16 հուլիսի 2007 - 15:06 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Խաչիկ Տեր-Ղուկասյան.
Եթե Թուրքիան իրագործի այն, ինչ մտադրվել է, Հայաստանը լիովին կմեկուսացվի աշխարհից
Իրադարձությունները Մեծ Մերձավոր Արեւելքում կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում եւ ազդել Հայաստանի հետագա հարաբերությունների վրա Թուրքիայի եւ Իրանի հետ: Տարածաշրջանում գլխավոր խաղացողի դերում ԱՄՆ-ն է, որը շահագրգռված է, որ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը կայուն լինեն: Քիչ դեր չի կատարում նաեւ ԱՄՆ-ի ցանկությունը լիովին դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից, մասնավորապես, Հայաստանից: Տարածաշրջանում զարգացումների եւ Հայաստանի համար հեռանկարների մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Բուենոս Այրեսի Սան-Անդրեսի համալսարանի միջազգային հարաբերությունների եւ քաղաքականության պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը:
Համաշխարհային հանրությունը մեծապես կարեւորում է Մերձավոր Արեւելքում, ավելի ճիշտ Մեծ Մերձավոր Արեւելքում կատարվող իրադարձությունները: Ինչպե՞ս եք գնահատում այժմյան իրավիճակը:
Մեծ Մերձավոր Արեւելքը մեծապես հետաքրքրում է Վաշինգտոնին: Հատկապես դա վերաբերվում է կովկասյան տարածաշրջանին: ԱՄՆ-ում հիանալի հասկանում են, որ Իրանի դեմ պատերազմի դեպքում այդ առանց այդ էլ անհանգիստ տարածաշրջանի անկայունությունը կուժգնանա, իսկ Վաշինգտոնին «կայունության աղեղ է» պետք Կասպից ծովից մինչեւ Սեւ ծով: Առաջին հերթին, դա վերաբերում է նավթի դերակատարմանը կայունության ապահովման գործում: ԱՄՆ-ն հանդես է գալիս համագործակցության օգտին, սակայն իրավիճակը Մերձավոր Արեւելքում շատ լարված է, եթե չասենք պայթյունավտանգ: Ճիշտ է, Վաշինգտոնում մտադիր են բարելավել հարաբերություններն Իրանի հետ: Սակայն որոշակի դժվարություններ կարող են առաջացնել ներքին զարգացումները Կովկասում եւ, մասնավորապես, տարածաշրջանի երկրների սեփական քաղաքականությունը: Միանգամայն հնարավոր է, որ Մերձավոր Արեւելքի քարտեզը կարող է փոխվել, ամեն դեպքում, դրա նախադրյալները կան: ԱՄՆ-ն մտադիր է «մեղմորեն» մասնատել Իրաքը, անկախ Քրդստան ստեղծել: Միեւնույն ժամանակ, ես պետք է ընդգծեմ, որ ԱՄՆ-ի ներկայությունն Իրաքում չի թուլացնում լարվածությունը: Սակայն, ցավոք, ներկայումս արաբական աշխարհում չկա ոչ քաղաքական, ոչ մտավոր այն ուժը, որը կարող է փոխել իրավիճակը:
Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը ԱՄՆ-ի համար ներկայումս գնալով առավել արդիական է դառնում: Կկարողանա՞ արդյոք Վաշինգտոնը հասնել դրան:
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ներկայումս միտված է Հյուսիսային Իրաք, ինչպես նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավմանն, ինչը ներառում է հաղորդակցությունների զարգացում եւ ռազմական-ռազմավարական համագործակցություն: Եթե Թուրքիայի պլանները իրականություն դառնան, Հայաստանն ամբողջովին կմեկուսացվի աշխարհից: Որքան էլ տարօրինակ հնչի, դա ձեռնատու չէ ԱՄՆ-ին, որը պնդում է, որ հայ-թուրքական սահմանը պետք է բացվի: Սակայն հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների վտանգավոր միտում է: Թուրքիան չի բացում սահմանը քաղաքական պատճառներով` ղարաբաղյան հակամարտություն, Հայոց ցեղասպանություն եւ մինչ այժմ Հայաստանի հետ հստակ սահմանի բացակայություն: Սահմանների սահմանազատման համար միակ իրավական հիմք կարող է ծառայել Սեւրի պայմանագիրը: Սեւրից հետո ստորագրված ոչ մի պայմանագիր` ոչ Կարսի պայմանագիրը, ոչ Մոսկվայինը իրավական ուժ չունեն, քանի որ այդ փաստաթղթերը ստորագրած երկրները դադարել են լինել միջազգային իրավունքի սուբյեկտ: Ինչպես հիշում եք, Սեւրի պայմանագիրը ստորագրված է 1920 թվականի օգոստոսի 10-ին: Ըստ պայմանագրի, անկախ Հայաստանի հետ սահմանները պետք է հաստատվեն չեզոք միջնորդի, այսինքն ԱՄՆ-ի կողմից: Միեւնույն ժամանակ պետք չէ մոռանալ, որ Թուրքիան եղել է եւ մնում է ամենամեծ վտանգը հայ ժողովրդի համար: Այդ տեսակետը պետք է ընդունի ողջ ազգը` ինչպես ՀՀ-ում, այնպես էլ սփյուռքում: Մյուս կողմից, սահմանի բացումը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Դրա օրինակն է Վրաստանը, որտեղ էժան թուրքական ապրանքի հոսքի արդյունքում տեղական արդյունաբերությունն ուղղակի ոչնչացավ: Բնական է, հայկական էկոնոմիկան չի կարող մրցել թուրքականի հետ, սակայն, գոնե, ելք կունենանք դեպի աշխարհ: Ճիշտ է, մենք դեռեւս պատրաստ չենք կյանքի կոչել այն սցենարը, որը մեզ կառաջարկեն:
