24 հոկտեմբերի 2013 - 14:24 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Լևոն Իշտոյան.
Գալիս եմ Հայաստան, հիշում եմ` այստեղ մեծ հաջողությունների եմ հասել
«Արարատ-73»-ի 40-ամյակին սպասում էին բոլորը, իսկ 40-ամյակն իր հերթին սպասում էր ակումբի աշխարհի տարբեր ծայրերում ապրող ֆուտբոլիստներին, ովքեր էլ եկան Երևան` միասին նշելու հոբելյանը: Հավաքվեցին, հիշեցին, նշեցին… հաջորդ օրը Հայաստան-Բուլղարիա հանդիպումն էր, բացի այդ՝ նույն գիշերն արդեն ԱՄՆ էր մեկնում այն գոլերի հեղինակը, որոնց մասին բոլորս բազմիցս լսել ենք՝ Լևոն Իշտոյանը: Չնայած իրերը դեռ հավաքված չէին, մեր հավաքականի հանդիպմանն էլ մոտ երկու ժամ էր մնացել, չմերժեց՝ զրուցեց PanARMENIAN.Net-ի հետ ու լուսանկարվեց PanARMENIAN Photo-ի համար:

...դրսում կարոտը շատ-շատ է…

Երբ գալիս եմ Հայաստան՝ վատ բաներին չեմ նայում: Հիշում եմ միայն, որ այստեղ մեծ հաջողությունների եմ հասել, որ ժողովուրդը մեզ մինչև հիմա էլ հիշում, սիրում է: 40 տարի է անցել, է՛, բայց դեռ հիշում են, ուրեմն իրենց հոգու մեջ մտած ենք, ինչ-որ մի գործ արել ենք: Շատ եմ կարոտում Հայաստանը… Դրսում ապրելուց կարոտը շատ-շատ է, հատկապես մեր պես մարդկանց համար, ովքեր հայրենիքում սիրված ու ճանաչված են եղել: 40 տարի է՝ այստեղ չեմ, բայց որ անկյունը գնում եմ՝ ինձ ճանաչում են: Դա գիտե՛ս ինչ է: Մարդկանց երկու օր անց մոռանում են…

...«Արարատը»

Հոյակապ թիմ էր: Հիմա հետ եմ նայում՝ ամեն գծում մեծ վարպետներ էին խաղում: Մի կյանք ենք անցկացրել միասին: Այնպիսի հաջողությունների ենք հասել… անմոռանալի են:

Ֆուտբոլը ծանր սպորտաձև է, եթե որևէ մեկին թվում է հակառակը՝ սխալվում է: Հաղթանակներին քրտնաջան աշխատանքով ենք հասել: Անգամ 40 տարի անց մինչև հիմա հիշում ենք այն օրերը: Հիմա էլ շատ շնորհակալ ենք մարդկանց, ովքեր մեզ սիրել են: Այն ժամանակ հայերն ամբողջ աշխարհով մեկ հետևում, ուրախանում էին հաղթանակների համար:

Մեր թիմին միավորում էր պրոֆեսիոնալ մոտեցումը, բոլորը պրոֆեսիոնալ էին:

Ֆուտբոլն այնպիսի խաղ է, որ պիտի ամբողջ երիտասարդական կյանքդ՝ 17-ից՝ 30, կամ, անգամ, 35 տարիներդ նվիրես դրան: Լավագույն տարիներն են, չէ՞: Դպրոցն ավարտում ես, գնում համալսարան, ու հետո արդեն պիտի աշխատես՝ մարդու լավագույն տարիքն է…Ֆուտբոլում այլ է… ֆուտբոլիստն իր լավագույն տարիները տալիս է սպորտին, ու եթե հաջողություն չունեցավ, ուրեմն իր կյանքի կեսն իզուր է անցել: Հաճախ մտածում եմ՝ Աստված ոչ անի, եթե մի վնասվածք ստանայինք, կամ լուրջ հաջողություն չունենայինք: Օրինակ՝ եթե մենք չեմպիոն չլինեինք, գավաթակիր չլինեինք, այդքան լավ արդյունքների չէինք հասնի, հիմա ի՞նչ էինք անելու: Ոչ մի բան… Շատ ռիսկային էր:

