23 ապրիլի 2007 - 20:17 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Առնոլդ Շվարցենեգեր.
Ես կոչ եմ անում աշխարհի բոլոր ազատատենչ մարդկանց ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Առաջին անգամ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1968 թվականին: Դրանից հետո ԱՄՆ-ի ամենամեծ նահանգի օրենսդրությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է որպես XX դարի առաջին ցեղասպանություն: Այս տարի ապրիլի 22-29-ը Կալիֆորնիայում հայտարարված է Հայոց ցեղասպանության հիշատակի շաբաթ: Այդ կապակցությամբ PanARMENIAN.Net-ը մի քանի հարցով դիմել է Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերին:
Ո՞րն է հայկական սփյուռքի դերը Կալիֆորնիայում
Կալիֆորնիան հարազատ տուն է դարձել գրեթե մեկ միլիոն հայերի համար: Նահանգի հայ համայնքը ներկայացված է գործունեության գրեթե բոլոր ոլորտներում` գյուղատնտեսություն, բիզնես, կրթություն, հանրային ծառայություններ, սպորտ եւ մշակույթ: Հայերը պահպանել են իրենց ինքնատիպ ժառանգությունը, լեզուն ու կրոնը, այդպիսով հարստացնելով նահանգի բազմազան պատմությունը, արդյունաբերությունն ու մշակույթը:
Կալիֆորնիայի հայ համայնքի մեծամասնությունը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն են եւ այդ ոճրագործության ճանաչման հարցը շատ կարեւոր է նրանց համար: Ի՞նչ եք կարծում, որքան ժամանակ է հարկավոր, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսը հավանություն տա 106-րդ բանաձեւին:
Ես բազմիցս եմ ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում եմ կոչ անել բոլոր ազատատենչ մարդկանց Ամերիկայում եւ ողջ աշխարհում անել նույնը: Սակայն ես չեմ պատրաստվում մեկնաբանել դաշնային օրենսդիր մարմնի գործողությունները
Դուք հռչակել եք ապրիլի 22-29 «Հայոց ցեղասպանության հիշատակի օրեր»: Ի՞նչ միջոցառումներ է նախատեսվում անցկացնել այդ շաբաթվա ընթացքում:
Նախանշված են մի շարք միջոցառումներ, որոնց կազմակերպմանը մասնակցում են տարբեր հայկական եւ ոչ հայկական կազմակերպություններ` նահանգի մայրաքաղաքից, այլ քաղաքներից, կրոնական եւ հասարակական կազմակերպություններ, ինչպես նաեւ կրթական եւ մշակութային հաստատություններ: Տեղեկանք. Կալիֆորնիայում է բնակվում ԱՄՆ-ի ամենամեծ եւ ամենաազդեցիկ հայ համայնքը: Հիմնականում նրանք Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց ժառանգներն են: Կալիֆորնիայի յուրաքանչյուր նահանգապետ արդեն շուրջ 20 տարի է ապրիլի 24-ը հայտարարում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Այսօրվա դրությամբ Կալիֆորնիայում է լույս տեսնում ամենահեղինակավոր անգլալեզու հայկական The California Courrier թերթը, «Մասիս» թերթը, գործում են կիրակնօրյա դպրոցներ եւ եկեղեցիներ: Լոս Անջելեսում է գտնվում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Կալիֆորնիայում է ծնվել եւ ստեղծագործել հռչակավոր ամերիկացի գրող Ուիլյամ Սարոյանը, մեծ կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանը: Նահանգի ներկայիս նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը 2007 թվականի նոյեմբերին վերընտրվել է երկրորդ անգամ ձայների ճնշող մեծամասնությամբ: Նահանգից ընտրված կոնգրեսականներ են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայաստանի աջակցման խմբի համանախագահ Ադամ Շիֆը եւ Պալատի խոսնակ Նենսի Փելոսին, որոնք ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւի ընդունման ակտիվ կողմնակիցներ են: