17 հոկտեմբերի 2006 - 14:47 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Սերգեյ Սարգսյան.
Ղարաբաղյան հակամարտության կողմերի սպասելիքները փոխզիջումներից կոնսերվացնում են նրա լուծումը մինչեւ առավել «բարենպաստ» ժամանակները
Լարվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, որը կապված է չլուծված հակամարտությունների հետ, վերջերս ուժեղացել է ռուս-վրացական հարաբերությունների հերթական լարման կապակցությամբ: Ճիշտ է, որոշ հույսեր են հայտնվել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարող է նոր փուլ սկսվել` կապված ԵԱՀԿ Մինսի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած հերթական այցի հետ: Սակայն բանակցությունների նոր փուլի մասին պայմանավորվածությունից այն կողմ գործը չի գնում: Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը PanARMENIAN.Net-ին է մեկնաբանում «Սպեկտրում» Ռազմավարական վերլուծության կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Սարգսյանը:
Հայ քաղաքական գործիչների նախընտրած թեման Հայաստանի համար անխուսափելի բացասական հետեւանքներն են Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներ պատճառով: Չի չափազանցվում արդյո՞ք դրանց նշանակությունը:
Կարծում եմ, որ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկարատեւ դիմակայության տվյալ փուլում Թբիլիսիի հանդեպ Մոսկվայի տնտեսական եւ քաղաքական ճնշման արդյունքում չկան էական, առավել եւս Հայաստանի համար աղետալի հետեւանքներ: Առաջին հերթին, դեռեւս խոսք չկա պատժամիջոցների կամ շրջափակման մասին, այլ զուտ տնտեսական եւ հոգեբանական ճնշման մասին, ընդ որում Ռուսաստանը շահագրգռված է դարձնել այն հասցեագրված, ուստի եւ սահմանափակումները չեն անդրադառնա տարանցիկ փոխադրումների վրա: Երկրորդը, Վրաստանում հակառուսական քարոզարշավի հերթական գագաթը, կապված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ, արդեն ետեւում է: Ուրիշ բան, որ Ռուսաստանը, կարծես թե օգտվեց պատեհ առիթից` ռուս զինծառայողների ձերբակալությունից, Թբիլիսիի հանդեպ իր քաղաքականությունն արմատապես վերանայելու համար, եւ այդ համատեքստում, իրոք, չի կարելի բացառել հետագայում ռուս-վրացական հարաբերությունների արմատական վատթարացումը, ընդհուպ մինչեւ համալիր պատժամիջոցների կիրառում: Ուստի վատ չէր լինի, եթե մենք նախապես սկսեինք նախապատրաստվել դրան` օրինակ, կարելի է մշակել բեռնա- եւ ուղեւորահոսքերն այլ երթուղիներով` առաջին հերթին, Կովկաս-Փոթի լաստանավային ուղիով, կատարելու արագ սխեմա այն դեպքի համար, եթե Վրաստանի հյուսիսային սահմաններում անկայուն աշխատեն անցագրային մաքսային կետերը: Բացի այդ, ստեղծված պայմաններում հնարավոր կլիներ փորձել լոբբինգի միջոցով, գուցե եւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի տրանսպորտային նախագծերի շրջանակում, առաջ տանել Փոթի-Ախալքալաք-Գյումրի ավտոճանապարհի ընդլայնման հարցը: Տրանսպորտային հաղորդակցությունների գործունեության եւ Հայաստանից եւ դեպի Հայաստան Վրաստանի տարածքով փոխադրումների ծավալի պահպանման աջակցմանն ուղղված միջոցառումները ըմբռնելի կլինեն այդ ծրագրի հովանավորների համար, քանի որ հակառակ դեպքում բեռնահոսքերը ստիպված կվերակողմնորոշվեն Իրանով անցնող երթուղու վրա, ինչն առավել սերտ կկապի Հայաստանն ԻԻՀ-ն, ընդ որում, ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով:
Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարելի է ակնկալել տարածաշրջանի համար, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չցանկանան պայմանավորվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Սցենարի մոտավոր զարգացումը:
Բոլոր միջազգային կազմակերպությունները, որոնք ինչ-որ կերպ առնչվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հայտարարելով այն բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին, փաստորեն ստիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին շարունակել բանակցությունները ցանկացած անբարենպաստ պայմաններում: Նախագահներից մեկի հրաժարումը մասնակցությունից կհանգեցնի նրա դիրքերի թուլացմանը եւ նրա վրա կկենտրոնանա ողջ քննադատությունը հակամարտության կարգավորման գործընթացի անարդյունավետության եւ տապալման համար: Ուստի, ես գտնում եմ, որ բանակցությունները բարձր մակարդակով կշարունակվեն, չնայած հնարավոր ռազմատենչ կամ թերահավատ ճարտասանությանը բանակցությունների շուրջ: Ղարաբաղյան հակամարտության կողմերի անհամատեղելի սպասելիքները փոխզիջումներից կոնսերվացնում են նրա լուծումը մինչեւ առավել «բարենպաստ» ժամանակները: Մասնավորապես, Ադրբեջանը հույսը դրել է իր տնտեսության բուռն աճի, առաջին հերթին, նավթի եւ գազի հաշվին եւ, որպես հետեւանք, իր զինված ուժերի հզորացման վրա:
Մեր բանակն ուժեղ է, բոլորն են ասում այդ մասին: Սակայն որքա՞ն դա կտեւի եւ ի՞նչ կարող է լինել, եթե Ադրբեջանն իրոք սկսի արդիականացնել իր զինված ուժերն, ելնելով նրանից, որ իրենք ավելի շատ միջոցներ ունենք, քան մենք:
Ադրբեջանի զինված ուժերի արդիականացումը ոչ թե ամիսների, նույնիսկ տարիների գործ է: Առավել կարճ ուղին անցումն է գոնե մի քանի մարտական ստորաբաժանումների ձեւավորմանը պայմանագրային հիմունքով, ինչպես նաեւ անձնակազմի վերապատրաստման ծրագրի մեկնարկը, «Սովորեցրու եւ սպառազինիր» ծրագրի օրինակով, որն իրագործվեց Վրաստանում ԱՄՆ աջակցությամբ: Սակայն նույն Վրաստանի փորձը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի չափանիշներով նույնիսկ մի քանի գումարտակների նախապատրաստումը 2-3 տարի է տեւում: Բացի այդ, քանի որ ոչ Հայաստանը, ոչ ԼՂՀ-ն չեն պատրաստվում հարձակվել որեւէ մեկի վրա, ապա եւ ծախսերն, ուղղված բանակի բարձր մարտունակության պահպանմանը, ընդհանուր առմամբ, պաշտպանական մարտավարությամբ, ավելի քիչ կլինեն, քան, օրինակ, Ադրբեջանի մոտ, որը հայտարարում է, ոի իր համար ընդունելի է հակամարտության լուծման ուժային տարբերակը: Միեւնույն ժամանակ, հակամարտության գոտու բարդ ռելյեֆը, ԼՂՀ Պաշտպանության բանակի պաշտպանական դիրքերի խորը էշելոնային համակարգը, ժամանակակից ինժեներային հենակետերն, այն, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը չի կարող ռազմա-օդային ուժերի շնորհիվ ճնշող առավելության հասնել օդում, թույլ կտան դեռեւս բավականին երկար ժամանակ պահպանել առկա հավասարակշռությունը: Թեեւ, իհարկե, չի կարելի կորցնել զգոնությունը եւ հույսը դնել նրա վրա, որ այդ հավասարակշռությունն ինքն իրեն կպահպանվի եւ տրված է մեզ երկար տարիների համար: Մյուս կողմից, եւ դա արդեն ավելի շուտ ոչ թե ռազմական, այլ քաղաքական տեսանկյուն է, Ադրբեջանի ՊՆ չափազանց մեծ ֆինանսավորումը կարող է դժգոհություն առաջացնել բնակչության լայն խավերի շրջանակում:
Նավթը կարեւոր գործոն է, սակայն այնուամենայնիվ, ոչ գլխավոր: Ի՞նչ կարելի է ակնկալել մեր հարեւաններից եթե նավթի գները նվազեն, ինչի միտումն արդեն տեսնում ենք:
Կարծում եմ, չի կարելի ակնկալել նավթի գների հետագա անկում: Առաջինը, որովհետեւ կանխատեսված պահանջարկը կգերազանցի առաջարկը: Երկրորդը, ՕՊԵԿ երկրները, որոնք զգացել են նավթի բարձր գներից գերշահույթներ ստանալու հնարավորությունը, անշուշտ կկարգավորեն նավթահանման ծավալները: Երրորդը, Վենեսուելայի հակաամերիկյան կեցվածքը, իսկ ավելի շատ` Իրաքի ներքաղաքական անկայությունը, հատկապես նրա դաշնայնացման հեռանկարների լուսյի ներքո, չեն նպաստում նավթի արդյունահանման եւ առաքման հետ կապված ռիսկերի նվազեցմանը, ինչը եւս հաշվի է առնվում գնագոյացման ժամանակ: Ուստի եւ նավթի գների նկատվող որոշակի նվազումը չի կարող հանգեցնել նրան, որ Ադրբեջանը կամ Իրանը չստանան իրենց լրացուցիչ շահույթները եւ էական ազդեցություն չի գործի նրանց տնտեսության վրա: Վրաստանի շահույթը ադրբեջանական կամ ղազախստանյան նավթի տարանցումից ուղղակիորեն կախված չէ նրա գնից, դուրս մղման եւ փոխադրման սակագները ֆիկսված են եւ դրանց վերանայումը հնարովոր է միայն նավթի գնի արմատական փոփոխման դեպքում:
Հնարավո՞ր է տեսանելի ապագայում հայ-թուրքական հարաբերությունների հաստատում:
Հազիվ թե: Այժմ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերելքի վրա է: Այն ակտիվացել է Մերձավոր Արեւելքում, որպես օրինակ` թուրք զինծառայողների մասնակցությունը Լիբանանում խաղաղապահ զորակազմին: Թուրքիան ակտիվացել է Հարավային Կովկասում` նրա վաղեմի նախագիծն է թուրքական միջանցք «բացել» Վրաստանով մինչեւ Ադրբեջան եւ այնուհետեւ` մինչեւ Կենտրոնական Ասիայի հանրապետություններն, իրական է, ինչպես երբեք: Մասնավորապես, այն պատճառով, որ Վրաստանը, մխրճվելով Ռուսաստանի հետ դիմակայության մեջ, խիստ կարիք ունի դաշնակիցների, որոնց դերում հաճույքով, ելնելով սեփական աշխարհաքաղաքական շահերից, կարող են լինել Ադրբեջանն ու Թուրքիան: Թուրքիայի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղության վրա էլ ամեն ինչ այնքան վատ չէ, ինչպես կարծում են: Ես ընդհանրապես գտնում եմ, որ «եվրոպական նախագիծը», որն ակտիվորեն լոբբինգ է անում Արդարության եւ զարգացման իսլամիստական կուսակցությունը, հստակորեն հաշվարկված քայլ է, որն, առաջին հերթին, ուղղված է Թուրքիայի որպես աշխարհիկ պետության հիմնարար սկզբունքների վերանայմանը, այլ ոչ, թե անդամակցությանը Եվրամիությանը: Զինվորականները, որոնք իրավամբ համարվում էին Քեմալ Աթաթուրքի ժառանգության պահապանները, երկրի աշխարհիկ բնույթի եւ Արեւմուտքի հետ սերտ ինտեգրման կողմնակիցները, Եվրամիության պահանջով անցկացված իշխանության ուղղահայացի կառուցվածքային բարեփոխումների արդյունքում արդեն զրկվել են քաղաքական որոշումների վրա վճռորոշ ազդեցություն ունենալուց: Դա ոչ միայն ուժեղացրեց Արդարության եւ զարգացման կուսակցության դիրքերը, այլ թույլ տվեց իսլամիստական կուսակցություններին փոխել Թուրքիայի արտաքին եւ ներքին քաղաքականության ուղղությունները: Որպես հետեւանք, մի կողմից աճեցին ազգայնական եւ իսլամամետ տրամադրությունները Թուրքիայում, մյուս կողմից` եվրոպացիների մտավախությունները Եվրամիության ապագայի համար, եթե Թուրքիան անդամակցի ԵՄ-ին: Արդյունքում` Թուրքիան հավանաբար կմնա Եվրամիությունից դուրս, Թուրքիայի աշխարհիկության երաշխավորների` զինվորականների դիրքերը խարխլվել են, այսինքն իսլամամետ ուժերը եվրոպամետ քաղաքականություն վարելով կկարողանան հասնել նրան, ինչին չկարողացան հասնել երկրի ուղղակի իսլամացման փորձերի ժամանակ` Նեջմեթդին Էրբականի վարչապետության ժամանակ: Այդպիսով, ընդհանուր առմամք հաջող արտաքին եւ ներքին քաղաքականության, որպես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության պարտադիր նախապայման «հայկական բլոկի» հարցերի չեզոքացման ֆոնի վրա, իշխող կուսակցությանը ձեռնատու է մնալ իր նախկին դիրքերում` կապել հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ` Ադրբեջանի համար ընդունելի պայմաններով: Այսինքն հետաձգելով այդ հարցը ավելի հեռավոր հեռանկարի: