3 հունիսի 2013 - 15:32 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Նորայր Մեսրոպյան.
«Արարատ-73». Քիչ է պատահում, որ ֆուտբոլային թիմն այսպիսի խանդավառություն առաջացնի
Դժվար է գտնել մի հայի, որը լսած չլինի «Արարատի» մասին: 40 տարիների ընթացքում այս թիմին շարունակել են սիրել, հպարտանալ 1973 թվականին մեծ հաղթանակները կերտած ֆուտբոլիստներով: Հենց նրանք են, որ ֆուտբոլը Հայաստանում և ԽՍՀՄ-ում բարձրացրին մի նոր մակարդակի վրա ու հավերժացան «Արարատ-73» անունով: Մենք էլ մտովի տեղափոխվում ենք հեռավոր 1973 թվական ու խոսում թիմի անփոխարինելի ձախ պաշտպան Նորայր Մեսրոպյանի հետ:

«Արարատի» յուրահատկությունը նրա միասնականության մեջ էր

«Արարատի» յուրահատկությունը կայանում է նրանում, որ շատ միասնական է: Բոլոր տղաներն էլ համախմբված են: 1971 թվականից մենք արդեն զգում էինք, որ ուժեղ ենք մյուս թիմերից: Մենք առաջատար չունենք, բոլորս հավասար ենք ու օգնում ենք իրար: Դժվար է գտնել ավելի համախմբված թիմ, քան «Արարատն» է, և դրանով ամեն ինչ ասված է:

Պատահական չէ նաև, որ «Արարատի» մի քանի խաղացողներ հանդես են գալիս ԽՍՀՄ հավաքականներում և մշտապես ընդգրկվում են լավագույն 33 խաղացողների մեջ:

Ցանկացած թիմի հետ էլ հեշտ չի խաղալ, բայց, հատկապես, Լվովի «Կարպատների» հետ հանդիպումները դժվար են ստացվում, քանի որ նրանք շատ կոպիտ են խաղում: Հայաստանում սիրում են ասել, որ Թբիլիսիի ու Բաքվի թիմերին հաղթեք, մյուսների հետ ինչ ուզում եք արեք: Սակայն բոլորի հետ էլ դժվար է, քանի որ մենք պայքարում ենք միայն հաղթանակի համար:

Մեր հաղթանակներից հետո մարդիկ իրենց պլանները գերակատարում են

Եթե ֆուտբոլիստը դուրս է գալիս խաղադաշտ, պետք է անի ամեն ինչ հաղթանակի հասնելու համար: Գավաթի եզրափակչում էլ մենք հենց այդպիսի տրամադրվածությամբ էինք գործում: Պարտության եզրին լինելով` ուժ գտանք ու պայքարեցինք մինչև վերջ:

Առաջին կեսից հետո Նիկիտա Սիմոնյանը մեզ այնպես տրամադրեց, որ չէինք կարող այդ խաղում չհաղթել: Նյարդային հանդիպում էր նրանով, որ գավաթի ճակատագիրն էր որոշվում, ու մի քիչ լարված էինք խաղում: Մենք չհանձնվեցինք, ու այդ հաղթանակն անչափ ուրախացրեց մեզ: Յուրաքանչյուր ոք ձգտում է իր աշխատանքում գագաթնակետին հասնել, իսկ մեզ դա հաջողվել է: Մեր հաղթանակներից հետո մարդիկ իրենց պլանները գերակատարում են:

Հայերենը խաղադաշտում շատ է օգնում մեզ

Մի քանի տարի է, որ մոտ 9 խաղացողներ մշտապես միասին ենք խաղում, մենք գիտենք, թե մյուսներն ինչպես են սիրում գործել խաղադաշտում: Մենք չափից շատ համախմբված ենք ու բոլորս իրար շատ լավ հասկանում ենք: Առանց նայելու էլ գիտենք, թե տվյալ պահին մեր թիմակիցներից ով որ դիրքում կարող է լինել:

Մեզ շատ է օգնում նաև մեր լեզուն, երբ խաղադաշտում մենք հայերենով ինչ որ բան ենք պայմանավորվում, ոչ ոք մեզ չի հասկանում:

Մենք անչափ հավատում ենք մեր ուժերին, վստահ ենք մեզ վրա ու խաղից առաջ դեռ համոզված ենք լինում, որ արտագնա խաղերում անպայման հաղթելու ենք: Երբ մտնում ենք դաշտ ու տեսնում, թե ժողովուրդն ինչպես է երկրպագում մեզ, անգամ վնասվածքի գնով անում ենք ամեն ինչ, որ նրանք չհիասթափվեն: Ու մեզ կրկնակի ուրախություն է պատճառում այն, որ այդքան մարդկանց երջանկացնում ենք:

Մենք բոլոր մրցակիցներին ճանաչում ենք, գիտենք, թե ինչպիսի ֆուտբոլիստներ ունեն ու ինչ դիրքերում են նրանք խաղում: Ու մենք նախապես որոշում ենք, թե ինչպիսի մարտավարությամբ ենք խաղալու նրանց դեմ: Իհարկե, խաղի ընթացքում փոփոխություններ կատարվում են:

Ես գիտեմ, թե մրցակցի հարձակվողներին ինչպես հսկեմ

Ես ձախ պաշտպան եմ, ու ինձ համար հատկապես անհարմար է Թբիլիսի «Դինամոյի» հարձակվող Վլադիմիր Գուցաևին հսկելը, նա շատ արագ է: Բայց ես միշտ տարածություն եմ պահում նրա հետ պայքարում, որպեսզի չկարողանա ինձ շրջանցել: Գուցաևն էլ մի անգամ խոստովանել է, որ մրցակցի պաշտպաններից նրա դեմ միայն ես կոպիտ խաղ չեմ ցույց տվել: Ես գիտեմ, թե ում ինչպես հսկեմ:

Քիչ է պատահում, որ ֆուտբոլային թիմն այսպիսի խանդավառություն առաջացնի ամբողջ աշխարհում: Մեր ցույց տված խաղն է գրավել աշխարհի տարբեր կողմերում ապրող հայերին: Մենք զարմանում ենք, որ անգամ Սուդանում ու Ալժիրում մեզ երկրպագուներ են դիմավորում:

Սիմոնյանի շնորհիվ մրցավարները չեն կարողանում մեր դեմ որևէ բան անել

Երբ Նիկիտա Սիմոնյանը եկավ, մեր թիմն արդեն կայացած էր: Մենք 1971 թվականին ավելի լավ էինք խաղում: Նա ճանաչված մարզիչ է, իսկ դա նշանակում է, որ դատավորները չեն կարողանում մեր դեմ որևէ բան անել: Թիմի մարզչական շտաբում ֆուտբոլի մեծ գիտակներ են աշխատում, և մենք շատ լավ ենք իրար հասկանում:

Պելեն գոլեր է խփում, բայց Բեքենբաուերն էլ չի թողնում գրավել դարպասը

Ես շատ եմ սիրում Ֆրանց Բեքենբաուերի խաղը: Բոլորը Պելեին են սիրում, որովհետև նա գոլեր է խփում: Բայց Բեքենբաուրեն էլ չի թողնում, որ իրենց դարպասը գրավեն: Ես էլ որպես պաշտպան իր խաղաոճն եմ նախընտրում: Սխալ է ֆուտբոլիստների միջև ընդհանուր բաներ որոնել, որովհետև անհնար է Պելեին և Յաշինին համեմատել:

Իմ կարիերայի ընթացքում ընդամենը մեկ դեղին քարտ եմ ստացել

Շատ է պատահել, որ վնասվածքով եմ հանդես եկել: Ոտքի վնասվածքով խաղալուց հետո այն 3 ամիս գիպսի մեջ է մնացել: Եղել է նաև, որ դեմքի լուրջ վնասվածքով եմ դուրս եկել խաղադաշտ, բայց երբեք չեմ թուլացել: Ես չեմ սիրում, երբ ինձ փոխարինում են, առանց փոխարինման ես հանդես եմ եկել 122 խաղում:

Ես սիրում եմ նաև գրոհներին միանալ: «Արարատի» ձախ եզրում խաղում ենք ես, Արկադի Անդրեասյանը և Նիկոլայ Ղազարյանը, ու մենք հիանալի գրոհներ ենք կազմակերպում:

Իմ կարիերայի ընթացքում երբեք կարմիր քարտ չեմ ստացել: Դա ռեկորդ է պաշտպանի համար, իսկ դեղին քարտ ընդամենը մեկ անգամ եմ ստացել: Երբեք կոպիտ չեմ խաղացել, բայց կոպիտ պայքար մղել եմ: Իմ տեխնիկայի հաշվին էի գնդակ խլում:

Դասախոսներն ու միլիցիոներները միշտ օգնում են մեզ

«Արարատի» խաղացող լինելը մեծ առավելություն է տալիս մեզ, հատկապես` սովորելու ընթացքում: Ժողինստիտուտում ընդունելության քննություն էր, և ես խաղից նոր էի վերադարձել: Քննական հանձնաժողովն ինձ շատ օգնեց, թույլ տվեց, որ արտագրեմ: Սակայն ավարտելուց հետո արագ դուրս եկա, ու ինձ վրա մի քիչ զայրացան, ասելով. «Կիմանան, որ արտագրել ես, գոնե մի քիչ սպասեիր»: Դասախոսներն իսկապես շատ են օգնում, ինչի համար շնորհակալ ենք բոլորից:

Իսկ մեքենայով խախտում անելու դեպքում` միլիցիոներները մեզ կանգնեցնելուց հետո «չեստ» են տալիս, գովում ու բաց թողնում: Բայց խախտումները երբեք չեն գրանցում:

Մեզ շատ է սիրում նաև ժողովուրդը: Երբ հանդիպումից հետո վերադառնում եմ, բոլոր հարևանները հավաքվում են ու ինձ դիմավորում: Իսկ պարտություններից հետո փորձում եմ աննկատ տուն մտնել, որպեսզի ոչ ոք չնկատի ինձ: Հայրս մեծ երկրպագու է, ու միշտ սեղան է գցում ու նշում մեր հաղթանակները:

Ամենաշատը 150 ռուբլի պարգևավճար ենք ստացել

Մարզիկները սովորաբար այդքան էլ չեն սիրում խոսել դրամական պարգևների մասին, բայց ես անկեղծ կլինեմ` մեր պարագայում գումարային պարգևավճարը կախված է ստադիոնի մարդաշատությունից: 70 հազարի դեպքում ստանում ենք մոտ 100-150 ռուբլի: Դրանից շատ երբեք չենք ստացել: Իսկ ամենաքիչը 30-40 ռուբլի է եղել: Առանձին աշխատավարձ էլ ենք ստանում: Մենք գրանցված ենք տարբեր տեղերում` Կամազի գործարանից մինչև տարբեր հանքեր: Նշվում ենք որպես ֆուտբոլի հրահանգիչ:

40 տարի անց` 2013-ին, ֆուտբոլն ավելի կզարգանա ողջ աշխարհում

Ուզում եմ պատկերացնել, որ 40 տարի անց` 2013-ին, «Արարատն» ավելի կհզորանա, ֆուտբոլն ավելի կզարգանա ողջ աշխարհում: Արարատցիները հանդես կգան «Բարսելոնայի», «Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբներում և ԽՍՀՄ հավաքականում, որը կկարողանա դառնալ Եվրոպայի կամ էլ աշխարհի չեմպիոն, Բրազիլիան էլ երկրորդը կլինի:

Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News