Տարին 12 ամիս ընտանիք չէինք տեսնում: Ընտանիքս հերոս էր. ոչ միայն իմ՝ բոլորինս: Պատկերացրեք՝ տարին 12 ամիս անընդհատ խաղեր, թռիչքներ: Դժվար էր... աղջիկս ծնվեց, գնում, գալիս էի, տեսնում էի՝ մեկ ամսական է, գնում, գալիս էի՝ արդեն երկու ամսական է… Այդպես էր:

Հիմա բոլորս միմյանց հանդեպ կարոտով ենք լցված: Հավաքվել իրար գլուխ, հիշում էինք անցած ճանապարհը: Երբ երիտասարդ էինք, հո ամեն ինչ չէր, որ հանգիստ էր անցնում. փոքր միջադեպեր էլ են եղել, ու պիտի լինեին, բայց ոչ այնպիսի, որ մինչև հիմա չարությամբ հիշենք: Խաղից հետո արդեն ամեն ինչի մասին մոռանում էինք, որովհետև դաշտը միայն հաղթանակով էինք լքում:

...հաղթանակը հիշելիս

Երբ հիշարժան գոլ ես խփում, դա էլ ամենաշատն ես հիշում: Այդ օրը 1:0 պարտվում էինք, է, այսինքն` հաշիվը ոչ թե 0:0 էր, այլ մենք պարտվում էինք, ու ես 89-րդ րոպեին խփեցի որոշիչ գոլն ու հաշիվը հավասարվեց: Այն ժամանակ կանոններն այլ էին՝ մեզ լրացուցիչ 15 րոպե տվեցին, կարգն էր այդպիսինը, 11-մետրանոցներ էլ չկային: Կարող էինք խաղը շարունակել հաջորդ օրը, բայց մեզ համար դժվար կլիներ, որովհետև սովետական կառավարությունում առաջին քարտուղարն ուկրաինացի էր, ֆուտբոլի բաժնի պետը՝ նույնպես, դե, գիտեք՝ ոնց էլ չլինի, ուկրաինացին ուկրաինացուն պետք է հարգի, ընդունի, ու եթե այդ օրը չավարտեինք, մյուս օրն արդեն ուշ կլիներ, ու խաղացինք… 113-րդ րոպեին խփեցի երկրորդ գոլը: Հաղթեցինք՝ սկսեցինք ուրախանալ: Իսկ ի՛նչ էր կատարվում Երևանում՝ աննկարագրելի է…

Կիևից Երևան չվերադարձանք, դեռ երկու խաղ ունեինք: Մեկը նույնպես ուկրաինական թիմի հետ էր՝ Դոնեցկի «Շախտյորի», իսկ վերջին խաղը պիտի խաղայինք Երևանում, Լենինգրադի «Զենիթի» հետ: Գնացինք Դոնեցկ, հետո նոր վերադարձանք. Երևանում ցնծություն էր: Նման բան մեկ էլ 1962-ին էր եղել, երբ Տիգրան Պետրոսյանն աշխարհի չեմպիոն դարձավ, երկրորդը՝ մեր հաղթանակիի ժամանակ էր՝ «Արարատը» համ Սովետմիության գավաթը վերցրեց, համ չեմպիոն դարձավ: Ֆուտբոլն այնքանով է դժվար ու պատասխանատու, որ ժողովրդին էինք պատասխան տալիս, իսկ մեր ժողովուրդը սիրում է միշտ հաղթանակած դուրս գալ:

...սերնդափոխությունը

Ֆուտբոլում սերնդափոխությունը պիտի ճիշտ արվի: Սա այնպիսի սպորտաձև է, որ հենց այսօր էլ կարող ես եղած 11 հոգուն հանես, ուրիշ տասնմեկին բերես, ու 60 տարի ֆուտբոլ չունենաս: Այդ պատճառով էլ սերնդափոխությունը պիտի արվի ժամանակին: Այնտեղ, որտեղ դա ճիշտ չի արվել, 40-60 տարի ֆուտբոլ չեն ունեցել: Պետք է պատրաստել սպորտսմենների, ովքեր կկարողանան փոխարինել հներին, հետո նոր վերջիններիս ճանապարհել: Մեր թիմը ժամանակից մի քիչ շուտ կազմալուծվեց, դրա համար էլ հիմա…

