21 հունիսի 2007 - 17:09 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Կորի Վելտ.
Հայ-թուրքական հարաբերությունները ավելի շատ Ղարաբաղի հակամարտության պատանդն են, քան Հայոց ցեղասպանության խնդրի
Հարավային Կովկասում, եւ ընդհանրապես ողջ Մեծ Մերձավոր Արեւելքում իրավիճակը փոխվում է. աշխարհաքաղաքական դասավորություններում նոր խաղացողներ են մասնակցում: Հարավային Կովկասի խնդիրները վերջերս դարձել են գերտերությունների մանրամասն ուսումնասիրության առարկա, մասնավորապես ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի: Այն մասին, թե ինչ է սպասվում տարածաշրջանին ապագայում եւ ինչպես կկարգավորվեն հակամարտությունները, PanARMENIAN.Net-ին պատմել է Վաշինգթոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) Ռուսական եւ Եվրասիական ծրագրերի տնօրենի տեղակալ Կորի Վելտը:
Ինչպե՞ս եք գնահատում Հարավային Կովկասի ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը:
Իրադրությունը Հարավային Կովկասում դեռ կայուն է եւ պետք է այդպիսին մնա, եթե իհարկե չվերականգնվեն ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում եւ այլ վիճելի տարածքներում, ինչը կարող է ապակայունացնող հետեւանքներ ունենալ տարածաշրջանի համար: Եւս մեկ կոնկրետ հարց. Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի ապագան: Ինչպե՞ս կազդի մոտ ապագայում Վրաստանի ընդգրկումը ՆԱՏՕ-ի Անդամկցության ծրագրում հարեւանների եւ առաջին հերթին Ռուսաստանի հետ նրա հարաբերությունների վրա: Սակայն մենք չգիտենք, կօգնի արդյոք Վրաստանի ինտեգրումը ՆԱՏՕ Հայաստանի եւ Ադրբեջանի մերձեցմանը Դաշինքին, արդյոք այդ իրավիճակը տանելի կլինի Մոսկվայի համար: Այլ կողմից, եթե Վրաստանի ինտեգրումը ՆԱՏՕ հաջող չլինի, ապա դա եւս կարող է էական ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա, սակայն ինչպես, այնքան էլ պարզ չէ: Լավատեսները ենթադրում են, որ եթե Վրաստանը չանդամակցի ՆԱՏՕ-ին, ապա Ռուսաստանի հետ հարաբերությունները կլավանան, ինչը կհանգեցներ տարածքային հակամարտությունների կարգավորմանն ու տարածաշրջանում կայունության հաստատմանը: Հոռետեսները, ընդհակառակը, վստահ են, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կխրախուսի Ռուսաստանին շարունակել պահել Կովկասի երեք պետություններին քաղաքական եւ տնտեսական կախվածության դրությունում:
Հնարավո՞ր է արդյոք Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավումն առանց նախապայմանների:
Միայն եթե Թուրքիայի ներքին իրադարձությունները այնիսի իրավիճակ ստեղծեն, որի դեպքում թուրքական կառավարությունը կգտներ, որ Հայաստանի նկատմամբ քաղաքականության փոփոխությունը ելնում է նրա շահերից: Սակայն ես գտնում եմ, որ դա քիչ հավանական է առանց Հայաստանի կողմից էական քայլերի Ղարաբաղի հակամարտության թուլացման համար: Եւ չնայած խաղաղ գործընթացը, կարծես, անհաջող է անցնում, ես դեռ հուսով եմ, որ «փաթեթային ծրագիրը», որով Հայաստանը հանձնում է Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա տարածքների մեծ մասը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման դիմաց` հետաձգելով ԼՂ քաղաքական կարգավիճակի որոշումը մինչ ավելի ուշ շրջան, կընդունվի: Հեգնանքը կայանում է նրանում, որ հայ-թուրքական հարաբերությունները ավելի շատ Ղարաբաղի հակամարտության պատանդն են դարձել, քան Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի: Եթե Հայոց ցեղասպանությունն ընդհանրապես ճանաչվի Թուրքիայում, ապա դա տեղի կունենա միայն Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելուց հետո, ոչ ավելի վաղ:
Արդյո՞ք Ռուսաստանը կթուլացնի իր դիրքերը տարածաշրջանում, մասնավորապես, Հայաստանում:
Ես չեմ գտնում, որ Ռուսաստանի դիրքերը էապես թուլացել են Հայաստանում եւ նույնիսկ Ադրբեջանում: Շնորհիվ Վրաստանի դեմ չափազանց ուժեղ պատժամիջոցների, Ռուսաստանը վրացիների շրջանում ռուսական ազդեցությունը թուլացնելու համար արել է ավելին, քան ՆԱՏՕ-ն երբեւէ: Տնտեսապես Ռուսաստանը հեշտությամբ կարող էր ուժեղացնել իր դիրքերը Կովկասում հետագա բազմաթիվ տարիների ընթացքում: Հարցը կայանում է նրանում, թե արդյոք Ռուսաստանը ցանկանում է դա եւ արդյոք ընդունակ է բաժանել տնտեսական իշխանությունը ռազմականից եւ քաղաքականից տարածաշրջանում, որտեղ նրա վերահսկողությունը չի կարող համարվել ինքնըստինքյան ենթադրվող:
Կարծիք կա, որ հրեական եւ հայկական լոբբիները ամենաուժեղներից են Վաշինգթոնում: Որքանո՞վ լուրջ կարելի է խոսել այն թուրքական լոբբի մասին, որը գործում է առանձին, առանց հրեականի:
Ես չէի ասի, որ «հրեական լոբբիին» վստահված են թուրքական լոբբիի լիազորությունները Վաշինգթոնում: Պարզապես, երբեմն նրանց շահերը համընկնում եմ: Ինչ վերաբերում է հայկական լոբբիին, ես կարող եմ ասել, որ այն միշտ չէ, որ գործում է ելնելով հայ ազգի շահերից: Ամերիկյան ուշադրությունը Հայաստանի նկատմամբ ավելի մեծ կլիներ, եթե ԱՄՆ Կոնգրեսը հաստատեր Հայաստանում դեսպանի նշանակումը, եւ եթե Կոնգրեսը ավելի նրբանկատ լիներ Թուրքիայի հետ մոտ հարաբերությունները պահպանելու կարեւորության հարցում, քանի որ Միացյալ Նահանգները Իրաքի հետ հարաբերությունների նոր փուլ են մտնում: Ես հասկանում եմ Հայոց ցեղասպանության ճանաչման ահավոր մեծ կարեւորությունը Հայաստանի եւ ԱՄՆ-ի հայ համանքի համար, սակայն եթե այդ նպատակը բախվում է հայ-ամերիկյան եւ թուրք-ամերիկյան հարաբերությունների հիմնարար տարրերի հետ, ապա նույն հարաբերությունները վատթարացնելու վտանգ կա` ի վնաս բոլորի:
Ի՞նչ կարող է իրականում լինել «սառեցված հակամարտությունների» հետ, եթե Կոսովոն անկախություն ստան:
Կոսովոյի եւ Հարավային Կովկասի վիճելի տարածքների միջեւ բազմաթիվ տարբերություններ կան. ժողովրդագրությունը, բնակչության թվաքանակը, տարածնքերի չափը եւ նույնիսկ նախկին սահմանադրական հարաբերությունները Հարավսլավիայի ինքնավար միավորների միջեւ եւ խորհրդային հանրապետությունների միջեւ: Եւ եթե նույնիսկ Կոսովոն անկախանա, ոչ ոք չի առաջարկում դա դարձնել նախադեպ, ասենք, Իրաքի Քրդսատանի անկախության համար: Միեւնույն ժամանակ, Կոսովոյի անկխաությունը կօգնի Վրաստանին եւ Ադրբեջանին ավելի լավ հասկանալ, որ անկախությունը անջատված տարածնքերի համար տեսականորեն հնարավոր արդյունք է նաեւ իրենց հակամարտությունների կարգավորման համար: Հնարավոր է, որ դա կարող է խրախուսել Վրաստանին եւ Ադրբեջանին ավելի ստեղծագործորեն վերաբերվել այն հարցին, թե ինչպես խուսափել նման արդյունքներից` առաջարկելով ավելի խաղաղ եւ դրական մեխանիզմներ սեփական հակամարտությունների կարգավորման համար: