26 մայիսի 2017 - 21:21 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀՀ բոդիբիլդինգի փոխչեմպիոն Լևոն Հովհաննիսյան.
Պրոֆեսիոնալ սպորտը կապ չունի առողջ ապրելակերպի հետ
Մայիսի 24-ին Հայաստանի բոդիբիլդինգի ազգային ֆեդերացիան հերթական անգամ անցկացրեց բոդիբիլդինգի, դասական և լողափային բոդիբիլդինգի, ինչպես նաև ֆիթնես բիկինիի հայաստանյան փակ առաջնությունը: Առաջնությունում առաջին և երկրորդ տեղերը գրաված մարզիկները հնարավորություն ստացան ներկայացնելու Հայաստանը մայիսի 27-ին Վրաստանում անցկացվող Black Sea Cup 2017 միջազգային մրցաշարին:

PanARMENIAN.Net -ը ներկա է գտնվել մրցումներին, զրուցել է կին-մասնակիցների, ինչպես նաև հայտնի բոդիբիլդեր և ֆիթնես մարզիչ Լևոն Հովհաննիսյանի հետ, ով այս տարի դարձավ Հայաստանում բոդիբիլդինգի փոխչեմպիոն: Լևոնի հետ PAN-ը խոսել է թե՛ մրցումների ընթացքում, թե՛ դրանցից հետո՝ պարզելով հետաքրքիր մանրամասներ բոդիբիլդինգի, Հայաստանում դրա մակարդակի, ֆինանսական կողմի և երիտասարդ սպորտսմենի մարզչական գործունեության մասին:

Դահլիճում միայն քո անունն էր հնչում, անկախ նրանից, թե ով էր բարձրանում բեմ, բոլորը կանչում էին «Լևոն»: Քանի՞ տարի ես զբաղվում սպորտով և բոդիբիլդինգով, մասնավորապես:
Արդեն 10 տարի զբաղվում եմ ֆիթնեսով, մասնավորապես՝ բոդիբիլդինգով, չնայած չափսերով այդքան էլ մեծ չեմ:

Իսկ բոդիբիլդինգի առաջնությանը քանի՞ անգամ ես մասնակցել:
2007-ից մասնակցում եմ, ընթացքում 2 տարի բաց եմ թողել զինվորական ծառայության մեջ գտնվելու պատճառով: Վերադառնալուց հետո ամեն տարի պատրաստվել և մասնակցել եմ: Միջազգային մրցումներում՝ Black Sea Cup 2016-ին, նվաճել եմ բրոնզե մեդալ, Հայաստանում լողափային բոդիբիլդինգի մրցաշարին նախորդ տարի նույնպես բրոնզ եմ նվաճել:

Որքա՞ն ժամանակ ես պատրաստվել հենց այս մրցումներին:
5 ամիս, որից 3-ն աշխատել եմ քաշիս ավելացման ուղղությամբ, իսկ 2 ամիս՝ չորացման, երբ մաշկի տակից հանում են ջուրը՝ հնարավորինս պահպանելով չափսերը, որպեսզի մկաններն ավելի ցայտուն երևան, որակյալ լինեն, մեկը մյուսից առանձին:

Մարդիկ տեսնում են բոդիբիլդերների արտաքինը, բայց չգիտեն՝ ինչ կա դրա հետևում: Պատմիր՝ ի՞նչ ռեսուրսներ են ծախսվել այս ամենին հասնելու համար, մասնավորապես՝ ի՞նչ գումարի մասին է խոսքը:
5 ամսում թե՛ սպորտ սննդի, թե՛ այլ հավելումների վրա, որոնք բոդիբիլդերներն օգտագործում են, ծախսել եմ մոտ $6000, եթե ոչ ավելի: Անցած տարի գրեթե նույնքան էի ծախսել: Ընդհանրապես մեր բոլոր մասնակից բոդիբիլդերները միջինում $4-5000 են ծախսել:

Իսկ ինչ-որ մրցանակային ֆոնդ կա՞, այդ գումարի գոնե որոշ չափը կվերադառն՞ա մրցույթից:
Մրցանակային ֆոնդ Հայաստանում չկա: Այս ամենը ես անում եմ ինքս ինձ համար, բոլորին ցույց տալու համար, որ իմ մասնագիտական գիտելիքները գտնվում են համապատասխան մակարդակի վրա: Մրցումներից այդ գումարը, բնականաբար, չի վերադառնում: Սա թանկ հաճույք է, պետք է բավականաչափ գումար տրամադրել մասնակցելու հնարավորություն ունենալու համար: Ես վաստակում եմ՝ զբաղվելով անհատական մարզչական գործունեությամբ, ինչպես նաև պայմանագիր ունեմ խոշոր ընկերության հետ, որը նույնպես իր հերթին նպաստում է իմ ֆինանսական առաջխաղացմանը:

Գումարը չի վերադառնում ուղղակի կերպով, իսկ արդյո՞ք մասնակցությունն այս առաջնությանը բացում է քո առջև որևէ դուռ, միգուցե դա կնպաստի՞ գովազդային առաջարկ ստանալուն:
Առաջարկ կարող է լինել կամ չլինել, հստակ ասել ոչինչ չեմ կարող: Ուղղակի փորձում եմ հաճույք ստանալ ընթացքից, ակնկալիքներ չունեմ:

Իսկ Հայաստանից դուրս ի՞նչ կարող էր տալ քեզ այսպիսի մրցույթը:
Դրսում մրցակցությունը շատ ավելի բարձր է, բայց դրան համապատասխան նաև արդյունքները շատ ավելի մեծ են՝ սկսած սպորտային սնունդ արտադրող ընկերությունների կողմից գովազդային առաջարկներից մինչև տարբեր ամսագրերի շապիկներին հայտնվելու և հարցազրույցներ տալու, նկարահանումներին մասնակցելու հնարավորություն: Հայաստանում դեռ այս ամենի մասին խոսել վաղ է, բայց պատրաստ եմ այս հարցում պիոներ դառնալ և առաջին հարվածն ինձ վրա վերցնել:

Շա՞տ բաներից ես զրկել քեզ այս ընթացքում:
Գրեթե ամեն ինչից, պետք է ամբողջությամբ նվիրվել այս մարզաձևին:

Իսկ ֆիզիկական ի՞նչ ռեսուրսներ են ծախսվել, առողջությանը հասցված վնասը մե՞ծ է:
Հայաստանում մարդիկ քիչ են տեղեկացված բոդիբիլդինգի մասին, ու շատ քչերը գիտեն՝ ինչի միջով ենք անցնում բեմական այս վիճակին հասնելու համար: Օրգանիզմի հետ մի շարք մանիպուլյացիաներ են կատարվում, կան սեփական օրգանիզմը խաբելու տարբեր միջոցներ, որոնք թույլ են տալիս մաշկի տակից հանել հեղուկը՝ փորձելով միաժամանակ պահպանել մկանների որակն ու չափսերը: Այդ ամենը, իհարկե, շատ մեծ հետք է թողնում առողջության վրա: Մինչև մրցումներն ինքս ինձ թույլ չէի տա ասել, բայց այժմ արդեն կարող եմ խոստովանել, որ լյարդս ցավում է, զգում եմ, որ երիկամներս լավ չեն աշխատում:

Միշտ ասել եմ և չեմ դադարի կրկնել՝ պրոֆեսիոնալ մակարդակի սպորտը բնավ կապ չունի առողջ ապրելակերպի հետ, չնայած, որ ինքս լավ տիրապետում եմ առողջ ապրելակերպի բոլոր նորմերին: Ես քաջ գիտակցում եմ ընտրությանս հետևանքները: Թեև ասեմ, որ ունենալով գիտելիքներ և ժամանակին ճիշտ պրոֆիլակտիկ ստուգումներ անցելով՝ վնասը կարելի է հասցնել նվազագույնի, իսկ հետո վերականգնել առողջությունը:

Ի՞նչ տվեց քեզ մասնակցությունն այս մրցումներին:
Հոգեկան բավարարվածություն, ասում եմ սա առանց հեգնանքի: Եթե չմասնակցեի, ինքս ինձ կմեղադրեի դրա համար: Եթե մեջդ կա մարզիկի, մարտիկի արյուն, բնությանը դեմ չես գնա, անկախ նրանից, որ հարազատներդ կարող են դրան դեմ լինել, և շատերը շրջապատում կարող են քեզ չհասկանալ: Եթե դու դրանից հաճույք ես ստանում, ուրեմն դա քոնն է, և ոչ ոք չի կարող քեզ դրանից զրկել: Եթե պայքարում ես, անում ես դա նախ և առաջ ինքդ քեզ գերազանցելու համար: Երբ ինքնագնահատականդ պահում ես անհրաժեշտ մակարդակի վրա, նպաստում ես առաջընթացիդ, աճիդ:

Դու ծախսել ես մեծ գումար, զրկել ես քեզ հաճույքներից, վնասել առոջությանդ, փոխարենը չկար մրցանակային ֆոնդ, հաղթող ատլետները, այդ թվում և դու, ստացան մեդալներ, պատվոգրեր և սիմվոլիկ նվերներ սպորտային շեյքերի ու մեկական տուփ հավելումների տեսքով: Այժմ եթե դնենք նժարների վրա քո ծախսած ռեսուրսները և դրա դիմաց ստացածը, արդյոք արժե՞ր մասնակցել:
Բոլոր սառը և սթափ դատող մարդիկ կասեն, որ բնականաբար չարժե: Բայց ինձ համար սա նախ և առաջ ապրելակերպ է: Ես այս սպորտով ապրում և գումար եմ վաստակում: Եվ եթե ես սեփական օրինակի վրա ցույց չտամ կոնկրետ արդյունք, այս դեպքում՝ վիզուալ, որպեսզի մարդիկ նայեն և տպավորվեն, ես ուղղակի չեմ լինի այն, ինչ կամ: Սա նաև կնպաստի հետագայում իմ ավելի լավ վաստակելուն, պահանջված լինելուն:

Ընդհանրապես բոդիբիլդինգը շատ քննադատվող մարզաձև է: Իսկ ինչպիսի՞ արձագանքներ ես ստանում դու:
Դա գալիս է քիչ տեղեկացված լինելուց: Չնայած դա մի կողմից նաև վատ չէ, քանի որ բոդիբիլդինգի աշխարհը շատ կոռումպացված է, փակ, բացի ապրելակերպ լինելուց, այլև առանձին գիտություն է, որին լավ չտիրապետելու դեպքում կարելի է զգալի վնաս պատճառել առողջությանը: Սակավ ինֆորմացիան հեռու է պահում դրանից: Մարդիկ կան, որոնք լինելով պարզապես «բազմոցային փորձագետներ», տանը նստած և կյանքում երբևէ բեմը մոտիկից չտեսած՝ քննադատում են մեզ, բավականաչափ տեղեկություններ չունենալով: Ես դրան լուրջ չեմ վերաբերվում:

Փոխարենը կասեմ, որ բազմաթիվ շնորհավորանքներ ու ջերմ խոսքեր եմ լսում մրցումներից հետո, թեև ինքս գոհ չեմ արդյունքից՝ 2-րդ տեղն այն չէ, ինչ ուզում էի: Բայց ես համաձայն եմ արդյունքի հետ, այն օբյեկտիվ է, առաջին հորիզոնականը գրաված Մայիս Թորոսյանն իսկապես լավ բոդիբիլդեր է՝ չափսերով, որակով, նա արժանի հաղթանակ է տարել: Երրորդ հորիզոնականը զբաղեցրած, Արցախը ներկայացնող Հայկը ևս շատ գեղեցիկ բեմական կեցվածքով ու խարիզմատիկ ատլետ է, անգամ համաձայն կլինեի, որ իմ փոխարեն երկրորդ տեղը գրաված լիներ:

Դու գրավել ես 2-րդ տեղ, իսկ դա նշանակում է, որ կարող ես մեկնել Վրաստան՝ Black Sea Cup միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնելու: Մեկնելո՞ւ ես:
Ես ունեմ համապատասխան որակավորում, պաշտոնական հրավեր, մասնակցության իրավունք, բայց կա իմ չմեկնելու պարզ ու հիմնական պատճառ՝ ֆինանսական վիճակը: Երկիրը դա չի ֆինանսավորում: Ճիշտ է, գտնվեցին բարի մարդիկ՝ սկսած մեր մարզասրահների ցանցի տնօրինությունից մինչև իմ հարազատներ և ընկերներ, որոնք առաջարկեցին ֆինանսական աջակցություն, բայց այս պահին ես հոգեպես պատրաստ չեմ մրցումներին մասնակցելուն:

Ինչի՞ց է բխում հիասթափությունդ, և մոտավորապես ի՞նչ գումարի մասին է խոսքը:
Ոչ շատ մեծ՝ մոտ 200 դոլարի մասին: Ծախսերս շատ էին, դրա մասին արդեն ասացի: Եվ այս պահին, անգամ եթե ֆինանսները թույլ տային, ես կգերադասեի կարգավորել առողջությունս, ոչ թե մեկ անգամ ևս բեմ բարձրանալ:

Մարզչական գործունեությանդ մասին էլ պատմի՛ր: Քանի՞ տարի ես աշխատում որպես մարզիչ, ի՞նչ փոփոխություններ ես նկատել՝ արդյոք շատացե՞լ են մարզասրահ այցելողները: Ի՞նչ պրոֆեսիոնալ խորհուրդ կտաս ընթերցողներին:
Արդեն 4 տարի անհատական մարզիչ եմ աշխատում: Վստահ կարող եմ ասել, որ ամիս առ ամիս այցելուների քանակն աճում է: Ես միշտ խորհուրդ եմ տալիս սնվել առնվազն 2.5-3 ժամը մեկ: Բոլորս էլ ունենք աշխատանք, միշտ չէ, որ հարմար է, մանավանդ գրասենյակային համակարգում աշխատողների համար, բայց կան տարբերակներ այդ ամենը գեղեցիկ անելու: Աշխարհի զարգացած երկրներում, անգամ հարևան Ռուսաստանում արդեն նորմալ է համարվում, երբ մարդն իր հետ ունենում է սեփական առողջ սննդով կոնտեյներ և սնվում է դրսում առանց քաշվելու՝ պահելով ճիշտ ռեժիմը: Այդ ամենը կարելի ա շատ քաղաքակիրթ և կոկիկ անել: Դա շատ ավելի լավ է, քան այդ տարբերակից ամաչելով՝ մտնել մոտակա արագ սննդի կետն ու անառողջ սննդով վնաս հասցնել օրգանիզմին, ուղեղի գործունեությանը: Ռեժիմով սնվելը բարձրացնում է աշխատունակությունը:

Եվ կուզեի նաև ավելացնել, որ քաշ կորցնելու համար չվստահեն այն մասնագետներին, որոնք զուտ մարքեթինգային քայլ անելով՝ հասցնում են մեկ ամսում մինչև 20 կգ քաշի կորստի, դա շատ վնասակար է առողջության համար, և վստահ կարող եմ ասել, որ այդ քաշը կվերադառնա: Շատ ավելի ճիշտ է կորցնել քաշը դանդաղ հաստատուն քայլերով՝ ամսական 3-5 կգ, դա կբերի ավելի կայուն և երկարակյաց արդյունքի:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
ՖՈՏՈՇԱՐՔ