Մեր ներկայիս հավաքականում կան լավ տղաներ, զգացվում է՝ թիմը գնալով վերելք է ապրում: Բայց սերնդափոխությունը պիտի ճիշտ արվի: Հավաքականի բոլոր հանդիպումներին ուշադիր հետևում եմ, նաև տղաների խաղերին: Չեք պատկերացնի՝ սփյուռքում ինչպես են երկրպագում Հենրիխ Մխիթարյանին: Հայերը բաց չեն թողնում Գերմանիայի Դորտմունդի խաղերը:

...հաջողության հասնելու ճանապարհը

Եթե քեզ սպորտին ես նվիրում՝ պետք է քրտնաջան աշխատես, շատ տանջվես, ու սիրես գործդ, ձգտես, որովհետև պիտի մտածես, որ սա է քո մասնագիտությունը, ու քեզ ժամանակավորապես զրկես ինչ որ բաներից, որ կարողանաս հաջողության հասնել, որ հենց այնպես չանցնի անցածդ ճանապարհը: Մի բան գիտեմ՝ եթե սպորտսմենը չեմպիոն չդարձավ, որևէ մեդալ չստացավ՝ ոչ ոք իրեն չի հիշի. դա սպորտի դաժան կյանքն է: Էլ չեմ խոսում վնասվածքների մասին, որոնց դեպքում ստիպված ես լինում վաղաժամ ավարտել կարիերադ: Բոլոր սպորտսմեններին՝ քրտնաջան աշխատանք ու մասնագիտությունում միշտ հաջողություններ…

...մարդկային ամենամաքուր պարգևը

Ամենակարևորն ինձ համար՝ մարդը մաքուր լինի, շահի համար չշփվի, ստախոս չլինի, ինչ ասում է՝ ճիշտն ասի, եթե ինչ-որ բան անել չի կարողանում, ասի` «չէ, չեմ կարող անել»: Դա ավելի լավ է, քան խաբելը: Ճիշտն ասելու, չստելու հատկությունը մարդկային ամենամաքուր պարգևն է: «Չեմ կարող, չեմ ուզում, չգիտեմ»՝ ժխտական հոլովի մեջ են, չէ՞… ավելի լավ է այդ քերականությունն օգտագործել, քան մարդկանց խաբել:

Աղջիկ զավակներ ունեմ՝ միշտ ասել եմ՝ ձեզ ամեն տեղ կթողնեմ, ուր ուզում եք գնացեք, ազատ եք ձեր ընտրությունում, արդեն հասուն մարդ եք, միայն, խնդրում եմ, ինձ մի խաբեք: Եթե խաբեք, ուրեմն դուք էլ եք խաբնված: Ու շնորհակալ եմ իրենցից՝ չեն խաբել… Դրսում, իհարկե, դժվար է երեխա մեծացնել, պիտի շատ ուշադիր լինես, չնայած դա ամենուրեք է՝ եթե երեխայով չզբաղվես, կկործանվի:

...այդպես աշխարհը փոքրանում է

Հիմա ԱՄՆ-ում եմ ապրում, այնտեղ էլ ընկերություն չկա: Այն մանկությունից է գալիս: 40 տարեկան հասակում մտա Ամերիկա, էլ ի՞նչ նոր ընկերներ: Այն տարիքը չէր, որ նոր ընկերներ ձեռք բերեի: Իհարկե, ճանաչում են, այստեղից գնացած շատ մարդիկ կան, հարգանք կա, բայց բոլոր ընկերներս Հայաստանում են: Մինչև հիմա էլ շփվում ենք: Միշտ զանգում ենք, հարցնում իրար մյուսներից: Արդեն այն տարիքում ենք՝ ինչքա՞ն պիտի ապրենք՝ 10 տարի՞, 20, 30 տարի՞… ընկերներս այստեղ են: Գիտությունն այնքան է զարգացել, որ կարող ես համակարգիչով համ տեսնել, համ խոսել: Այդպես աշխարհը փոքրանում է:

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net, Վահան Ստեփանյան / PanARMENIAN Photo