Չվճարված ամբողջ գումարը կհաշվարկվի և կվերաբաշխվի հետագա վեց ամսվա վրա` համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը հաճախորդները կարող են ստանալ իրենց կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով: Նշեմ, որ բանկը ստանձնել է բոլոր ծախսերը, և վերաբաշխված գումարների վրա տոկոսներ չեն հաշվեգրվելու:
Անհատական մոտեցում ենք ցուցաբերում նաև խոցելի դրության մեջ հայտնված` տուրիստական, հյուրատնային և հանրային սննդի ոլորտի ընկերություններին: Սկսած մարտի 16-ից, նրանք կարող են հետաձգել իրենց վարկերի մայր գումարների մարումները 3-6 ամսով: Չվճարված ամբողջ գումարը կհաշվարկվի և կվերաբաշխվի վարկի մնացած ամիսների վրա:
Պայմանավորված խոշոր առևտրի կենտրոնների աշխատանքի դադարեցման հանգամանքով, մենք ստիպված եղանք փակել այդ առևտրային կետերում գործող մեր մասնաճյուղերը: Մնացած բոլոր մասնաճյուղերն աշխատում են ստանդարտ աշխատանքային գրաֆիկով: Եվ, հանդիսանալով որպես թվային բանկինգի ուղղությամբ զարգացած բանկ, մեր հաճախորդներին առաջարկում ենք առցանց ծառայությունների լայն տեսականի: Մենք ընդառաջեցինք մեր հաճախորդներին և անվճար դարձրեցինք այդ ծառայությունները:
Անվտանգության նկատառումներից ելնելով և գործարար ակտիվության նվազման արդյունքում աշխատողների ավելի քան 50%-ն աշխատանքի չեն գալիս, սակայն վարձատրվում են ամբողջությամբ: Թեև ունեինք հարկադրված պարապուրդ հայտարարելու և աշխատանքի մասնակի վարձատրության հնարավորություն, որոշեցինք աշխատավարձը վճարել ամբողջությամբ` պահպանելով նաև աշխատակիցներին հասանելիք արձակուրդային օրերն ամբողջությամբ:
Ուրախ ենք, որ բոլորիս համար առաջացած ծանր իրավիճակում մեր աշխատողներն ակտիվորեն նպաստում են բիզնեսի շարունակականության ապահովմանը, և ստեղծված բոլոր աշխատանքային խմբերը գործում են օպերատիվ և դինամիկ ռեժիմով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց՝ այս դժվարին ժամանակահատվածում նրանց միասնական և անձնուրաց աշխատանքի համար: Համոզված եմ, որ համախմբվածության շնորհիվ միայն մեր ժողովուրդին կհաջողվի հաղթահարել այն խնդիրները, որոնք առաջացրել են ամբողջ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: