ֆինանսական արդյունավետությունը բարելավելու և ռիսկով ճշգրտված կայուն շահութաբերություն ապահովելու համար մենք կարողացել ենք կիրառել ռիսկերի և իրացվելիության կառավարման հավասարակշռված մեխանիզմ: 2023թ. սեպտեմբերի դրությամբ բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 1.33 տրիլիոն ՀՀ դրամ` 2019թ. ի վեր գրանցվող 12% միջին տարեկան աճի տեմպով: 2023թ. 3-րդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկն ամենախոշոր վարկատուն է շուկայում՝ 902 մլրդ ՀՀ դրամ վարկային պորտֆելով և շուկայի 19.1% մասնաբաժնով: Մեր որդեգրած ունիվերսալ բանկային մոդելի ներքո շարունակել ենք դիվերսիֆիկացնել բանկի վարկային պորտֆելը՝ վերջին տարիներին մանրածախ և ՓՄՁ վարկերի գծով ապահովելով պորտֆելի երկնիշ աճ, ինչը նպաստել է վարկերի արդյունավետ բաշխմանը. մանրածախ և ՓՄՁ վարկերը կազմում են ընդհանուր վարկային պորտֆելի 61.2%-ը:
2020թ. սկսած շարունակաբար բարելավվում է նաև Բանկի վարկային պորտֆելի որակը։ 2023թ. սեպտեմբերի դրությամբ չաշխատող վարկերը կազմել են 2.16% (շուկայում գրանցված 2․97%-ի համեմատ) պահպանելով նվազման միտումը և մնալով երկարաժամկետ միջին և նախահամաճարակային ցուցանիշից ցածր մակարդակի վրա (2.87%)։ Ընդհանուր ավանդների ու պարտատոմսերի գծով տարեսկզբից գրանցվել է 14.2% աճ և 27% աճ նախորդ տարվա համեմատ՝ հիմնականում ժամկետային ավանդների հաշվին: Չնայած անորոշ արտաքին պայմաններին ինչպես կորպորատիվ, այնպես էլ մանրածախ սեգմենտներում ընդլայնվել է հաշվետերերի բազան, և էապես աճել են ավանդների պորտֆելները:
2023թ. առաջին երեք եռամսյակների ընթացքում մեր ընդհանուր կապիտալն աճել է 10.1%-ով ՝ հասնելով 190 մլրդ ՀՀ դրամի, ինչի հիմքում 2019թ.-ից գրանցված 17% միջին տարեկան աճի տեմպն է, որին նպաստել է կայուն շահույթի ապահովումը: Փաստացի, մեր զուտ շահույթը վերջին տարիներին աճում է երկնիշ թվով և՛ զուտ տոկոսային, և՛ ոչ տոկոսային եկամուտների հաշվին, ինչը վկայում է բանկի կողմից կայուն շահույթ գեներացնելու կարողության մասին: Արդյունքում, շահութաբերության ցուցանիշները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա (բանկի զուտ տոկոսային մարժան կազմել է 6.4%, կապիտալի եկամտաբերությունը՝ 26%, իսկ ակտիվների եկամտաբերությունը՝ 3.6%)` էապես գերազանցելով նաև շուկայական միջին ցուցանիշը:
Նման դինամիկ արդյունքները մեծ հետաքրքրություն են առաջացրել ներդրողների շրջանում, և վկայում են այն մասին, որ Ամերիաբանկը շարունակելու է իր փոխակերպման ուղին: Իրականում, այս առումով բանկի հաջողությունն արտացոլում է դրական մակրոտնտեսական միջավայրը. 2022թ․–ին Հայաստանի տնտեսությունը դրսևորեց ճկունություն և աճի բարձր ներուժ՝. ապահովելով ՀՆԱ-ի 12.6%- աճ` միևնույն ժամանակ պահպանելով տարածաշրջանում ամենացածր գնաճի մակարդակը և ամենակայուն արժույթը։
Ֆինանսական կայունության մեր ցուցանիշները նույնիսկ ամենադժվար ժամանակներում մնացել են բարձր մակարդակի վրա, իսկ շահութաբերության շարունակական բարելավումը վկայում է բանկի ֆինանսական կայունության մասին: Մասնավորապես, բանկը կատարեց «Բազել 3» համաձայնագրով նախատեսված կապիտալի բուֆերների ներդրման պահանջները՝ նախապես ապահովելով պաշտպանության անհրաժեշտ մեխանիզմները:
Կայուն զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվության ստանդարտների լավագույն պրակտիկայի ներդրման ուղղությամբ մենք շուկայում միշտ եղել ենք միտումներ ձևավորող:
Որպես Հայաստանի առաջատար բանկ մենք ստանձնել ենք մեր համայնքներին աջակցելու պատասխանատվություն օգնելով նրանց, ում առավելապես անհրաժեշտ է մեր աջակցությունը, այդ թվում՝ վերջերս տեղահանված մեր հայրենակիցներին: Մենք խոշոր ներդրումներ ենք կատարել մեր համայնքների զարգացման ուղղությամբ։
Թվային փոխակերպումը մենք դիտարկում ենք որպես բանկային ոլորտի սահմաններից դուրս նոր հորիզոններ բացելու հնարավորություն. զարգացման այս արդյունավետ հարթակները մենք կարող ենք առաջարկել տարբեր ոլորտներին, շուկաներին և պոտենցիալ հաճախորդների լայն շրջանակին: Առողջապահությունից մինչև ճամփորդություն ու մինչև ֆինտեխ կրթություն, որտեղ տվյալների և հնարավորությունների համապարփակ կիրառումը կարող է նոր հեռանկարներ ստեղծել և տարբերակներ ներկայացնել, մենք այս ուղղությամբ համագործակցում ենք առանցքային դերակատարների հետ՝ մեր տեխնոլոգիական փորձառությունն առավել արդյունավետ օգտագործելու և շուկայում ներկայացնելու համար: