22 հունիսի 2017 - 15:30 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ջիու-ջիցուն ՀՀ-ում զարգացնելու համար ֆինանսներ են պետք.
Վին Դիզելի ու Լավել Քրոուֆորդի մարզիչը՝ Երևանում
Ալբերտո Կրեյնը բրազիլական ջիու-ջիցուի 5-րդ ստիճանի սև գոտի ունի: Կռվել է ԱՄՆ-ի Ultimate Fighting առաջնությունում, King of the Cage և Ring of Fire ակադեմիաների թեթև քաշային կարգում նախկին չեմպիոն է, ունի բազմաթիվ նվաճումներ թե որպես ջիու-ջիցու ու խառը մարտարվեստի մարզիկ, թե որպես մարզիչ: Հունիսի սկզբին Ալբերտո Կրեյնը Հայաստան էր եկել՝ երկիրը տեսնելու և այստեղ բրազիլական ջիու-ջիցու մարզվողների հետ ծանոթանալու համար: PanARMENIAN.Net-ը զրուցել է հայտնի մարտիկի ու մարզչի հետ:

Դեպի Հայաստան ճանապարհի մասին

Առաջին անգամ եմ այստեղ և հասցրեցի սիրել Հայաստանը: Կինը, ում հետ ամուսնացած եմ արդեն 11 տարի, ծագմամբ հայ է: Երեխաներիս անունները հայկական են. տղայինս՝ Սևան, զույգ աղջիկներինը՝ Սերինե և Սոնա: Հայաստանում եմ եկել եմ ընտանիքիս հետ:

Կնոջս հետ մի քանի տարի պլանավորում էինք Հայաստան այցելել, երեխաների հետ միասին, 2013-ին իմ աշակերտը՝ Արին Աջամյանը, եկել էր Հայաստան և հանդիպել ՀՀ-ում ջիու-ջիցուով զբաղվող մարզիկների հետ` Կարապետ Սահակյանի, (խմբ.- ՀՀ-ում բրազիլական ջիու-ջիցուի Draculino թիմի մարզիչ, Ալբերտո Կրեյնի աշակերտ, PAN Photo-ի լուսանկարիչ), Արտակ Մուղնեցյանի (Draculino թիմի մարզիչ), Ռուբեն Միլիրյանի, Անդրանիկ Հարությունյանի (բրազիլական ջիու-ջիցուի Rio grappling club Armenia թիմի մարզիչներ) հետ, այնպես որ պլանավորում էի նրանց հանդիպել Երևանում: Հայաստան եմ եկել ընտանեկան, զբոսաշրջային նպատակներով, բայց նաև հնարավորություն բաց չեմ թողնում և ամեն օր ջիու ջիցուով եմ զբաղվում:

Հիմնական ժամանակս անցկացնում եմ Երևանում, բայց նաև այցելում եմ այլ վայրեր, ծանոթանում Հայաստանի մշակույթին ու պատմությանը: Ինձ շատ է դուր գալիս, որ Երևանը հարմար է երեխաների հետ ժամանակ անցկացնելու համար, նաև այն, թե ինչքան եվրոպական է մայրաքաղաքը՝ չնայած գտնվում է նաև Արևելքին մոտ:

Հաճույք եմ ստանում հին տեսարժան վայրերից, որոնք տեսել եմ Գառնիում, Գեղարդում, նաև շատ հետաքրքրիր է Ցեղասպանության հուշահամալիրը: Շատ լուսանկարներ եմ անում, երեխաներս նույնպես հետաքրքրված են: Իսկ մարդիկ այստեղ, ինչպես նաև մշակույթը, այդքան էլ չեն տարբերվում ԱՄՆ-ից: Հավանում եմ հայերին:

Հայաստանում ջիու-ջիցուի մրցումներ անցկացնելու մասին

Ինչքան տեղյակ եմ, այստեղ ունեք մի քանի MMA (Mixed Martial Arts – խառը մենամարտ) մրցումներ, նույնիսկ տեսանյութեր նայեցի, որտեղ հայ երեխաներ էին մենամարտում: Իհարկե, դա ձեր մարզական մշակույթի մի մասն է՝ լավ ըմբիշներ ունենալը:

Բավականաչափ տեղեկացված չեմ առանձին մարտարվեստների մասով, ինչպիսին է, օրինակ, ջիու-ջիցուն, բայց կարծում եմ՝ այն կարող է զարգանալ: Մարդիկ այստեղ սիրում են նմանատիպ ոճի մարտարվեստներ. ըմբշամարտ, բոքս, որոնք շատ մոտ են, և ջիու-ջիցուում էլ կարող եք ունենալ լավ մարզիկներ: Հայաստանում այդ մարզաձևի զարգացման համար ինձնից կախված ամեն բան կանեմ:

Կարդացեք նաև՝ Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում. Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի

Նոր մարտարվեստներ

Կարծում եմ՝ դժվարությունը նրանում է, որ դրանք նոր մարտարվեստներ են Հայաստանում: Օրինակ, ջիու-ջիցուն զարգացնելու համար ժամանակ է պետք, բացի այդ, ֆինանսական ենթակառուցվածքը, կարծես, նույնպես այդքան լավ վիճակում չէ, բայց այստեղ մարդիկ շատ լավ գործ են անում, լավ են մարզում:

Ջիու-ջիցուի երկու մարզիկ՝ Անդրանիկ Հարությունյանը և Կարո Միրիբյանը, Հայաստանից Աբու Դաբիում մասնակցել են միջազգային մրցումների: Նրանք կարողանում են մրցել միջազգային մակարդակի վրա, ներուժը մեծ է:

Իր մոտ պարապող աստղերի մասին

Հայտնի ամերիկացի հումորիստ Լավել Քրոուֆորդը (Lavell Crawford) և նրա որդին մեզ մոտ էին մարզվում, վերջերս մեկ այլ նահանգ տեղափոխվեցին: Ջոուի Դիազը, ով նույնպես հայտնի հումորիստ է, մեր մարզասրահ է գալիս: Սպորտային մեկնաբան Ջո Ռոգանն էլ մեր լավ ընկերն է: Նույնիսկ Վին Դիզելն էր գալիս կռվի որոշ տեսարանների համար պատրաստվելու: Պարապում էր նաև սերիալի դերասան Լավել Քրոուֆորդը: Մի քանի շաբաթվա ընթացքում նրանք պատրաստվում էին նկարահանումներին:

Ինչու է դա պետք մարդկանց

Կարծում եմ՝ ջիու-ջիցուն օգնում է կյանքում, հավասարակշռություն է տալիս, վստահություն, օգնում է ավելի լավը դառնալ, կա նաև ֆիզիկական ասպեկտ՝ լինել առողջ, սոցիալական ասպեկտն էլ է շատ կարևոր՝ մարդիկ կապվում են, հաղորդակցվում միմյանց հետ:

Երբ ավելի երիտասարդ ես, ուզում ես կարողություններդ ցույց տալ, վստահություն ձեռք բերել: Ամբողջ կյանքիս ընթացքում եմ օգտագործում ջիու-ջիցուն, այն ինձ հավասարակշռություն է տալիս, ազատում է սթրեսից, նաև մտքի հանգստություն է տալիս, օգնում որոշումներ ընդունելիս: Մրցակցել եմ սովորել, և այդ ամենը կարող եմ փոխանցել երեխաներինս:

Մարտարվեստի փիլիսոփայության մասին

Իհարկե, ամենակարևորն է լավ մարդ լինելը, ջիու-ջիցուն տալիս է քեզ հարգանք ու խոնարհություն: Ջիու-ջիցուի մարտը պետք է խելացի ու արդյունավետ լինի:

Ես մրցակցել եմ ու մենամարտել ամբողջ կյանքիս ընթացքում, ինձ համար մարտահրավեր է՝ հասնել լավագույնի, երբեք չհանձնվել ու, իհարկե, մենամարտել՝ հաղթելու համար, ինչն էլ ինձ տալիս է ջիու-ջիցուն:

Աղջիկների ջիու-ջիցուի մասին

Կանանք երկար ժամանակ չեն զբաղվում ջիու-ջիցուով, դա տղամարդկանց սպորտ է, բայց գնալով ավելի ու ավելի շատ կին է պարապում, նրանք շատ լավ են մենամարտում, նաև մրցումներում հաջողություններ են ունենում, ինչպես, օրինակ, Ռոնդա Ռաուզին, իսկ սկսնակները ոգևշնչվում են այդ հաջողություններով:

Կանանց համար ջիու-ջիցուն նաև կարող է օգտակար լինել ինքնապաշտպանության համար, երբ, օրինակ, քեզ վրա հարձակվում են, սովորում ես խույս տալ, պաշտպանել ինքդ քեզ նման իրավիճակում:

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net, Կարո Սահակյան/ PAN Photo