20 սեպտեմբերի 2018 - 14:54 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ֆրանսահայ ռեժիսոր.
Արցախի մասին ֆիլմով ուզում եմ ճանաչելի դարձնել «ուրվական երկրի անդեմ և անձայն մարդկանց»
15-րդ հոբելյանական «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում AAFCCJ մրցանակը «Հայկական համայնապատկեր» ծրագրում ստացավ ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանը, որը ճանաչվեց լավագույն սփյուռքահայ կինոգործիչ: Ռեժիսորը փառատոնին էր ներկայացրել իր վերջին ֆիլմը՝ «Մենք ենք մեր սարերը» (2017), որը պատմում է Արցախի մասին:

PanARMENIAN.Net-ը զրուցել է ռեժիսորի հետ նրա կյանքի, նկարահանած ֆիլմերի, «Ոսկե ծիրանի», նախագծերի և այլնի մասին:

Հայկական արմատները պահպանելու դժվարությունների մասին

Եթե անկեղծ, դա այդքան էլ հեշտ չէր: Իմ ծնողները մեծացրել են ինձ ֆրանսիական ավանդույթների համաձայն: 20 տարեկանում մեծ դատարկություն զգացի իմ կյանքում. Լիովին ֆրանսիացի չէի զգում ինձ, բայց ոչ էլ՝ լիովին հայ: Ինձ պետք էր գնալ փնտրելու արմատներս թե՛ աշխարհագրական, թե՛ հոգեբանական առումով:

Դեպի անցյալ ճամփորդության մասին

Ես բացահայտեցի, որ իմ նախատատն ու նախապապը 1915-ի Եղեռնի ժամանակ ողջ են մնացել շնորհիվ քուրդ գյուղացու: Եվ որ նախատատիկս թաքնվում էր թուրք ընտանիքի մոտ: Հետագայում նախապապս ու նախատատս հանդիպեցին Սիրիայում փախստականների ճամբարում, իսկ հետո ներգաղթեցին Ֆրանսիա:

Առնո Խայաջյանը

Այս բացահայտումները փոխեցին իմ վերաբերմունքն արմատներիս, պատմության և այսօրվա թուրքերի նկատմամբ: Իմ ընտանիքի պատմությունը ոգեշնչեց ինձ նկարելու «Քարքարոտ ճամփաներ» վավերագրական ֆիլմը խղճին դեմ չգնացած ու ցեղասպանության տարիներին հայերին փրկող մարդկանց մասին: Այս փորձը մեծ ազդեցություն ունեցավ իմ անձնական և ստեղծագործական կյանքի վրա: Ես հասկացա, որ իմ հայկական արմատները խորապես կապված են ռեժոսորի իմ աշխատանքի հետ:

Ռեժիսորի աշխատանքի մասին

Ինձ համար ֆիլմ նկարահանելու մեջ ամենակարևորը թեման չէ: Առավել կարևոր է ռեժիսորի յուրօրինակ տեսակետը: Օրինակ, կան հազարավոր տարբեր միջոցներ խոսելու ցեղասպանության մասին. կարելի է նկարել պատմական ֆիլմ, ֆիլմ զոհերի մասին, դահիճների, սիրո պատմության, ցեղասպանությունների հետևանքների մասին ֆիլմեր:

Արցախի թեմայով ֆիլմերի մասին

Կարծում եմ, կինոն անհայտ ու մոռացված ժողովուրդների և տարածքների ցուցադրման համար լավագույն միջոցն է: Եվ Արցախի մասին իմ նոր նախագիծը հենց այդ առաքելությունն ունի: Կարծում եմ, որ Արցախն արժանի է միջազգային հանրությանը ներկայացվելուն: Եթե ես չխոսեմ Արցախի և արցախցիների մասին, ո՞վ կանի դա:

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը «Ոսկե ծիրանի» մրցանակն է հանձնում Առնո Խայաջյանին

«Ոսկե ծիրանի» մասին

Միշտ հաճելի է ստանալ մրցանակ: Բայց այս անգամը շատ առանձնահատուկ էր, քանի որ մրցանակը հանձնել է ինձ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Այս ամենը խրախուսում է ինձ հետամուտ լինել իմ երազանքներին և շարունակել աշխատանքս Հայաստանում:

Արցախի հետ կապված նոր նախագծի մասին

Դա 120 րոպեանոց ֆիլմ է, որը պատմում է խաղաղություն, սեր և ազատություն փնտրող 8 տարբեր կերպարների ճակատագրերի մասին: Համադրելով և միավորելով այդ փոխկապակցված պատմությունները՝ ես ուզում եմ ցույց տալ Արցախի բազմազանությունն ու բարդությունը: Այդ յուրահատուկ ինտրիգները կմիավորվեն միևնույն աշխարհագրական դիրքով և ընդհանուր թեմայով՝ ինչպես ապրել և երազել չճանաչված հանրապետությունում: Ճշմարիտ պատմություններով ոգեշնչված այս ֆիլմի միջոցով ես ուզում եմ այս «ուրվական երկրին» հարգանքի տուրք մատուցել: Ես ուզում եմ միջազգային լսարանի համար ճանաչելի դարձնել այս «անդեմ ու անձայն» մարդկանց: Քաղաքական հակամարտությունից բացի, ես խորապես հետաքրքրված եմ այդ «անանունների» պայքարով և հույսերով:

Արցախի երեխաները

Հայ զգալու և հայերենը սովորելու մասին

Վերջին տարիներին ես ինձ ավելի ու ավելի հայ եմ զգում: Երբ ես Երևանում եմ, ես ինձ զգում եմ ինչպես տանը: Սիրում եմ այս քաղաքի էներգիան, այն շատ ոգեշնչող է: Ինձ համար կարևոր է ամրապնդել արմատներիս հետ կապը, չմոռանալով, թե որտեղ եմ ծնվել՝ Ֆրանսիայում:

Ամենամեծ ափսոսանքս այն է, որ չեմ ճանաչել հայ պապիկիս: Նա չի հասցրել փոխանցել ինձ իր մայրենի լեզուն: Ուստի եկող տարի պլանավորում եմ սովորել հայերեն հենց Երևանում: Արդեն սկսել եմ որոշ բառեր սովորել հայ ընկերներիս հետ:

Երիտասարդ ֆրանսահայ ռեժիսորը բազմիցս մասնակցել է «Ոսկե ծիրանին», բացի այդ նրա ֆիլմերից «Կորուսյալ հորիզոնները» (2012) ցուցադրվել է 22 միջազգային կինոփառատոնում, Լաուրա Դեսպրեյնի պիեսի մոտիվներով նկարահանված «Վատ աղջիկը» (2014)՝ 23 միջազգային կինոփառատոնում: 2015-ին ռեժիսորը ներկայացրել է «Քարե արահետներ» փաստագրական ֆիլմը, որը մասնակցել է 24 կինոփառատոնի և 2016-ի ապրիլին հատուկ մրցանակ է ստացել Իսմայլիի միջազգային կինոփառատոնում, իսկ հուլիսին մասնակցել է երևանյան «Ոսկե ծիրանին»: Խայաջանյանը թողարկել է «Մենք ենք մեր սարերը» (2017) փաստագրական ֆիլմը, ինչպես նաև «Խուլ սրտեր» (2017) կարճամետրաժը:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net