4 փետրվարի 2015 - 20:13 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
ՖՈՏՈՇԱՐՔ
Մանվել Մարգարյան.
Մեկ-մեկ ծանոթներս տարբեր երկրներից վերադառնում, ասում են՝ «լուսանկարդ ենք տեսել»
Մանվել Մարգարյանին Խոր Վիրապում բոլորն են ճանաչում, Հայաստանում էլ շատերը գիտեն նրա մասին: Պատճառը տեսանելի է՝ նրա երկար բեղերն են, որոնք հեռվից արդեն երևում են: Վանքի այցելուները, որոնց թվում նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ են լինում, նրան հաճախ են լուսանկարում, ինչի արդյունքում էլ Մանվելի լուսանկարները նաև արտերկրում են հայտնվել: PAN Photo-ն լուսանկարել է Խոր Վիրապի պահակին, իսկ PAN-ը պարզել նրա հայտնի բեղերի պատմությունը, ինչպես նաև իմացել, թե երբ ու ինչպես հայտնվեց վանքում:

Այս ամիս լրանում է 35-րդ տարին, ինչ այստեղ եմ՝ 1980 թվականին եմ ընդունվել վանք աշխատանքի: Այն ժամանակ ազատ աշխատատեղ բացվեց, եկա, վանահայրը տեսավ, որ ամեն ինչ էլ ձեռքիցս գալիս է՝ քանդելու, սարքելու, դնելու, և ընդունեց.... ամեն ինչ կարողանում եմ անեմ: Ամբողջ վանքում մի քառակուսի չկա, որին, այսպես ասած, ձեռքս կպած չլինի: Օրինակ, 80-ականներին զանգակատան սյուներն եմ սարքել, ճակատային հատվածը: Ժամանակին մոմավառության սրահի ամբողջ տանիքին անցքեր էին: 1997 թվականին ամբողջը քանդեցինք, նորը սարքեցինք: Պարսպի կողքին մի փլված պատ կար, բանվորների խումբ հավաքեցի, 5 օրվա ընթացքում ամբողջը շարեցինք: Այդ պատի տակ հիմա խաչքար է դրած, վերևի հատվածում կապույտ գույնի քարի վրա գրված է «30.06.08», ստորագրությունս է դրված, կողքն էլ գրված Մանվել: Վաղը, մյուս օրը, որ թոռնիկներս տեսնեն, ասեն՝ «պապիկս է սարքել»: Դրսի կողմից աստիճաններ կան, դրանք էլ եմ ես հավաքել, մի խոսքով՝ չկա մի քառակուսի, որտեղին ձեռքս չի կպել: Նվիրված եմ. շատ: Կարող է պատահի, որ տանն ինչ-որ գործ կիսատ մնա, բայց այստեղիս աշխատանքը կիսատ չեմ թողնի: Տունը, հողամասն իմն է, բայց սա էլ է իմը:

Բեղերը պահում եմ 1978 թվականից՝ բանակի տարիներից: Այն ժամանակ դա հայկական պարծանք էր համարվում, քանի որ միայն հայերը նման արտահայտիչ բեղեր ունեին: Մինչև 1990 թվականը նաև երկար մորուք ունեի, հետո զգացի, որ աշխատանքի ժամանակ շատ է խանգարում, սափրեցի: Այս բեղերն էլ է դժվար պահել՝ քամին ամեն մեկը մի կողմ է քշում, անձրևի ժամանակ խոնավությունից տեսքն են կորցնում, էլ չեմ ասում, թե քնելուց ինչքան դժվար է, բայց, սովորել եմ:

Վանքի այցելուներն ու, առհասարակ, փողոցում, շատերն են ուշադրություն դարձնում: Խոր Վիրապի այցելուները մոտենում են, խնդրում լուսանկարել, նկարվել.... շատերը փորձում են կողքից նկարել, բայց այդ մի բանը չեմ սիրում: Ես դեմ չեմ, որ ինձ լուսանկարեն, ուղղակի ուզում եմ, որ զգուշացնեն: Թե չէ առանց ասելու սկսում են նկարել, իսկ ես կարող է այդ ընթացքում ինչ-որ անհարման գործ եմ անում, կամ մեկ այլ բան... չեմ սիրում, որ գաղտնի են նկարում: Մի անգամ, օրինակ, Ռուսաստանից գեղեցկության մրցույթի մասնակիցներ էին եկել: Ուզեցին հետս լուսանկարվել... իրենք գեղեցկուհի էին, ես չէի ուզում իրենց հետ նկարվել, բայց իրենք ուզեցին...

Մեկ-մեկ ծանոթներս մեր երկրի տարբեր քաղաքներից, նույնիսկ՝ որոշ երկրներից, վերադառնում, ասում են, թե «լուսանկարդ ենք տեսել, վաճառում էին»: Վերջերս էլ մի լուսանկարիչ էր եկել Ռուսաստանից (National Geographic – խմբ.), այդ պահին ինչ-որ գործ էի անում, կեղտոտ-մրոտ, խնդրեց, որ թույլ տամ լուսանկարի: Ասացի՝ սպասի գոնե լվացվեմ, ինչին պատասխանեց, թե պետք չէ, այդպես ավելի բնական կստացվի... ու այդպես էլ լուսանկարեց: Տարբեր դեպքեր են լինում...

56 տարեկան եմ, 4 աղջիկ ունեմ, 3 էլ աղջիկ թոռ, կին ունեմ, հող ունեմ, ամեն ինչ ունեմ, բայց հիմնականում այստեղ եմ լինում: Առավոտից գալիս եմ, երեկոյան տուն գնում, սեզոնին՝ ժամը 7-8-ից հետո, գնում եմ հողամաս, «գիշերային սմեն» եմ անվանում, հող մշակում եմ, բայց ուր էլ գնամ՝ ուշք ու միտքս այստեղ են: Հանգստյան օր է, թե չէ՝ հաշվի չեմ առնում: Մի օր, որ վանք չեմ գալիս, ասես ինչ-որ մի բան այն չլինի: Այստեղ էլ են արդեն սովորել՝ իմ պահանջը զգում, ասում են՝ որ այստեղ չես լինում, ինչ-որ բան իրար է խառնվում: Ամեն մարդ իր գործը պետք է սիրի, ես սիրում եմ, ու եթե սիրով ես աշխատում, երբեք չես հոգնում. նվիրված մարդը չի հոգնում:

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net, Հրանտ Խաչատրյան / PAN Photo
ՖՈՏՈՇԱՐՔ