Փարաջանովն ընկերս էր։ Թբիլիսիի տղա էր, բոլորը պաշտում էին նրան, բայց ամեն ինչ վերջացավ նրանով, որ Փարաջանովին բանտ նստեցրին, ու այդ կալանավորումն ավարտվեց հիվանդությամբ։ Հետո նա դուրս եկավ բանտից, Թբիլիսիում ևս մի քանի ֆիլմ նկարահանեց՝ «Նռան գույնը», «Սուրամի ամրոցի լեգենդը»: Շևարդնաձեն նրան ազատ արձակեց, բայց բանտից հետո նա չկարողացավ կազդուրվել։ Հետո Վրաստանում քաղաքացիական պատերազմ սկսվեց, ու հենց այդ ժամանակ էլ նա մահացավ։
Բոլոր ֆիլմերս գրաքննության էին ենթարկվում ու արգելվում էին, ԽՍՀՄ-ում չէին ցուցադրվում, բայց ուղարկում էին միջազգային փառատոնների: Սովետական պատշոնյաներն ուզում էին դրանով արտասահմանին ցույց տալ, թե մեզ մոտ դեմոկրատիա է։ Մի քանի ֆիլմերից հետո Պետկինոն ինձ արգելեց ֆիլմ նկարահանել, որովհետև ԽՍՀՄ-ում կինեմատոգրաֆը սովետական պրոպագանդայի գործիք էր: Այն ժամանակ ինչքան շատ էին արգելվում քո ֆիլմերը, այնքան շատ էին քեզ հարգում: Բոլոր ոլորտներում էր այդպես, նաև գրականության մեջ:
Հուսադրող երիտասարդություն է հայտնվել Վրաստանում։ Նրանք շատ փոքր բյուջեով, բայց բարձր որակով կինո են նկարում: Այդ հարցում լավատես եմ։ Հույս կա, թեև Վրաստանում կինոթատրոններ չկան։
Ամբոխները մարզադաշտերում կամերային երաժշտություն չեն լսում, նրանք նույնիսկ դասական չեն լսում։ Նրանց չեն հետաքրքրում Ժակ Տատիի, Ժան Ժիրոյի ֆիլմերը։ Բայց չէ՞ որ դրանք կան, կինեմատոգրաֆի սեփականությունն են։ Եթե Փարաջանովի ֆիլմերը ցուցադրես մեծ էկրանին, միլիոնավոր դոլարներ չես աշխատի, բայց ի՜նչ հաճույք ես ստանում «Մոռացված նախնիների ստվերները» դիտելիս… հրաշք է։ Հեղինակային կինեմատոգրաֆից մասսայականություն պահանջելը խեղկատակություն է։
Հնարավոր չէ հանդիսատեսին դաստիարակել: Կարելի է միայն սատարել նրան իր մենության մեջ։ Բայց կարելի է դա անել այնպես, որ նա զգա, որ միայնակ չէ, գլխի ընկնի, որ մեկ ուրիշն էլ է մտածում իր պես։
Շատ հազվադեպ եմ նոր ֆիլմեր նայում: Փորձում եմ չփչացնել ճաշակս։ Չկա որևէ ստեղծագործության էկրանավորում, որն ինձ դուր կգար։ Տանել չեմ կարողանում էկրանավորումները։ Եթե վեպն արդեն կարդացել ես, դրա էկրանավորումն ուղղակի կարող է նյարդայնացնել քեզ, քանի որ ընթերցելիս ամեն բան այլ կերպ ես պատկերացրել։ Մի անգամ հայրս ասաց, որ Բոնդարչուկը «Պատերազմն ու խաղաղությունը» սխալ է նկարահանել։ Ասաց՝ նրա իշխան Բոլկոնսկին այնպես է քայլում, կարծես սպասավոր լինի։
Մեր ու ֆրանսիացիների մշակութային ճաշակը նույնն է։ Մենք մեծացել ենք ֆրանսիական վեպերով, նկարչությամբ, կինեմատոգրաֆով, Վոլտերով, Մոպասանով. նրանք մեզ պես են։ Ֆրանսիայում էլ վրացական ֆիլմեր էի նկարահանում: Դա նրանց չէր նյարդայնացնում։ Ֆրանսիացիները համարում էին, որ ես պարզապես այլ կերպ եմ տեսնում իրենց երկիրը:
Այս կյանքում ամեն ինչ վատ է վերջանում․ ամեն ինչ։ Ուղղակի մնում է կյանքն արժանավայել ապրել, ուրիշ ոչ մի բան։ Հավատացյալներին սփոփում է անդրաշխարհի գաղափարը: Սփոփանքի համար վատ գաղափար չէ։