Իրանի հետ Հայաստանի կապերը վաղեմի են եւ բարեկամական»: Ինչպե՞ս եք գնահատում ներկայիս վիճակը:
Եթե ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ լարվածություն առաջանա Հյուսիսային Իրաքի պատճառով, եւ հանկարծ ջերմանան հարաբերություններն Իրանի հետ, Հայաստանի համար դա լավագույն սցենարը կլինի: Փաստորեն, իրադարձությունների նման շրջադարձի դեպքում Ռուսաստանի ներկայությունը որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր պարտադիր չի լինի: Մենք պետք է խորացնենք հարաբերություններն Իրանի հետ: Իրանը փոքրամասնություն է կազմում իսլամական աշխարհում, քանի որ իրանցիները շիա մահմեդականներ են: Հենց Իրանն է պոտենցիալ տարածաշրջանային տերությունը: Կհայտնվի՞ արդյոք Վաշինգտոնում այն քաղաքական ուժը, որը կկարողանա Իրանի հետ երկխոսություն վարել որպես հավասարի հետ: Սա է մերձավորարեւելյան խնդրի մեխը: Ինչպես կպահպանվի բալանսը սունիների (Ալ-Քաիդա) եւ շիաների միջեւ, ինչպես կլուծվի Լիբանանի խնդիրը` այս հարցրեն են, որ հստակ պատասխան են պահանջում: Սակայն բոլոր պայմաններում, Հայաստանի հարաբերություններն Իրանի հետ պետք է զերծ մնան տարածաշրջանում հնարավոր բոլոր ցնցումներից:
Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւին աջակցում են արդեն 220 կոնգրեսականներ: Ի՞նչ եք կարծում, բանաձեւը կդրվի քվեարկության:
ԱՄՆ-ի կառավարությունը կօգտագործի 106-րդ բանաձեւն որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց: Պայքարը հանրապետականների եւ դեմոկրատների միջեւ եւ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները կարող են արագացնել որոշման կայացումը, կարող են նաեւ հետաձգել այն: Եթե Վաշինգտոնն իրոք շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցում, նա ճնշում կգործադրի Անկարայի վրա հենց այդ բանաձեւի միջոցով: Ինչ վերաբերում է այն արտահայտություններին թե 106-րդ բանաձեւի ընդունումը հարկավոր է ԱՄՆ-ի հայկական համայնքին, ես համոզված եմ, որ Հայաստանի եւ սփյուռքի տարանջատումը Հայոց ցեղասպանությոն հարցում վտանգավոր է եւ անբարոյական:
Արգենտինան պատկանում է այն երկրների թվին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Որքանո՞վ է ազդեցիկ Արգենտինայի հայ համայնքի աշխատանքը:
Արգենտինան աշխարհում երկրորդ երկիրն է Ֆրանսիայից հետո, որտեղ Հայոց ցեղասպանությունը ճանաչված է օրենսդրական մակարդակով: Բուենոս Այրեսի պետական դպրոցներում Ցեղասպանության պատմությունը պարտադիր առարկա է: «Հայ Դատի» արգենտինյան բաժանմունքը դասագիրք է նախապատրաստել, սեմինարներ է անցկացնում դպրոցների ուսուցիչների համար: Ես պետք է նշեմ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչված է նաեւ Վենեսուելայում, որն ընդհանուր առմամբ հեռու է Հարավային Ամերիկայի մյուս երկրներից: Անցյալ դարի 80-ական թվականներին Արգենտինայի եւ հարավամերիկյան այլ երկրների հայերը դուրս եկան այսպես կոչված «գետտոյից» եւ սկսեցին ինտեգրվել հանրությանը: Մենք դարձանք այն երկրների մասը, որոնք ապաստան էին տվել մեզ: Հենց այդ ճանապարհով է պետք գնալ, եւ լավագույն օրինակ է մեզ ծառայում Ֆրանսիայի հայ համայնքը: Նշեմ, որ հուլիսի 21-ին կկայանա Եվրախորհրդարանի նմանությամբ ստեղծված Հարավամերիկյան խորհրդարանի առաջին նիստը: Երեք պետություններ` Արգենտինան, Բրազիլիան եւ Ուրուգվայը պայմանավորվել են ստեղծել այդ կառույցը մայրաքաղաք ընտրելով Մոնտեվիդեոն: Մեր աշխատանքը համակարգված կդառնա, եւ այժմ մենք աշխատում ենք հենց այդ ուղղությամբ: