16 սեպտեմբերի 2020 - 16:21 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ինչպես Աննան իրականացրեց իր «ամերիկյան երազանքը».
Չընդունվել Հայաստանում ու հասնել Netflix
2018-ին Նյու Յորքի նորաձևության շաբաթվա բացումն անելուց, Սոֆյա ռոբոտին նկարելուց, Netflix-ի հետ պայմանագիր կնքելուց և աշխարհի ամենահայտնի ցուցասրահներում ներկայանալուց առաջ համադրող Աննա Խաչատրյանը սովորել, ապրել ու աշխատել է Երևանում։

2018-ին Նյու Յորքի նորաձևության շաբաթվա բացումն անելուց, Սոֆյա ռոբոտին նկարելուց, Netflix-ի հետ պայմանագիր կնքելուց և աշխարհի ամենահայտնի ցուցասրահներում ներկայանալուց առաջ համադրող Աննա Խաչատրյանը սովորել, ապրել ու աշխատել է Երևանում։

Աննան ստեղծում է կերպարներ ֆիլմերի, նկարների, հոլովակների համար, իր խոսքով՝ զբաղվում է այն ամենով, ինչ կարող է պարունակել լուսանկարը կամ տեսանյութը։

Նյու Յորքից նա PanARMENIAN.Net-ին պատմել է արվեստում հաջողությունների, մեգապոլիսում հաջողելու, գլխապտույտ աշխատանքների ու նույնանման աշխատանքային ռիթմի մասին։

Աննայի արվեստը՝ Հայաստանից մինչև Նյու Յորք

Երկար տարիներ աշխատել եմ Հայաստանում, նախագծեր արել, բայց դրանք ոչ մի կերպ չեն ընդունվել․ իմ արվեստը «տգեղ ու անհասկանալի» է որակվել։

5-6 տարի շարունակ ուղղակի, առանց որևէ շահ հետապնդելու ստեղծագործել եմ, ներսիս եղածն եմ արտահայտել։ Մի օր իմ աշխատանքները նկատեց New York Magazine-ի աշխատակիցը, արվեստի բնագավառի այլ մարդիկ ու առաջարկեցին տեղափոխվել ԱՄՆ և աշխատել իրենց հետ։ 5 տարի փորձել եմ ԱՄՆ մեկնել, ստացվեց միայն 5-րդ տարում։

2018-ին ստացա New York Fashion Week (Նյու Յորքի նորաձևության շաբաթ) բացումը կազմակերպելու առաջարկ։ Գրեցի բացման ամբողջ սցենարը՝ ինչպես պետք է բացումը լինի, ինչ կերպարներ պետք է դուրս գան, ինչ խորեոգրաֆիկ լուծումներ լինեն։ Շատ մեծ ու լուրջ նախագիծ էր։ Դա Նյու Յորքի ամենակարևոր միջոցառումներից է, բայց իրենց համար կապ չունի, թե ինչ մեծության և ինչ լրջության է նախագիծը, կարևորն այն է, որ մասնագետը լինի նոր գաղափարներով մարդ, ով կբերի նոր լուծումներ, կանի փախած ու կրեատիվ բաներ։

Devil Wears Prada ֆիլմի ու Sex and The City սերիալի ոճաբան Պատրիսիա Ֆիլդի հետ էլ եմ աշխատել․ այդ ֆիլմերի հերոսների կրած բոլոր զգեստներով ֆոտոշարք ենք արել։ Պատրիսիան, ի դեպ, հայ է, երբ իմացավ, որ Հայաստանից եմ, ինքն էլ ոգևորվեց։

Աշխարհի ամենահայտնի կին ռոբոտի տեսահոլովակը նկարելու և Netflix-ի հետ պայմանագիր կնքելու մասին

Սոֆյա ռոբոտի ստեղծող Դեյվիդ Հենսոնը LinkedIn-ում ինձ գրել էր, որ ուզում է նկարեմ ռոբոտին երգելիս։ Չէի հավատում աչքերիս։ Դա բացառիկ ու լուրջ նախագիծ էր։ Ցուցադրվելու էր MTV-ով, New York Times-ն ու Vogue-ը գրելու էին այդ մասին։

Հարցնում եք՝ ռոբոտների հետ աշխատելը հե՞շտ է. ավելի, քան մարդկանց։ Սոֆյա ռոբոտն իրոք ունիկալ նախագիծ է, շատերը չեն հավատում, որ այդ ամենին տիրապետում է, բայց ես ինքս համոզվեցի՝ ինչ հզոր գաղափար է։ Նկարահանման ընթացքում հումորներ էր անում, կապրիզներ կարող էր անել, որ բնորոշ է մոդելին։

Ես պայմանագիր ունեմ Netflix-ի հետ․ TV շոուների տներ, ինչ-որ բեմադրություններ, սենյակի, որևէ դրվագի դիզայն, բեքրաունդի դիզայն եմ անելու։ Սա իմ գլխավոր ձեռքբերումն է։ Կորոնավիրուսի պատճառով հիմա դադար է, դեկտեմբերից կաշխատենք։

Ֆիլմ նկարահանելու երազանք ունեմ (Աննան մասնագիտությամբ ռեժիսոր է). մի գործակալության հետ արդեն պայմանավորվածություն կա, ռոբոտի մասին ֆիլմի սցենար ունեմ։ Իմ նպատակներից ամենամեծը հենց կինոինդուստրիա մտնելն է։

Ինչո՞ւ աշխատել, եթե մեջը փող չկա

Կարող եմ ինչ-որ հիշվող մեջբերում ասել՝ «ինչպե՞ս շարունակել ոգևորված աշխատել, եթե դա քեզ գումար չի բերում» թեմայով, բայց դրա համար ոչ մի բանաձև էլ չկա։ Եթե իրոք անում ես մի բան, որը գալիս է քո ներսից և ապրում ես դրանով, կարող ես օրը 200 դրամով էլ անել գործդ։ 100 դրամ կտաս մետրոյին, կգնաս X տեղում նկարահանում կանես ու հետ կգաս։ Ես 5 տարի չեմ ունեցել անձնական կյանք, չեմ ունեցել ընկերների հետ դուրս գալ, իմ ամբողջ օրն անցել է տանը, պատրաստվել եմ նկարահանման, ամառ-ձմեռ արթնացել եմ ժամը 6-ին, ծանր իրերով միայնակ տրանսպորտ եմ նստել ու գնացել նկարահանման։ Դա շատ դժվար ու սպանող զգացում է։ Անում էի մի բան, որ չէի հասանում՝ ինչի համար է, բայց ուզում էի անել։ Ես պառկում էի քնելու, միտք էր ծնվում, ու այնքան համառ միտք, որ մինչև դա չիրագործեի, միջիցս դուրս չէր գա։

Փորձել եմ մասնագիտությանս հետ կապ չունեցող գործեր անել, բայց չէի կարողանում էներգիաս այլ տեղ ծախսել։ Երևի հաջողելու համար պետք է ուղղակի անել այն, ինչ չանել չես կարող։ Նայեք լեգենդար դեմքերի պատմությունը․ ոչ ոք երբեք գումար աշխատելու ստրատեգիա չի մշակել, ուղղակի ստեծագործել են։ Գաղտնիքն այն է, որ հավատում ես արածիդ ու չանելու դեպքում կմեռնես։ Այո, պրիմիտիվ է հնչում, բայց այդպես է։ Եթե մի պահի մտածում ես՝ սա չեմ ուզում անել, ուրեմն դա քեզ իրականում դուր չի գալիս։

Ես ուղղակի ուզում եմ, որ արվեստով զբաղվող ու ասելիք ունեցող մարդիկ երբեք հետ չկանգնեն իրենց մտքերից, երբեք մատերիալիստ չդառնան, և հավատան իրենց արածին։

Նյու Յորք, Նյու Յորք․ հաջողությունների հակառակ կողմը

Մի քիչ ֆիլմային պատկեր է, որ աշխատող ու ստեղծագործող մարդն ամբողջ օրը ծխում է, խմում, որ ինչ-որ բան արարի․ իրականում դա հստակ, կարգապահության հարց է։ Նկարահանման ընթացքում ինձ մոտ հիմանակում իմպրովիզ է, կարող եմ հագուստը, բեմը, դիմահարդարումը մտածել, բայց թե ինչ կլինի նկարահանման հրապարակում, ոչ ոք չգիտի, ես էլ չգիտեմ։ Այստեղ դա ուղղակի անընդունելի է, շատերն այդպես չեն համաձայնում աշխատել։ Ես էլ՝ իրենց տարբերակով․ դա իմ աշխատելաոճն է։

Ընդհանրապես, Նյու Յորքում կարող ես մեկ օրում ոչ մեկից կարևոր մարդ դառնալ, և հակառակը։ Շատ կոտրող քաղաք է։ Իրավունք չունես սթրեսային լինելու, չես կարող այստեղ վայրկյան կորցնել, որովհետև դա գումար արժի։ Նման տեղում ապրելու համար հաճախ քո անձնական կյանքով պետք է վճարես։

Ո՛չ, Նյու Յորքն առավոտյան բարձրակրունկներով ու սուրճով քայլելու ֆիլմային պատկերը չէ։

Աննան ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ի ամենամեծ ու նշանավոր ցուցահանդեսներում՝ Մայամիի Art Fairs-ում, Նյու Յորքի Art Expo-ում, Նյու Յորքի Whitney թանգարանում, Բրուքլինի թանգարանում, Ճապոնիայում, Պորտուգալիայում:

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net