24 ապրիլի 2016 - 15:40 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ռեյմոն Գևորգյան.
Համահայկական խորհուրդը պետք է լուրջ հիմքերի վրա դնի ցեղասպանության հատուցման համար պայքարը
Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման և հատուցման համար հայության պայքարը Ցեղասպանության 100-րդ տարելիցով ոչ միայն չի սահմանափակվում, այլև նոր թափով շարունակվում է նաև այսօր։

Ապրիլի 23-ին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում PAN-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ֆրանսահայ ականավոր պատմաբան, «Հայոց ցեղասպանություն․ ամբողջական պատմություն» գրքի հեղինակ Ռեյմոն Հարություն Գևորգյանը։ Ստորև ներկայացնում ենք պատմաբանի հետ հարցազրույցը։

Մեկ տարի առաջ ընդունվեց Համահայկական հռչակագիրը, նախանշվեցին համայն հայության անելիքները Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հետևանքների հաղթահարման հարցում։ Ձեր կարծիքով, ի՞նչ հանգրվանի ենք հասել այժմ այս առումով, և ի՞նչ անելիքներ կան։
Կարծում եմ, որ արդեն զգալի աշխատանք է կատարվել, թե պատմաբանների, թե իրավագետների կողմից, և ոչ միայն ճանաչման առումով։ Ցեղասպանության 100-րդ տարելիցին Համահայկական խորհուրդ ձևավորելու որոշում ընդունվեց: Եվ հիմա հիմնական խնդիրը հետևյալն է՝ Համահայկական խորհուրդը պետք է լավագույն մասնագետների խմբեր ստեղծի, որոնք պետք է համակարգված կերպով աշխատեն հատուցման ուղղությամբ։ Դրա համար երկարատև աշխատանք է պահանջվում, որոշ աշխատանքներ կարող են երկու-երեք տարի տևել։ Բացի այդ, Համահայկական խորհուրդը պետք է կարողանա լուրջ հիմքերի վրա՝ քաղաքական մակարդակով խնդիրներ դնել հատուցման ուղղությամբ և որոշ ուղղություններ ճշտել։ Այստեղ ավելի շատ աշխատելակերպի հարցն է, քան բուն սկզբունքային հարցերը։

Կա՞ արդյոք սկզբունքային հարցերի շուրջ ընդհանուր համոզում, կոնսենսուս, թե, ի վերջո, որոնք են մեր նպատակները, ի՞նչ ենք պահանջում Թուրքիայից։
Կարծում եմ, որ հատուցման խնդիրը պետք է ավելի ընդհանրական դիտարկել և դուռը բաց պահել այդ ուղղությամբ։ Այստեղ անհրաժեշտ է փուլ առ փուլ աշխատել, օրինակ խմբերից մեկը կարող է աշխատել Թուրքիայի տարածքում գտնվող մեր մշակութային ժառանգության, հայկական հուշարձանների խնդրով․ կարծում եմ՝ սա կարող է հատուցման ուղղությամբ մեր առաջին քայլերից մեկը լինել։ Նույն կերպ և Սիսի կաթողիկոսարանի վերադարձի համար պայքարը։ Մարտավարության հարց է։

Տեղյակ եմ, որ այժմ Փարիզում ստեղծված մի խումբ Թուրքիայում գտնվող հայկական շուրջ 100 հուշարձանի վերաբերյալ հետազոտություն է իրականացրել և համապատասխան պահանջագրով արդեն դիմել են թուրքական իշխանություններին։ Ավելի շատ բարոյական հարթության վրա է նրանց կատարած աշխատանքը, բայց դա էլ այն եղանակներից մեկն է, որը ոճրագործ պետության ժառանգորդներին թույլ կտա թեկուզև բարոյական մակարդակով փոքր-ինչ քավել իրենց մեղքը։

Մասնագիտական շրջանակներում, հատկապես հրեա ցեղասպանագետների կողմից երբեմն նկատելի է որոշակի միտում՝ «բացառիկացնելու» Հոլոքոստը և դրա համեմատությամբ նվազեցնելու Ցեղասպանության և դրա հետևանքների նշանակությունը, մյուս կողմից, սակայն, առկա է Ցեղասպանության հետևանքով հայերի հայրենազրկման փաստը։ Արդյո՞ք գիտական հանրությունը ամբողջության մեջ է ընկալում Ցեղասպանության խնդիրը։
Այս առումով միանշանակ մոտեցում չկա ինչպես պատմաբանների շրջանում ընդհանրապես, այնպես էլ հենց հրեա գիտնականների շրջանում։ Ֆրանսիայում, օրինակ, հրեական շրջանակների մեծամասնությունը չի տարանջատում և համոզված է, որ միայն տարբեր ցեղասպանությունների, այդ թվում՝ Հոլոքոստի ու Հայոց ցեղասպանության համեմատական աշխատանքների միջոցով է հնարավոր կենդանի պահել հիշողությունը այդ ոճիրների վերաբերյալ։

Ուստի այս մոտեցման շնորհիվ, օրինակ անցյալ տարի, հնարավոր եղավ Փարիզի Շոայի թանգարանում ցուցադրություն կազմակերպել, իսկ Ցեղասպանության թեմային նվիրված գիտաժողովներին մեծ թվով հրեա գիտնականներ էին նաև մասնակցում։ Ներկայում ոչ միայն գիտական, այլև կրթական ու իրազեկման աշխատանքների մակարդակով շատ կարևոր է հենց տարբեր ցեղասպանությունների ընդհանրությունները վեր հանելը։ Մեր մոտեցումների հիմնական շեշտադրումներից մեկն էլ այն է, որ Հայոց ցեղասպանությունը միայն հայերի խնդիրը չէ, այն համամարդկային կարևորության խնդիր է։

Ուզում եմ շեշտել, որ Ցեղասպանության հարցը մեզ համար Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միակ միջոցն է։ Այսօր Հայաստանը, ուզենք թե չուզենք, Թուրքիայի սպառնալիքի տակ է, այն առումով, որ այսօր էլ Թուրքիան իր ժխտողականությամբ շարունակում է ցեղասպանական գիծը, սակայն բոլորը չէ, որ սա հասկանում են։ Մեր խնդիրն է կենտրոնացնել ջանքերը՝ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, հետևաբար նրա ցեղասպանական գործելակերպի շարունակականությունը մշտապես պահել աշխարհի ուշադրության կենտրոնում։

Սամսոն Հովհաննիսյան/PanARMENIAN.Net