5 փետրվարի 2013 - 11:13 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Գոռ Մայիլյան.
Մեծ պատիվ է, որ ես ներկայացնում եմ Հայաստանը
19-ամյա սամբիստ Գոռ Մայիլյանը, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է աչքի ընկնել միջազգային տարբեր մրցաշարերում և Հայաստան վերադառնալ մեդալներով: Անցած տարի նա և Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մինչև 56կգ քաշային կարգում իրեն հավասարը չուներ: Նա կարողացավ ոսկե մեդալներ նվաճել և PanARMENIAN.Net-ը որոշեց հարցազրույց անել երիտասարդ մարզիկի հետ:

Գո՛ռ, արի մեր զրույցը սկսենք հենց աշխարհի առաջնությունից: Կխնդրեի, որ պատմես քո ելույթների մասին:
Մինչ աշխարհի առաջնության մեկնարկը ես նորմալ մարզումներ եմ անցկացրել, ու լավ պատրաստված մեկնեցինք Սոֆիա: Այնտեղ անցկացրել եմ չորս գետեմարտ. առաջինում հաղթանակ տոնեցի Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ, երկրոդում` Բելառուսի, ապա կիսաեզրափակչում հաղթեցի ղազախ սամբիստին: Եզրափակչում առավելության հասա մոնղոլ սամբիստի նկատմամբ ու դարձա ոսկե մեդալակիր:

Իսկ քեզ համար հատկապես ո՞ր մենամարտը դժվար ստացվեց:
Երրորդ մենամարտը, երբ հանդիպեցի ղազախ մարզիկին: Առաջին մրցափուլում հաղթում էի 1:0 հաշվով, իսկ արդեն երկրորդում` զիջեցի 4:1: Սրանից հետո հավաքվեցի, ներդրի ողջ ուժերս և նույն հնարքով նրանից միավորներ կորզեցի` հաղթելով 5:4 հաշվով:

Մինչ առաջնության մեկնարկը պատկերացնո՞ւմ էիր, որ նման հաջողություն կգրանցես:
Ընդհանրապես, մրցաշարերից առաջ ես ոչ մի օր չեմ մտածում բուն մրցումների մասին: Այս անգամ ևս ավելի հանգիստ էի, միայն նպատակամղված պարապում էի ու հոգեբանորեն լավ վիճակում էի գտնվում: Ես վստահ էի իմ ուժերին, որովհետև պատրաստ էի ու գիտեի, որ կարողանալու եմ նվաճել մեդալ, ուղղակի չգիտեի`ինչ գույնի կլինի այն:

Աշխարհի չեմպիոն դառնալը ինչ-որ բան փոխե՞ց քո կյանքում:
Պատկերացրեք, որ չէ: Նույնն եմ մնացել, ես համեստ ու սովորական մարդ եմ: Ոսկե մեդալն ուղղակի պարտավորեցնում ու ոգևորում է: Զգում եմ, որ մյուս առաջնություններում ու մրցաշարերում պետք է էլ ավելի լավ մասնակցեմ:

Գո՛ռ, հիշո՞ւմ ես երբ ես նվաճել քո առաջին մեդալը:
Իհարկե հիշում եմ: Ես 7 տարեկան էի ու հանդես էի գալիս 23 կգ քաշային կարգում: Մասնակցեցի Գյումրիի բաց առաջնությանն ու դարձա հաղթող: Սա ինձ շատ ոգևորեց, ուրախացրեց ու շարունակեցի ավելի մեծ նվիրվածությամբ մարզվել:

Տարբերություն կա՞ Հայաստանում ես ելույթ ունենում, թե մի այլ երկրում:
Դրսում ավելի լուրջ մրցումներ են լինում` աշխարհի կամ էլ Եվրոպայի առաջնություններ, այնտեղ պետք է էլ ավելի լավ հանդես գալ, քանի որ ներկայացնում ես մի ողջ ազգ ու երկիր: Պետք է անես ամեն ինչ, որպեսզի բարձր պահես քո երկրի պատիվը: Իսկ Հայաստանում քո հայրենակցի հետ ես մենամարտում ու մի տեսակ ուրիշ ձևով ես ներկայանում:

Իսկ ի՞նչ է զգում 19 տարեկան մարզիկը, երբ ներկայացնում է մի ամբողջ երկիր:
Շատ մեծ պատիվ է ինձ համար, որ ես կարողանում եմ Հայաստանը ներկայացնել միջազգային հարթակներում: Ես իմ ցանկացած հաջողություն նախ նվիրում եմ իմ երկրին ու բոլոր այն մարդկանց, որոնք ներդրում են ունեցել իմ հաջողություններում:

Իսկ եղե՞լ է պահ, երբ հոգնես քո մարզաձևից ու որոշես ազատ կյանքով ապրել:
Ես շատ եմ սիրում իմ մարզձևը ու չեմ փոշմանել, որ ընտրել եմ այն: Ընկերներս էլ գիտեն, որ ես հատուկ սննդակարգ ունեմ ու այն երբեք չեմ խախտում: Իսկ հիասթափվելու առիթ… դեռ շատ եմ փոքր, ու նման պահեր իմ կյանքում չեն եղել:

Գո՛ռ, ի՞նչը պատճառ հանդիսացավ, որ դու սկսեցիր զբաղվել սամբոյով:
Մեզ մոտ շատերն էին մարզվում սամբոյով, ու ես ոգևորված գնացի մարզադպրոց: Սակայն ինձ չէին ցանկանում ընդունել, քանի որ տարիքով շատ փոքր էի: Հետո հայրիկս խնդրեց մարզչիս, ու ինձ թույլ տվեցին հաճախել պարապմունքներին: Մի քանի ամիս անց արդեն սկսեցի մասնակցել իմ տարիքայինների մրցաշարերին ու այդպես էլ սկսվեց իմ կարիերան:

Դու նաև ուսանող ես: Ինչպե՞ս ես համտեղում ուսումն ու մարզումները:

Անցած տարի ընդունվեցի Գյումրու պետական համալսարանի Ֆիզկուլտուրայի ֆակուլտետի առաջին կուրս: Քանի որ ես Եվրոպայի չեմպիոն էի հռչակվել, ընդունվեցի անվճար: Ոչ մի խնդիր չի առաջանում սովորելու ու մարզվելու միջև:

Ի՞նչ նպատակներ ունես քո առջև դրած:
Չեմ ուզում այդ մասին խոսել: Ես դեռ երիտասարդ եմ, աշխատելու ու կատարելագործվելու շատ տեղ ունեմ: Հույս ունեմ, որ կարող եմ էլ ավելի մեծ հաջողությունների հասնել:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News