29 նոյեմբերի 2017 - 18:47 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Փորձագետը՝ առցանց առևտրի մասին.
Ինչպես չկորցնել գումար և լինել ապահովված
Վերջին տարիներին առցանց առևտուրը շատ տարածված է դարձել Հայաստանում, մարդիկ առցանց անհրաժեշտ ապրանք են գնում թե՛ ՀՀ-ում, թե՛ արտասահմանից: Հայտնվել են մի շարք ծառայություններ, որոնք ապահով հասցնում են պատվիրված ապրանքը աշխարհի տարբեր երկրներից: Միակ խնդիրը, որը շարունակում է անհանգստացնել առցանց առևտրի սիրահարներին, ապահովությունն է:

Համացանցում երբեմն դժվար է կողմնորոշվել՝ ո՞ր խանութներն են ապահով, արդյո՞ք կա երաշխիք, որ գնված ապրանքը կուղարկվի, ինչպե՞ս չկորցնել գումար և կարողանալ վերադարձնել այն խնդիրների առաջացման դեպքում, ի՞նչպես չդառնալ ցանցահենների զոհ: Այս և այլ կարևոր խնդիրների մասին PanARMENIAN.Net –ը զրուցել է տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրսյանի հետ:

Վստահելի խանութների մասին

Ամենակարևոր սկզբունքը հետևյալն է. օգտվել փորձված խանութներից: Պետք է գոնե ընկերներից, ծանոթներից հարցնել, շատերն արդեն ունեն առցանց գնումներ կատարելու փորձ: Իրականում մի քանի տասնյակ փորձված խանութ կարելի է հավաքել, դրանից ավել պետք չէ, որովհետև ապրանքներն առանձնապես իրարից չեն տարբերվում, ամենուրեք մոտավորապես նույն գներն են, իսկ շատ էժան բաների հետևից ընկնելը ոչ միայն օնլայն տիրույթում է վտանգավոր, այլև օֆլայնում: Եթե տեսնում եք խանութ, որտեղ ինչ-որ «սարսափելի» զեղչեր են, արժի մտահոգվել: Վստահության արժանի չէ նաև այնպիսի կայք, որը չի ապահովում https (HyperText Transfer Protocol Secure) անձնական տվյալների փոխանակման ժամանակ հասցեի դաշտում: Չնայած այսօր հմուտ ցանցահենները դա էլ են կիրառում, ուստի միշտ չէ, որ https-ի առկայությունը ապահովության նշան է:

Բացի այդ, պետք է անպայման ստուգել խանութի կոնտակտային տվյալները, համոզվել, որ կարող եք ինչ-որ տեղ գրել, զանգահարել, բողոքել խնդրի դեպքում: Պետք է նաև նայել վաճառված իրերի տակի մեկնաբանությունները, տված գնահատականները. դրանց քանակը երբեմն խոսում է այն մասին, որ խանութը նոր չէ: Չնայած դրանք էլ կարող են լցված լինել, այնուամենայնիվ պետք է ստուգել:

Բանկային քարտի գործոնը

Կա 2 մեծ վտանգ. առաջինը, որ ձեզ կարող են ապրանքը չուղարկել կամ ուղարկել վատը, երկրորդը՝ որ ձեր գումարը կկորի, այսինքն՝ բանկային քարտի տվյալները կգողանան և կօգտագործեն: Բանկային քարտի տվյալները պաշտպանելու համար գերադասելի է բանկի հետ նախապես պայմանավորվել, որպեսզի 3D պաշտպանությունը միացված լինի, պետք է միացնել sms հաղորդագրության միջոցով կոդի ուղարկումը, որ վաճառքը կատարվի միայն դրանից հետո: Սակայն ոչ բոլոր խանութներն են, որ ապահովում են 3D պաշտպանություն, օրինակ, Amazon-ը չի պահանջում կոդ: Հավելյալ պաշտպանության համար անհրաժեշտ է ակտիվացնել նաև online banking-ը և ունենալ 2 բանկային քարտ՝ մեկն առօրյայում օգտագործելու համար, մյուսը՝ առցանց գնումների: Առցանց առևտրի համար նախատեսված քարտը չպետք է լինի վարկային, դրի վրա պետք է պահել միայն այդ պահին վճարելու համար անհրաժեշտ գումար, որպեսզի, եթե նույնիսկ ձեր քարտի տվյալները գողանան, չկարողանան ավել գումար տանել:

Ապրանքի տեղ չհասնելու կամ վատը լինելու մասին

Ինչ վերաբերում է ապրանքի կորելուն կամ վատ որակին, այստեղ արդեն պետք է հաշվի առնել, որ նույնիսկ լավ խանութից՝ Amazon-ից կամ AliExpress-ից գնելու դեպքում հնարավոր են վատ հետևանքներ. ապրանքը կարող է ուշանալ, կամ որակը չհամապատասխանել սպասելիքներին: Այստեղ արդեն պետք է ուշադրություն դարձնել վաճառողի վարկանիշին, կարդալ նախորդ գնորդների թողած մեկնաբանությունները, անպայման ծանոթանալ այդ խանութի՝ ապրանքը վերադարձնելու պայմաններին, որովհետև նորմալ խանութները տալիս են հնարավորություն բողոքել, ապրանքը հետ ուղարկել, վերադարձնում են գումարը և այլն:

Ի՞նչ անել ցանցահենների զոհը դառնալուց հետո

Եթե այնուամենայնիվ դարձել եք համացանցային խաբեբաների զոհը, փորձեք պայմանավորվել բանկի հետ, նրանք կարող են որոշակի լուծումներ առաջարկել: Եթե դա չօգնի, կարող եք դիմել ՀՀ ոստիկանության կիբերհանցագործությունների վարչություն: Բնականաբար, բոլոր դեպքերում չէ, որ իրենք կկարողանան գումարը վերադարձնել, քանի որ կիբերխարդախներն իրենց հերթին ամեն ինչ անում են հետքերը թաքցնելու համար, բայց շանսեր կան:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net