14 ապրիլի 2015 - 13:15 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ալեքսանդր Ցինկեր..
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն այսօր իրական հեռանկարներ ունի
Իսրայելցիների նախաձեռնող խումբը ստորագրահավաք է սկսել` կոչ անելով Թել Ավիվին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրեն, XV գումարման Քնեսեթի պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում մեկնաբանել է այս նախաձեռնությունը, ինչպես նաև պատմել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարների մասին:

Ինչպես ասել է Ցինկերը, սա երկարաժամկետ նախագիծ է, պարտադիր չէ, որ այն հենց ապրիլի 24-ին ավարտին մոտենա: «Մենք մտադիր ենք հզոր քարոզարշավ ձեռնարկել, այդ թվում տարբեր քաղաքներում մեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հուսով ենք, որ մինչև տարեվերջ արշավը որոշակի արդյունքներ կտա»,-ասել է նա:

Պահանջագրի տեքստը կազմված է երեք լեզվով. անգլերեն, եբրայերեն և ռուսերեն: Պահանջագրում մասնավորապես ասվում է.

«Ցեղասպանության փաստն անգամ փոքր կասկածի տեղ չի թողնում, ավելին, հենց իսրայելցի գիտնականներն են առաջինը սկսել այն ուսումնասիրել:

Նույնիսկ «ցեղասպանություն» տերմինը շրջանառության մեջ է դրել հրեա Ռաֆայել Լեմկինը` բնորոշելու համար հայերի զանգվածային կոտորածն Օսմանյան կայսրությունում և հրեաների ջարդերը նացիստական Գերմանիայի կողմից գրավված տարածքներում:

Առավել ևս վիրավորական է և նույնիսկ խայտառակություն է տեսնել, որ Իսրայելի Քնեսեթն ու ԱԳՆ-ն ունակ չեն ճանաչելու ցեղասպանության փաստն, իբր, ի շահ Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունների: Աշխարհի 23 երկիր արդեն արել է այդ քայլը: Ժամանակն է, որ Իսրայելը ևս 1,5 մլն հայերի սպանդը պաշտոնապես ցեղասպանություն ճանաչի: 2015-ի ապրիլին լրանում է այդ սոսկալի իրադարձությունների 100-րդ տարելիցը: Արդարությունը վերականգնելը երբեք ուշ չէ»:

Ըստ փորձագետի, մայիսի սկզբին իր աշխատանքն է սկսում նոր գումարման Քնեսեթը, և խորհրդարանականները պետք է զգան Իսրայելի բնակչության ճնշումը, որի մեծամասնությունը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Մարտի 17-ին Իսրայելում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Լիկուդ» կուսակցությունը վարչապետ Բինյամին Նեթանյահուի գլխավորությամբ ստացավ տեղերի մեծամասնությունը` 30, Քնեսեթում:

Ալեքսանդր Ցինկերը բերում է հարցման միջանկյալ արդյունքները, որը մեկնարկել է ապրիլի 13-ին NEWSru.co.il կայքում: Ըստ արդյունքների, մասնակցածների 91,5 տոկոսը կարծում է, որ Իսրայելը պետք է հայերի 1915 թ. կոտորածները Օսմանյան կայսրությունում ճանաչի որպես հայ ժողովրդի ցեղասպանություն: Դեմ է արտահայտվել 5,1 տոկոսը:

91, 7 տոկոսը կարծում է, որ Աղետը վերապրած Իսրայելի ժողովուրդն իրավունք չունի մերժելու այլ երկրների աղետները: Ըստ 49,9 տոկոսի անհնար է Թուրքիային համոզել, որ անհրաժեշտ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 83,5 տոկոսն անձամբ համամիտ է, որ 1915-1923 թթ. Օսմանյան կայսրության իշխանությունները իրագործել են հայ բնակչության ցեղասպանություն:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է Ալեքսանդր Ցինկերը, Իսրայելի բնակչությունը սատարում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ըստ նրա, դա պայմանավորված է մի քանի գործոններով: Առաջինը` գնալով ավելի մեծ թվով իսրայելցիներ են այցելում Հայաստան և Լեռնային Ղարաբաղ, այդ թվում զբոսաշրջային խմբերի կազմում: Բացի այդ, ակտիվ իրազեկում կա այդ խնդրի վերաբերյալ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Որպես օրինակ նա նշում է ապրիլի 12-ին Սբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապի մատուցած պատարագը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, և հովվապետի այն հայտարարությունը, որ հայերի զանգվածային սպանություններն Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էին:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջզոհերի հիշատակին պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:

«Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Թաքցնել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքն արյունահոսի», - ասել է Հռոմի պապը:

«Բացի այդ, գնալով ավելի հաճախ են հիշատակվում Հիտլերի խոսքերն այն մասին, թե «հիմա ով է հիշում 1915-ին Թուրքիայում միլիոնավոր հայերի ոչնչացման մասին»,-հավելել է Ցինկերը:

Նա նշել է նաև, որ եթե մի կողմ թողնենք քաղաքական բաղադրիչն ու քաղաքական հետևանքները, ապա Իսրայելի բնակչության մեծ մասը հասկանում է, որ 20-րդ դարի սկզբոմ Հայերի ցեղասպանություն է իրագործվել: «Վերջերս Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները վատթարացել են, ես բազմիցս եմ ասել, որ մենք պետք է ավելի կոշտ աշխատենք Թուրքիայի հետ, պետք է հասկանանք, որ Թուրքիան մեզ բարեկամ չէ: Մենք կարող ենք գործակցել այդ երկրի հետ տարբեր ոլորտներում, բայց նա միշտ իր խաղն է առաջ տանելու»,-ասել է նա:

Ցինկերը հույս է հայտնել, որ նորընտիր Քնեսեթի բոլոր հանձնաժողովների կազմավորումից հետո աշխատանքը կվերսկսի Իսրայել-Հայաստան բարեկամության միջխորհրդարանական խումբը, ինչը նույնպես կարող է նպաստել Ցեղասպանության ճանաչման գործին: Ընդհանուր առմամբ նա հույս է հայտնել, որ առաջիկա 4 տարում Քնեսեթը կկարողանա կոնկրետ քայլեր ձեռնարկել:

Ըստ նրա, աշխատանք է տարվում նաև միջկրոնական մակարդակով. «Կրոնի ներկայացուցիչներն ավելի շուտ կարող են համաձայնության գալ, քան քաղաքական գործիչները»:

Ինչ վերաբերում է Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչներին, ապա նախագահ Ռոուվեն Ռիվլինը և Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնն անձնական տեսակետից կողմ են Ցեղասպանության ճանաչմանը:

2015-ի հունվարին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթի ժամանակ Իսրայելի նախագահ Ռոուվեն Ռիվլինը խոսել է նաև Հայոց ցեղասպանության զոհերի մասին:

«Երբ 1915-ին հայ ժողովրդին կոտորում էին, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին դաշնակիցների հետ գործակցող հրեական լրտեսական ցանցի՝ Նիլիի ղեկավար անդամներից Ավշալոմ Ֆայնբերգը գրել է հետևյալը. «Ատամներս սեղմում եմ վախից, թե ով է լինելու հաջորդը: Երբ քայլում էի Երուսաղեմի փողոցներով, հարցնում էի ինքս ինձ՝ արդյո՞ք մենք ապրում ենք ժամանակակից՝ 1915թ., թե՞ Տիտոսի կամ Նաբուգոդոնոսորի օրերին: Արդյո՞ք ես՝ հրեաս, մոռացել եմ, որ հրեա եմ: Ես նաև հարցնում էի ինքս ինձ, թե արդյո՞ք իրավունք ունեմ միայն իմ ժողովրդի ցավերը ողբալի, և արդյո՞ք Երեմիա մարգարեն էլ արցունք չի թափել հայերի համար:

Ավշալոմ Ֆայնբերգը գրել է դա ուղիղ 100 տարի առաջ: Ժխտման և երկմտանքի 100 տարի: Բայց այն ժամանակվա Իսրայելում, Երուսաղեմում, որտեղ ես եմ ծնվել, ոչ ոք չէր ժխտում տեղի ունեցած կոտորածները: Երուսաղեմի բնակիչները, իմ ծնողներն ու մեր ընտանիքի անդամները տեսել են հազարավոր հայերի ժամանելը. գալիս էին սովամահ, աղետից մազապուրծ ողորմելի մարդիկ: Երուսաղեմում նրանք ապաստան գտան, և սերունդները մինչ օրս շարունակում են ապրել այնտեղ:

Այն ժամանակ 2 հարց էր շրջանառվում` ու՞մ հերթն է հաջորդը, և արդյո՞ք մենք՝ հրեաներս էլ ուրիշի ողբերգության համար արյուն-արցունք կթափենք: Առաջին հարցին պատասխանեց պատմությունը. հրեաները հաջորդն էին»,- ասել է Ռիվլինը:

Haaretz-ը՝ նկարագրելով ելույթը, գրում է, որ Ռիվլինն անուղղակիորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այնուամենայնիվ, Ռիվլինը չի արտասանել «ցեղասպանություն» բառը հայերի ջարդերը նկարագրելիս:

Անդրադառնալով Երևանում ապրիլի 24-ի միջոցառումներին Իսրայելի ներկայացվածության հարցին` Ցինկերն ասել է, որ այժմ Իսրայելում կոալիցիոն բանակցություններ են ընթանում, իսկ ապրիլի 23-ին նշվում է Իսրայելի անկախության օրը, ուստի ղեկավարությունը պետք է երկրում լինի: Նա նշել է, որ Երուսաղեմում ապրիլի 24-ին մի շարք միջոցառումներ կանցկացվեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, կտեղադրվի խաչքար:

Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Երևանում կլինեն եղբայրական երկրների ղեկավարները, այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախատեսվում է նաև Ֆրանսիայի և Կիպրոսի նախագահների այցը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ապրիլի 24-ին հայերը համայն աշխարհի ներկայացուցիչների հետ կհավաքվեն Ծիծեռնակաբերդում:

«Մեր կողքին կլինեն շատ ժողովրդների ներկայացուցիչներ, այդ թվում ղեկավարներ: Մեզ համար մեծ պատիվ է, որ այդ օրը Հայաստանում կլինեն եղբայրական ժողովրդների ղեկավարները»,-ասել է նա:

Մարինա Անանիկյան/PanARMENIAN.Net