան:

Պարոն Հայրիկայն, կուզենանք լսել Ձեր գնահատականը տեղի ունեցածին: Ըստ Ձեզ՝ ինչու՞ արվեց և ու՞մ կողմից:
Աստիճանաբար ինչ-որ բաներ եմ սկսել հիշել, և դրանից ելնելով ավելի եմ համոզվում, որ մարդասպանը, ըստ երևույթին, հայ չէր: Ամբողջ ընթացքում որևէ բառ չասաց: Չնայած ինքը համոզված էր, որ ինձ պետք է սպանի, որովհետև դեմքը չէր թաքցրել: Այսինքն, որքան էլ որ մութ է, լուսավորություն կար: Եթե ես իրեն տեսնեմ, 10 հոգու մեջ` կճանաչեմ, 100 հոգու մեջ միգուցե չճանաչեմ: Կարծես հայ չէր: Չեմ ուզում շատ առաջ գնալ, ահագին տվյալներ կան, դրանք քննության ընթացքում կպատրաստվեն, և կարծում եմ, որ ճիշտ հետքի վրա կընկնենք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև այն գործընկերներիս, ովքեր ասել են, որ իրենց քարոզարշավը չեն շարունակի: Հորդորում եմ, որ ինչ-որ իրենք ունեն անելու, թող անեն: Մեկ է` մենք եղբայրներ ենք, բոլորս իրար հետ պետք է աշխատենք: Մեկը իշխանություն կունենա, մեկը կողքից, մյուսը որպես ընդդիմախոս, բայց կարևորը, որ մենք մի հայրենիքում ենք և այդ հայրենիքի համար միասին պիտի աշխատենք:

Շրջանառվում է այն կարծիքը, որ այդ դեպքը կարող է ստվեր գցել ընտրությունների ընթացքի և արդյուների վրա: Ո՞րն է Ձեր կարծիքը:
Ինձ համար կայունությունը բարձրագույն արժեք չէ, ինձ համար մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, անվտանգություն. դրանք են կարևոր: Երբեմն կայությունը խախտում են, որպեսզի երկրի իրավիճակի տերը դառնան նրանք, ովքեր… Որոշ ուժեր, որ կազմակերպել էին, մտահոգված են: Հայաստանը վերածել քաոսի, ոչ մեկին չի հաջողվի` իմ մասով գոնե: Հայաստանի վերաբերյալ բացասական խոսում եմ, բայց արհեստականորեն ստեղծել հարց, որ իրականում գոյություն չունի Հայստանին խփելու համար… Ես ձգտում եմ, որ Հայաստանը լինի աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը, որովհետև մենք օրինակ պետք է դառնանք: Այն դեպքում, երբ որ դու խոսում ես քո երկիրը աշխարհի ամենաօրինակելի երկիրը դարձնելու մասին և ինչ-որ մեկը կամ ինչ-որ ուժեր Հայաստանը փորձեն ներկայացնել որպես ահաբեկչությունների երկիր, ես դրան ընթացք չեմ տա: Ես ամեն ինչ կանեմ և ցույց կտամ, որ սա ուղղակի մի ստոր հանցագործություն է, որ աշխարհի բոլոր երկրներում տեղի է ունենում, բայց Հայաստանյան իրականության պատկերը չէ:

Մարի Թարյան / PanARMENIAN News
ՖՈՏՈՇԱՐՔ