2007 թվականը որոշ առումով բեկումնային կդառան Թուրքիայի համար: Երկրում կլինի նոր նախագահ եւ նոր խորհրդարան: Ավելին, այժմ երկրում վերաիմաստավորվում է ազգային ինքնագիտակցությունը եւ այն բանից, թե որ ուղիով կընթանա Թուրքիան` դեպի Արեւմուտք թե դեպի Արեւելք, կախված է ուժերի բաշխումը տարածաշրջանում: Թուրքական հասարակության ներկայիս վիճակի մասին PanARMENIAN.Net-ին է պատմել ARI Movement կազմակերպության միջազգային հարաբերությունների գծով համակարգող Էրկուտ Էմչիօղլուն:
Որքանո՞վ է կարեւոր Թուրքիայի համար անդամակցությունն Եվրամիությանը:
Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին չափազանց կարեւոր է մեր երկրի համար: Ես դիտարկում եմ Եվրամիությունը որպես առավել բարգավաճմանը եւ լավին ձգտող պետությունների միավորում: Թուրքիան այդ ճանապարհին է 1959 թվականից ի վեր, թեեւ եղել են վերելքներ եւ անկումներ, սակայն նպատակը հստակ է` մեր երկիրն ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին է: Դա Թուրքիայի պետական քաղաքականությունն է: Վերափոխման գործընթացը շրջում է Թուրքիային դեպի ժամանակակից ժողովրդավարական պետություն: Ես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համոզված կողմնակից եմ: Դա նույնքան կարեւոր է ինչպես Թուրքիայի ապագայի, այնպես էլ Եվրոպայի ապագայի համար: Երբ Եվրոպան դառնա իրական գլոբալ տնտեսական եւ քաղաքական ուժ, նա կկանխի քաղաքակրթությունների բախումը եւ կտարածի խաղաղություն, ներդաշնակություն եւ առատություն բոլոր ազգերի համար:
Ինչպե՞ս են ներկայումս Թուրքիայում վերաբերվում 1915 թվականի ողբերգական իրադարձություններին, որոնք խլեցին 1,5 միլիոն հայերի կյանքը:
Թուրքիայի վերաբերմունքն անցյալին շատ կատեգորիկ է, այն բացասաբար է անդրադառնում «ցեղասպանության» ճանաչման գործընթացի վրա: Խնդիրը նրանում չէ, որ Թուրքիան ճանաչի 1915 թվականի իրադարձություններն, այլ դրանք որպես «ցեղասպանություն» որակելու մեջ է: Ես կարծում եմ, որ «ցեղասպանություն» բառը շատ դեպքերում խանգարում է երկու կողմերին այդ իրադարձությունների քննարկման ժամանակ, եւ ես կարծում եմ, որ դա շատ տխուր փաստ է: Իմ կարծիքով, ԱՄՆ եւ Եվրոպայի հայկական սփյուռքը չի նպաստում հարաբերությունների վերականգնմանը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ:
Իսկ ինչպե՞ս դուք կմեկնաբանեք ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախապատրաստվող բանաձեւը:
Ես կարծում եմ, որ այդ հարցի վերաբերյալ քվեարկությունը ցավալի է: Իհարկե, Թուրքիայի արձագանքը Ֆրանսիայի հանդեպ շատ լուրջ էր, քանի որ թուրքերը դեմ են ֆրանսիական օրինագծին, սակայն ես կասկածներ ունեմ, որ թուրքական երկարատեւ հակազդեցությունն ԱՄՆ-ին կարող է արդյունավետ լինել: Ճիշտ է, հակազդեցությունը կարող է շատ լայն լինել` ամերիկյան ապրանքների բոյկոտ, ռազմական համագործակցության սահմանափակում, մերժումը Իրաքում եւ ողջ Մերձավոր Արեւելքում Վաշինգտոնին աջակցելու հարցում, Ռուսաստանի, Իրանի հետ հարաբերություների ամրապնդում եւ այլն: Այնուամենայնիվ, եթե բանաձեւն ընդունվի, պետք չէ մոռանալ, որ դա ընդամենը բանաձեւ է, այլ ոչ թե ֆրանսիականին նման օրենք: Բանաձեւը չի ունենա օրենքի ուժ: Այդ ասպեկտը պետք է ընդգծեն թուրք քաղաքական գործիչները:
Շուտով Թուրքիայում կլինեն նախագահական, իսկ այնուհետեւ խորհրդարանական ընտրություններ: Կարո՞ղ է արդյոք փոխվել երկրի արտաքին քաղաքական կուրսը:
Գլխավոր առաջնայնությունների փոփոխություն չի նախատեսվում: Նախագահը Թուրքիայում չունի իրական դիվանագիտական հեղինակություն, արտաքին քաղաքականությունն որոշում է արտգործնախարարը վարչապետի հետ համատեղ: Դա շատ լավ է, քանի որ 2007 թվականին Թուրքիայում կլինի կոալիցիոն կառավարություն, եւ ես արմատական փոփոխություններ չեմ ակնկալում:
Ձեր կարծիքը Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի մասին, որի վերանայումը կամ չեղյալ հայտարարումն է պահանջում Եվրամիությունը:
Այդ հոդվածի կիրառումը, հատկապես այնպիսի գրողների հասցեին, ինչպիսիք են Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը եւ գրող Էլիֆ Շաֆակը շատ վիրավորական է: Այնուամենայնիվ, հասարակական առաջնորդները գիտակցում են, թե ինչ վտանգ է ներկայացնում այդ հոդվածը Թուրքիայի համար, եւ պայքարում են այն վերանայելու համար: ARI Movement-ն այն ՈԿԿ-ի շարքում է, որոնք ցանկանում են փոփոխության ենթարկել այդ հոդվածը: