1 փետրվարի 2007 - 17:40 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ալեքսանդր Իսկանդարյան.
Հրանտ Դինքին սպանած գնդակները ուղղված էին ազատամիտ Թուրքիայի դեմ
Թուրքիան ինքը, այդ երկրում ենթադրվող փոփոխությունները, Հրանտ Դինքի սպանության հարցով հետաքննությունը դեռ գտնվում են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Թուրքիայում եւ նրա սահմաններից դուրս ավելի ու ավելի շատ շատ ձայներ են հնչում Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի վերացման կամ գոնե փոփոխման օգտնին: Այն, թե ինչ կարող է Թուրքիային սպասել Եվրոպայի ճանապարհին, PanARMENIAN.Net-ին պատմել է ԶԼՄ-ի Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Կարո՞ղ է արդյոք թուրքական կառավարությունը իրոք փոփոխել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի որոշ կետեր:
301-րդ հոդվածի վերանայումը, իհարկե, դրական քայլ է հանդիսանում Թուրքիայի ճանապարհին դեպի ԵՄ: Այդ հոդվածը, ի դեպ, շատ խիստ է եւ քրեական պատիժ է նախատեսում` մեկուկեսից երկու տարի ազատազրկամ ժամկետով, ոչ միայն «թուրքական ազգային արժանապատվությանն անպատվելու», այլեւ երկրին, խորհրդարանին, կառավարությանը, բանակին եւ անվտանգության ուժերին անպատվելու համար: Դա քեմալականության վերապրուկ է, որը վատ է ազդում Թուրքիայի միջազգային վարկանիշի վրա: Եթե դուք հիշում եք, 2002 թվականին որոշակի փոփոխություններ կատարվեցին ԵՄ պահանջով: Այն փաստը, որ հադվածում ուղղում մտցնելու կամ դրա վերացման համար Թուրքիայում ցույցեր են անցնում, կարելի է միայն ողջունել:
Ո՞րն է Թուրքիայի համար ավելի նախընտրելի. անդամակցությունը Եվրոպային, թե տարածաշրջանային տերություն դառնալու քայլերը:
Ինչպես ես արդեն ասել եմ, երկու Թուրքիա գոյությու ունի. մեկը «Թաքսիմի հրապարակի» Թուրքիան է, դա երկրի փոքր եվրոպականացված հատվածն է: Հենց այնտեղ է կայացել Հրանտ Դինքի հուղարկավորությունն ու ցույցը, դրանք հենց այն 100 հազարն են: Այդ Թուրքիայի մեջ են մտնում եվրոպական հատվածի եւս մի քանի քաղաքներ եւ Անկարայի մի մասը: Մնացած ամբողջ Թուրքիան ազգայնամոլական եւ իսլամական երկիր է: Իհարկե, այստեղ իսլամն այնքան հզոր չէ, որքան Ավղանստանում կամ Իրանում, սակայն իսլամիստները բավականին ուժեղ են: Այսօր հնարավոր է ռազմական հեղաշրջում, որը Թուրքիայի համար նոր բան չէ, երբ երկրի ուղղվածությունն արեւմուտքից դեպի իսլամ է փոխվում, այսինքն` Աթաթուրքի կողմից ստեղծված պետությունից ավելի իսլամականին: Եւ ես վստահ եմ, որ Հրանտ Դինքին սպանած գնդակները ուղված էին ազատամիտ Թուրքիայի դեմ:
Լրագրողի սպանությունից հետո վարկած է հայտնվել այն մասին, որ պատվերը կատարվել է «Պետության մեջ պետության կողմից», այսպես կոչված deep state-ի: Արդյո՞ք այն գոյություն ունի իրականում:
«Պետություն պետության մեջ»-ը հայտնի մեխանիզմ է եւ այն գոյություն ունի բոլոր երկրներում, չնայած խոսում են միայն Թուրքիայի մասին: Գուցե այստեղ ինչ-որ թուրքական յուրահատկություն կա, բայց deep state գոյություն ունի ցանկացած երկրում` սկսած Հայաստանից վերջացրած ԱՄՆ-ով: Դա, ինչպես դուք գիտեք, մի շարք անձինք են. քաղաքական գործիչներ, փորձագետներ, գործարարներ, զինվորականներ, ովքեր որոշում են պետության արտաքին եւ ներքին քաղաքականության ուղղությունները: Նրանք որոշումներ են ընդունում, որոնք հետո լսում ենք երկրների ղեկավարներից: Կրկնում եմ. դա ամենուրեք գոյություն ունի:
Ի՞նչ կարելի է սպասել Կոնգրեսի Հայոց ցեղասպանության բանաձեւից, եթե այն ընդունվի:
Ինքը` բանաձեւը ոչինչ չի նշանակում եւ չի փոխում, այն օրենքի ուժ չունի: Այն պարզապես հանդիսանում է որոշակի փոփոխությունների կոչ: Վերջին ժամանակներս Հայոց ցեղասպանության ճանաչման գործոնը Հայաստանի համար կարող է ճնշման լծակ դառնալ: Հայաստանը փոքր երկիր է եւ չի կարող ազդել Թուրքիայի վրա, սակայն կարող է դա անել ԱՄՆ-ի միջոցով:
Ինչպիսի՞ն պետք է լինի հայկական քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ:
Այն պետք է լինի «ոչ թե ներքեւից վերեւ, ինչպես իրականում է, այլ ընդհակառակը»: «Մենք պետք է անհանգստացած լինենք, թե ինչ է կատարվում հարեւան երկրում, ողջունել բոլոր դրական փոփոխությունները եւ ցանկանալ դա ոչ միայն` որպես հայ, այլեւ` որպես եվրոպացիներ, որպես Եվրոպայի Խորհդի անդամներ: Մենք պետք է հասկանանք եւ փորձենք օգնել: Պետք է պարզապես պատկերացնել, թե որքան բարդ ուղի պետք է անցնի Թուրքիան ժողովրդավարության, խոսքի ազատության եւ մարդու իրավունքների պահպանման ճանապարհին: Հայաստանի համար կարեւոր է ոչ թե Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը, այլ հենց գործընթացը: Նույնը վերաբերում է եւ սահմանին. ոչ թե հենց սահմանի բացումը, այլ դրա շուրջ բանակցությունները: Ես արդեն մի առիթով ասել եմ, որ Թուրքիայի քթի առջեւ պետք է միշտ թափահարել գազարով` Եվրամիություն մտնելու հեռանկարի տեսքով եւ այժմ նույնն եմ կրկնում: