
Հեղինակությունը կառուցում են տարիներով, իսկ հեղինակազրկելը դարձել է ժամերի հարց, ուստի, խելամիտ և որակավորված անձիք հաճախ բացակայում են հանրային դաշտից` տարիների ընթացքում ձեռք բերած հեղինակությունը րոպեների ընթացքում կորցնելու վտանգով պայմանավորված: Թեև հեղինակությունը «փչացնելու» խնդիրը գլոբալ է, Հայաստանի նման փոքր երկրների համար այն, իսկապես, պատուհաս է դառնում, քանի որ բնակչության թվաքանակով պայմանավորված «հերոսների» ընտրանքը փոքր է:
Հեղինակությունը կարելի է և անհրաժեշտ է կառավարել, որովհետև հասարակությունը, որտեղ հեղինակությունն արժեք չունի, խաբեբաների հասարակութուն է: Ավելի լավը լինելու ձգտումը երկարաժամկետ կտրվածքով առողջ համայնքներ է ձևավորում, իսկ մասսայական ցինիզմը ու «թքած ունենալու» արվեստը խրախուսող հասարակությունը կորցնում է հույսն ու երջանիկ լինելու հավատը:
Սոցիալական ցանցերում մեծ թվով դիտումներ հավաքած տեսանյութերի մեծ մասը խեղկատակություններ են, որոնք բավարարում են դիտորդների թաքուն զգացումները: Կարեկցանք այն անձի հանդեպ, որն իրեն ծաղրի առարկա է դարձնում, այսպիսով թույլ տալով դիտորդին լավ զգալ համեմատության մեջ: Ապա սադիստական հաճույքի զգացում այն պատճառով, որ այդ անձինք, ամոթը մի կողմ դնելով, իրենք կամովին են ընտրում խայտառակվելու ճանապարհը, ցույց տալով իրենց կարողությունների, բառապաշարի, մարմնի կամ արժեքների այն կողմերը, որոնցով նախկինում նվազագույնը ընդունված չէր հպարտանալ: Եվ վերջապես, բազմոցին պառկած պարապ տնայնագործներին թաքուն մխիթարանքի պես մի բան. եթե տվյալ անձինք խեղկատակություններով գումար են վաստակում, իրենք էլ չեն կորչի, հեռանկար ունեն դեռ:
«ԱքսելՄոնդրիանը» (AxelMondrian) Եվրոպական ցանցի անդամ որակավորված խորհրդատվական ընկերություն է, որը Հայաստանում սկսել է իր նախագծերը 2022թ.-ին: Երևանյան գրասենյակի բացմամբ «ԱքսելՄոնդրիան և գործընկերները» տարածաշրջան է բերել հաղորդակցության ոլորտի և հեղինակության կառավարման դասական դպրոցն ու ինստիտուցիոնալ գիտելիքը: «ԱքսելՄոնդրիանը» մասնագիտացած է կորպորատիվ ռազմավարությունների մշակման, ընկերությունների ղեկավար կազմերի հեղինակության կառավարման, ընկերությունների խոշորացման և միավորման հաղորդակցության մեջ: Ընկերության գործունեության կարևոր ուղղություններից են բրենդի և մարքեթինգային արշավների իրականացումը, ֆիլմերի նկարահանումը, կորպորատիվ հաշվետվությունների հրատարակումը: