29 մայիսի 2015 - 12:54 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Յան Գրարուփ.
Մարդը կարեկցանքով է տարբերվում կենդանուց
Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Հայաստանում էր դանիացի ֆոտոլրագրող Յան Գրարուփը: Նա բացեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը: Դրա շրջանակում կազմակերպված ցուցադրությունն ընդգրկում էր նաև Գրարուփի աշխատանքները՝ արված Ռուանդայի ցեղասպանության, Իրաք-Քուվեյթյան պատերազմի, Սարաևոյի պաշարման տարիներին:

Յանն իր աշխատանքների համար բազմաթիվ մրցանակներ է ստացել, Կոսովոյում պատերազմի լուսանկարի համար արժանացել է World Press Photo-ի գլխավոր մրցանակին: PanARMENIAN.Net-ը զրուցել է նրա հետ իր վտանգավոր մասնագիտության և ցեղասպանության վավերագրության մասին:

Մասնատված քաղաքները

Ամեն ինչ սկսվեց քաղաքականության, կրոնի կամ պատերազմի պատճառով մասնատված քաղաքների հմայքից: Դրդապատճառները տարբեր էին. օրինակ՝ քաղաքականությունը կամ հարստությունը: Այդպես ինձ հմայիչ թվաց մասնատված քաղաքների մտահղացումը: Որոշ ժամանակ Բեռլինում էի ապրում: Մտածեցի, որ հետաքրքիր է լինել կրոնական պատճառով մասնատված Եվրոպայի մի մասը: Եվ որոշեցի գնալ Բելֆաստ, որտեղ այդ ժամանակ դրամատիկ իրադարձություններ էին ծավալվում (Հյուսիսայի Իռլանդիայում էթնո-քաղաքական հակամարտություն էր` տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ բրիտանական իշխանությունների ու տեղական աջակողմյան կաթոլիկ և ազգային կազմակերպությունների միջև վեճի պատճառով.- խմբ.): Այնտեղ իմ տեսած բռնություններն ու սպանությունները չափազանց շատ էին:

Յան Գրարուփն այս լուսանկարն արել է Կենտրոնական Աֆրիկայում: Լուսանկարում պատկերված է հակաբալաքյան ոստիկանական խումբ, որը ցույց է տալիս, թե ինչ կանի մահմեդականներին հասնելու դեպքում

Աղքատներն ու հարուստները

Նույնիսկ ամենամռայլ վայրում մարդասիրություն կա: Ինձ համար ավելի հետաքրքիր է, թե ինչպես են մարդիկ հավաքվում խմբերով և շարունակում գոյատևել պատերազմական տարածաշրջաններում կամ այնպիսի իրավիճակներում, երբ ցեղասպանության նման վայրագություններ են իրականացվում: Հետաքրքիր է, որ ամենաաղքատ երկրներում ավելի շատ եմ հանդիպել մարդասեր և նրբանկատ մարդկանց, քան եվրոպական երկրներում: Մարդիկ ինչքան շատ գումար ունեն, կարծես, այդքան քիչ են հոգ տանում մյուսների մասին: Ինձ համար դա իսկապես հետաքրքիր երևույթ է: Միաժամանակ կարծում եմ, որ արդյունաբերական աշխարհը՝ Արևմտյան աշխարհը, պետք է օգնի քիչ զարգացած երկրների քաղաքացիներին: Պատմությանը հայացք նետելով համարում եմ, որ Արևմտյան քաղաքակրթությունը պատասխանատու է Աֆրիկայում իր գաղութների զարգացման համար: Փախստականների ներգաղթը չեմ ողջունում, սակայն այժմ ճգնաժամն այնքան մեծ է, որ պետք է ինչ-որ բան ձեռնարկել:

Զինվորական համազգեստով երկու պաղեստինցի տղայի լուսանկարն արվել է Ֆաթահի նահատակի հողարկավորության արարողության ժամանակ: Դա 2000-2005 թվականներին էր Պաղեստինի և Իսրայելի միջև բռնությունների սրացման ընթացքում, այսպես կոչված, երկրորդ հանդարտման պահին: Լուսանկարն արվել է Ռամալայում՝ Հորդանան գետի արևմտյան ափին

Սոմալի

Սոմալիում թիկնապահներ էի վարձել, քանի որ հակառակ դեպքում մեկ ժամ էլ չէի կարողանա միայնակ աշխատել: Այնտեղ կրոնական հակամարտություն էր, որը կազմակերպել էին իսլամիստական ծայրահեղական ահաբեկչական կազմակերպությունները: Հակառակ կողմից կրոնական խմբակցություններն էին, որոնք ուզում են խալիֆայություն կամ Իսլամական պետություն ստեղծել: Այս խմբակցությունների միջև գոյատևել փորձողը բնակչությունն է. հենց այդ բնակչությանն էլ նվիրված է անդրադարձս:

2013թ., Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշում ձկնորսն իր ուսերին տանում է օրվա որսը՝ 120 կգ քաշով շնաձկանը: Ձկնորսությունն ու ծովահենությունն այն քիչ մասնագիտություններից են, որոնք զարգանում են քաղաքացիական պատերազմից տուժած երկրում՝ մրցակցությունը դարձնելով գրեթե անիրական

Իմ մասնագիտությունը

Հաճախ միայնակ եմ աշխատում, միայնակ էի նաև Ռուանդայում: Երբ իրավիճակը վտանգավոր դարձավ, տեղափոխվեցի: Սոմալիում թիկնապահներ էի վարձել, քանի որ հակառակ դեպքում մեկ ժամ էլ չէի կարողանա աշխատել: Վտանգավոր աշխատանք է, բայց մենակ եմ ճանապարհորդում, քանի որ խմբով ճամփորդելը հետաքրքիր չէ՝մարդիկ նույն բաներն են անում, ինչի պատճառով էլ ինձ չեն հետաքրքրում դասական շրջագայությունները:

Ես 4 լեզու գիտեմ, և դա ինձ մի փոքր օգնում է, բայց անհրաժեշտության դեպքում աշխատում եմ նաև թարգմանիչների ու տեղացիների հետ, որոնք օգնում են հասկանալ խրթին խոսքը: Այստեղ էլ՝ Երևանում, ես կկարողանայի աշխատել փողոցներում, բայց չէիկարողանա հասկանալ քաղաքի «խորությունը»: Միշտ էլ տեղացու օգնության կարիքն է լինում, օրինակ՝ երբ պետք է լինում հասկանալ պատմությունները: Բայց ինձ համար լավ ֆոտոլրագրողը հետաքրքրասեր ֆոտոլրագրողն է: Պետք է հետաքրքրված լինես մարդկանց կյանքով, ուզես ճանապարհորդել, ծանոթանալ նոր տեղանքին, նոր մարդկանց ճանաչել, հասկանալ տեսանելի ու քողարկված կյանքը: Ես չեմ ուզում գնալ որևէ վայր և պարզապես նայել միայն տեսանելի երևույթներին, այլ ուզում եմ ինտեգրվել պատմությանը: Որևէ նախագիծ սկսելու համար նախ պետք է ամբողջապես ընկալեմ դրա պատմությունը:

2005-ի հոկտեմբերի 8-ին երկրաշարժից ոչնչացվեց Պակիստանի Քաշմիր նահանգի Բալաքոտ քաղաքը: Երեք օր անց վարսավիրը սպասարկում էր քաղաքի տղամարդկանց

Ցեղասպանությունը

Ինձ համար ցեղասպանությունն այն է, որ մարդկանց որոշակի խումբ փորձում է ոչնչացնել մեկ այլ խմբի, բնաջնջել երկրագնդի երեսից, կազմակերպված հարձակմամբ ազատվել մեկ այլ խմբից` իրագործելով էթնիկ զտում` ինչպես այստեղ էր կամ Ռուանդայում:

Աշխարհն ու ցեղասպանությունը

Գերմանիայում հրեաների ոչնչացումը ցեղասպանություն էր: Ցեղասպանություն էր նաև Ռուանդայում 100.000 թուտսիների սպանությունը, որովհետև հակամարտության հիմքում ոչ պատերազմն էր, ոչ էլ իրար դեմ կռվող երկու խումբ: Դա այն է, երբ մի խումբ որոշում է ոչնչացնել մեկ այլ խմբի ոչ թե իշխանության պատճառով, այլ նրանց կրոնի, հավատքի, արտաքինի համար: Մեծ տարբերություն կա հակամարտության, կանոնավոր պատերազմի և ոչնչացման փաստի:

2004-ին Սլովակիան միացավ ԵՄ-ին: Լքված երեխայի այս լուսանկարն արվել է՝ որպես գնչուների և այլ փոքրամասնությունների՝ ԵՄ ընդլայնման ընթացքում իրավազուրկների վկայություն

Ես ու ցեղասպանությունը

Տարիների ընթացքում հանդիպել եմ մարդկանց, որոնցից շատ բան եմ սովորել: Մարդասիրությունն ու կարեկցանքն են մարդուն տարբերում կենդանուց: Երբ անցնում ես պատերազմի միջով, որում մարդիկ իրենց կենդանու պես են պահում, ոչնչացնում միմյանց, ինչպես անցյալ տարի Կենտրոնական Աֆրիկայում էր, հասկանում ես, որ մեր և կենդանիների միջև միակ տարբերությունը հենց մարդասիրությունն ու կարեկցանքն է: Ես տեսել եմ ամենավատ բանը, ինչ կարող է մարդն անել իր նմանի հետ, բայց եղել եմ նաև այնպիսի իրավիճակներում, երբ մարդիկ չունեին տալու կամ կիսելու որևէ բան, սակայն, միևնույն է, ինձ ներս էին թողնում իրենց կյանք: Ես արտոնյալ եմ, բայց դա շատ ծանր կյանք է: Եթե այն քո վրա չի ազդում, նշանակում է շատ դաժան մարդ ես:

Սահմանափակումները

Կարծումեմ՝ լուսանկարել պետք է ամեն ինչ, բայց այդ ոչ բոլոր լուսանկարներն է պետք ցուցադրել: Պատերազմական իրավիճակը կամ աղետն ամենահարմար վայրը չեն լուսանկարները խմբագրելու համար: Պետք է անել բոլոր հնարավոր նկարները, ինչից հետո տանը խմբագրել դրանք: Կա ևս մի կետ. Պատմական տեսանկյունից լուսնակարները տարիներ անց են կարևոր դառնում: Շատ վատ կլիներ, եթե չլինեին Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափելի լուսանկարները, որովհետև այսօր դրանք շատ կարևոր, պատմական փաստ են: Միայն երազել կարելի էր, որ Հայոց ցեղասպանությունը պատկերող լուսանկարներն ավելի շատ լինեին, որպեսզի կարողանայինք ունենալ կատարվածի ավելի շատ լուսանկարված ապացույցներ:

2013թ., Մոգադիշու, Սոմալի: «Ալ-Շաբաբ»-ի գրոհայինների ձեռքով ոչնչացրած ռուսական բեռնատար ինքնաթիռի մնացորդներն են Սոմալիի մայրաքաղաքում

Ինչ և ինչպես ցուցադրելու էթիկայի չափանիշներն, ըստ իս, որոշում է լուսանկարիչը: Կենտրոնական Աֆրկայում արված բազմաթիվ լուսանկարներ եմ տեսել, որոնք նման էին իմ լուսանկարներին, ուղղակի իմ լուսանկարներն ավելի գեղագիտական են և ստիպում են նայել, մինչդեռ մյուսներն ավելի պարզ էին և արյուն ու բռնություն էին պատկերում: Լուսանկարն իր նպատակին չի ծառայի, եթե այնքան դաժան է, որ չես կարող նայել դրան: Ես ուզում եմ, որ իմ արած նկարները երկար կյանք ունենան:

Վահան Ստեփանյան / PAN Photo, լուսանկարները՝ Յան Գրարուփի