5 հունիսի 2017 - 15:26 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երբ ատում ես քեզ ու երեխայիդ.
Ինչպես պայքարել հետծննդյան դեպրեսիայի դեմ
Հետծննդյան դեպրեսիա՝ հոգեբանական, թե հոգեկան խնդիր: Առաջացման նախապայմանների ու բուժման մեթոդների մասին PanARMENIAN.Net-ը զրուցել է հոգեբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Սթրես» հոգեկան առողջության վերականգնման կենտրոնի կլինիկայի ղեկավար Սամվել Սուքիասյանի հետ:

Հետծննդյան դեպրեսիան՝ հոգեկան շեղում

Միջին հաշվով աշխարհում ծննդկանների 10-15%-ի մոտ ծննդաբերությունից հետո նկատվում են հետծննդյան շրջանի հոգեկան առողջության խանգառումներ: Նրանցից մոտ 30%-ն ունենում է հետծննդյան փսիխոզներ, մնացածի մոտ նկատվում է ուղղակի «ծննդկանի թախիծ», ավելի թեթև աստիճանի խնդիրներ, որոնք 2-3 շաբաթվա ընթացքում կարգավորվում ու անցնում են: Հայաստանում մոտավորապես նույն պատկերն է, չնայած պաշտոնական վիճակագրություն չկա:

Քանի որ գործ ունենք հոգեկան խնդիրների հետ, ցանկացած հոգեբույժ պետք է առանձին դեպքերում առանձին մոտեցում գտնի հիվանդին կամ նրա հարազատներին խնդիրը ներկայացնելու համար: Իհարկե, ոչ մեկ չի ցանկանում իրեն հոգեկան շեղումներ ունեցող մարդ ճանաչել, սակայն դա բուժման, օգնության, շտկման կարիք ունի, այլապես հիվանդությունը միայն կխորանա: Պետք է հաշվի առնել, թե ում ես ուղղորդում, գուցե մի դեպքում կարելի է բաց տեքստով ասել, այլ դեպքում՝ ուրիշ մոտեցում ցուցաբերել:

Նորածին երեխայի նկատմամբ անտարբերությունը

Հետծննդյան դեպրեսիայի հիմնական նշաններն են թուլությունը, վատ տրամադրությունը, տագնապի զգացողությունը, վախը, վերաբերմունքի փոփոխությունը ծնված երեխայի նկատմամբ: Ամենակարևոր ախտանշանը հենց երեխայի նկատմամբ անտարբերությունն է, նրանից խուսափելն ու նույնիսկ թշնամական վերաբերմունքը, ախտանշաններ են նաև մեկուսացումն ամուսնուց, ընտանիքից: Կարող են լինել թերագնահատման կամ գերագնահատման մտքեր կապված որոշակի իրական գործողությունների, դեպքերի, արարքների նկատմամբ, բայց կինը սկսում է հետին թվով վերաարժեքավորել դրանք՝ տանելով դեպի վատը: Բացի այդ՝ ավելորդ ֆիքսվածություն ամենասովորական կենցաղային հարցերի վրա, որոնց նկատմամբ կինը նախկինում անտարբեր է եղել:

Եթե կրկնվող, անհանգստացնող ինչ-որ նշան է դիտվում, պետք է դիմել մասնագետի: Նաև պետք չէ չափազանցնել. օրինակ՝ գուցե որոշակի նշաններ նորմալ են մի կնոջ համար, որն իր բնավորությամբ մելանքոլիկ է, սակայն մեկ այլ՝ ուրախ, շփվող կնոջ համար նույն նշանները սովորական չեն և կարող են ախտանիշներ լինեն:

Ակնհայտ ծանր ախտանիշներ են՝ չարությունը սեփական երեխայի նկատմամբ, ինքնասպանության, անիմաստության մասին մտքերը, հիասթափական վերաբերմունքը տվյալ կնոջ համար ամենահետաքրքիր, ամենակարևոր, ամենասիրված զբաղմունքների սկատմամբ, շարժողական արգելակումները, պասիվությունը, անընդհատ պառկելը և այլն:

Ռիսկային նախապայմանները

Ի տարբերություն այլ տեսակի դեպրեսիաների, հետծննդյան դեպրեսիայի անմիջական, պատճառական գործոնը ծննդաբերության պրոցեսն է և դրան նախորդող հղիության շրջանը, որը միանշանակ ընթանում է հորմոնալ բնույթի շեղումներով, փոփոխություններով: Ցանկացած հղի կնոջ մոտ այդ շեղումները կան, սակայն ոչ բոլորի մոտ են ձևավորվում խանգարումներ: Նշանակություն ունի ժառանգականությունը, սոցիալական, մակրոսոցիալական և միկրոսոցիոլական գործոնները, այսինքն՝ ինչ է կատարվում ընտանիքում, ինչպես են վերաբերվում հղիությանը, հղի կնոջը, երեխային:

Հարազատները չպետք է դեպրեսիայի զարգացմանը նպաստող պայմաններ ստեղծեն: Կարևոր դեր են խաղում ընտանիքում անդամների փոխհարաբերությունները, հարգանքը: Ընտանիքում բացասական ապրումները կուտակվում են, և ծննդաբերության հետ մեկտեղ բերում դեպրեսիայի:

Հենց ծննդաբերությունը վնասում է օրգանիզմին: Եթե դրան նախորդել են նաև հոգեկան տեսակի վատ ապրումներ, ապա օրգանիզնը չի կարողանում դիմադրել, արդյունքում լինում են հետևանքներ՝ աֆեկտիվ, հուզական բնույթի խանգառումներ, վախեր, ֆոբիաներ, արտահայտված տագնապային ապրումներ, վեգետատիվ բնույթի խանգարումներ և դեպրեսիվ խանգարումներ:

Ծննդաբերությանը պատրաստող հոգեբանական ծրագրեր

Հղիության շրջանում պետք է գինեկոլոգի ու հոգեբանի ուշադրություն, քանի որ, թերապևտիկ միջոցոռումների կարիք կարող է լինել: Կան հղիության ընթացքին, ծննդաբերությանը պատրաստող ծրագրեր, որոնք նույնիսկ ամուսնուն են պետք: Կնոջ՝ հետծննդյան դեպրեսիայի դեպքում նրա ամուսնու մոտ կարող է տրամադրության անկում լինել, պասիվություն, կամ ընդհակառակը՝ ակտիվ գործողություն կնոջն օգնելու համար:

Երբ հոգեբանն անելիք ունի

Հոգեբանը կարող է օգնել դեպրեսիայի թե ամենածանր, թե ամենաթեթև դեպքերում, հարցն այլ է՝ հիվանդության ո՞ր փուլում հոգեբանի աշխատանքն իմաստալից է: Եթե դա էնդոգեն դեպրեսիա է, կապ չունի իրավիճակի, հոգեբանական, սթրեսային իրադարձության, տրավմայի հետ, ուրեմն մասնագետն անելիք չունի, այստեղ պետք է սկսել միանշանակ դեղորայքային բուժումից: Երբ վիճակը կարգավորվի ու հիվանդը սկսի ավելի ադեկվատ գնահատել իրականությունը, հոգեբանը միանշանակ անելիք կունենա վերականգնողական թերապիայի մասով:

Եթե դեպրեսիան սկսվել է հոգեբանական տրավմայից, ապա հոգեբանը հոգեբույժի հետ զուգահեռ աշխատելու տեղ ունի: Ամեն դեպքում հոգեթերապևտիկ և դեղորայքային բուժում գոյություն ունի. հիվանդության ենթադրյալ նախապայմանից որոշվում է՝ որի վրա շեշտը դնել:

Վտանգները

Հետծննդյան դեպրեսիան մինչև 6 ամիս կարող է տևել, առավելագույնը՝ մինչև մեկ տարի: Եթե չբուժվի՝ վտանգները շատ են: Մայրը կարող է ինքնասպան լինել, երեխային կարող է չկերակրել և այլն: Հիվանդների մոտ 40%-ի դեպքում այդ տարբերակն այլևս չի կրկնվում, մյուս 60%-ի մոտ հավասարաչափ՝ կամ կրկնվում է, կամ ժամանակ առ ժամանակ առաջանում, կամ քրոնիկ դառնում:

Ընդ որում, նախորդ երեխաների նկատմամբ զգացմունքները, վերաբերմունքը կարող են պահպանված լինել:

Կարծրատիպեր. Երեխայիդ չես նայել՝ մարդ չես

Ավանդաբար կինը եղել է մեկուսացված, կտրված, հասարակությունը դարերի ընթացքում սահմանափակումներ է ընդգրկել: Այսօր թվացյալ լիբերալ հասարակությունը կնոջը, իրենց համոզմամբ, լայն հնարավորորություններ է տալիս: Ուզում ես առաջ գնալ, կարիերա անել, չէ՞ որ խելքով պակաս չես տղամարդուց: Բայց հասարակությունը քեզ չի ընդունում: Այս պայմաններում երեխա աշխարհ բերելու կնոջ դերը այսօր կամ հազար տարի առաջ չի կարող նույն կերպ իրականացվել և գնահատվել:

Օրինակ, երեխային վնաս պատճառելու դեպքում քննիչի մոտ պետք է հարց առաջանա, գուցե մայրն անգիտակից, արգելափակված վիճակում է գտնվել և բժշկական փորձաքննություն է պետք:

Հասարակությունում կարծրատիպեր կան. եթե երեխայիդ չես հետևել՝ ուրեմն մարդ չես: Բայց չէ որ անտարբերության ու չխնայելու պատճառը կարող է հիվանդությունը լինել: Բուժել, օգնել է պետք, ոչ թե մեղարդել:

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net