3 դեկտեմբերի 2007 - 21:22 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Վենիամին Սմեխով.
Երեւանի նոր դիմագիծն, անշուշտ, ուրախացնում է
Ռուսաստանը Հայաստանի համար ոչ միայն ուղղակի ռազմավարական գործընկեր է եւ դաշնակից: Դա նաեւ մշակույթների ընդհանրությունն է, խնամքով եւ նուրբ վերաբերմունքն է երկու երկրների մշակութային ժառանգությանը, եւ միմյանց: Ռուս դերասանները մշտապես ցանկալի հյուրեր են եղել Հայաստանում: Այդպես եղավ եւ այս անգամ, երբ Երեւանը հյուրընկալեց ռուս եւ համաշխարհային կինեմատոգրաֆի այնպիսի աստղերի, ինչպիսիք են Վենիամին Սմեխովը, Արմեն Ջիգարխանյանը, Ալեքսանդր Շիրվինդտը, Իգոր Կոստոլեվսկին: Հայաստանից ստացած իր տպավորություններն է կիսում PanARMENIAN.Net-ի հետ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, գրող Վենիամին Սմեխովը:
Սկզբից մի հարց, որն երեւի ձեզ արդեն ձանձրացրել է մեր երկրում հյուրընկալվելու օրերին: Եվ, այնուամենայնիվ, ի՞նչ տպավորություններով եք հեռանում Հայաստանից: Ձեզ դո՞ւր եկավ Հայաստանը:
Ասեմ այսպես, հատուկ մարդկանց է պետք որոնել, որոնց օրգանիզմում պակասում են որոշ գործիքներ` սիրտը, հոգին, կամ եթե մարդը ահավոր տրամադրությամբ է ժամանել Հայաստան, չպատրաստված: Դուք հարց եք տալիս քիչ թե շատ նախապատրաստված մարդու: Եվ այսօրվա հանդիպումների ընթացքում ես հասցրել եմ արդեն իմ մտքերը կիսել այն բազում խաչաձեւումների քանակի եւ որակի վերաբերյալ, որ եղել են ոչ միայն Ռուսաստանի մշակութային կյանքում, այլ նաեւ իմ անձնական կյանքում: Պրոկոֆև, Շոստակովիչ, Խաչատուրյան` այս երեք մեծ անուններն են շողում ռուս-հայկական եւ համաշխարհային մշակույթի երկնակամարում: Դա ավանգարդ էր եւ պոստավանգարդ` 30-ական, 40-ական, 50-ական եւ 60-ական թվականները: Նույնը կարելի է ասել նաեւ Մարտիրոս Սարյանի մասին, որը նույն դարաշրջանի հսկաների թվում է: Այնուհետեւ, եթե անցնենք թատրոնին, մենք բազում խաչաձեւումներ կգտնենք նաեւ այստեղ: Ինչ վերաբերում է կինոյին, ապա ես մտաբերեցի, որ Տարկովսկին, Իոսելիանին եւ Փարաջանովը 1988 թվականին Ռոտերդամի կինոփառատոնում համարվեցին Խորհրդային Միության ապագա կինոմշակույթի դեմքերը:

Այսօր ես այցելեցի Փարաջանովի թանգարան եւ գրեթե արտասվում էի, նաեւ այն պատճառով, որ չեմ կարող այնտեղ մնալ, քանի որ դա բացարձակ հրաշք է, միանգամայն դյուրին կերպով համեմատելի համաշխարհային մշակույթի գանձարանի հետ, ընդհուպ մինչեւ Պրադո եւ Էրմիտաժ: Ուստի, ես պատրաստ եմ ձեր հարցին:

Ինչպե՞ս կարող է դուր չգալ Հայաստանը, եթե իմ կյանքում եղել է նաեւ Եղիշե Չարենց կոչվող իրադարձությունը: Եվ Պավել Լիսիցյանի կրտսեր որդուն ես եմ նախապատրաստել ներկայացման` ըստ Չարենցի ստեղծագործությունների: Եվ երաժշտության հետ կապված են բազում խաչմերուկներ, ինչպես հիմա ընդունված է ասել, նշանակալից ինչպես Հայաստանի, այնպես էլ մեզ համար:

Դեկտեմբերի 12-ին Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողների հետ ես մասնակցելու եմ Ստրավինսկու «Զինվորի պատմությունը» սյուիտին: Ինձ հրավիրել է իմ ընկեր Տիգրան Ալիխանովը` հիանալի դաշնակահար, մեր կոնսերվատորիայի ռեկտորը: Եթե ձեր կոնսերվատորիայի ռեկտորը ռուս լիներ, իսկ մերինը` հայ, հավանաբար, ավելի արդար կլիներ: Բայց մարդկանց պակաս զգացվեց, երկու տեղում էլ հայեր են: Ի՞նչ անել:

Եվ դա վերաբերում է շատ բաների: Ինձ նվիրեցին «Արմենիա, Արմենիա» գիրքը, որի հետ ես չեմ բաժանվում: Դա ռուս պոետների բանաստեղծություններն են Հայաստանի մասին: Այնտեղ ավելի լավ է ասված, քան ես կարող եմ ասել: Ես կարող եմ միայն ասել`«Ես կողմ եմ»: Ընդմիշտ:

Դուք առաջին անգամ չեք Երեւանում: Ինչպե՞ս է ձեղ դուր գալիս Երեւանի նոր դեմքը:
Առաջին անգամ ես այցելեցի Հայաստան որպես Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում կայացած համերգի մասնակից: Արդեն չկան այն հիանալի մարդիկ, որոնց հետ մենք շրջում էինք Հայաստանով: Չկա Հրաչյա Ղափլանյանը, որն ընդունեց մեզ: Սակայն մենք երջանիկ էինք եւ միեւնույն ժամանակ մենք սովորականի պես դժգոհ էինք բարձիթողի մատնված քաղաքի մթնոլորտից, ինչը միանգամային սովորական էր սոցիալիզմի ժամանակ: Սոցիալիզմի դեմքը այսօր էլ կարելի է տեսնել Չեխիայում, որտեղ ես ամենից հաճախ եմ լինում որպես ռեժիսոր: Այնտեղ էլ պարզ երեւում է` միջոցներ են ներդրվել, քաղաքի կենտրոնը հիասքանչ է, մի երկու քայլ հեռանում ես` կեղտոտություն է տիրում: Այդպես աստիճանաբար մենք փախչում ենք սոցիալիզմից: Հասկանալի չէ թե ուր: Համոզված չեմ, որ դեպի կապիտալիզմ: Սակայն, քաղաքի դեմքը, ինչպես հարցրեցիք, անշուշտ, ուրախացնում է: Քաղաքի կենտրոնը գեղեցիկ է կառուցապատված, ճաշակով: Նոր տները, հավանաբար, ձեզ էլ նույնքան դուր չեն գալիս, ինչպես մերը` մեզ, որովհետեւ մենք մեր համեմատություններն ունենք: Մեզ մոտ մի փոքր ավելի շուտ էր այդ ամենը կառուցվում: Մենք մի փոքր ավելի շուտ ենք այդ ամենը կոչել վիրավորական խոսքերով: Իսկ մեզնից առաջ դա արել է Մոպասանը, ի նկատի ունենալով Էյֆելյան աշտարակը: Սակայն ժամանակն անցնում է եւ ամեն ինչ իր տեղն է ընկնում:

Ես տարբերություն եմ տեսնում իմ կյանքում, հայաստանցիների հետ իմ բարեկամության մեջ: Իմ պաշտելի Արմեն Ջիգարխանյանի հետ մենք ոչ միայն հանդիպել ենք կինոյում եւ թատերական արվեստում, այլ նաեւ նյարդաբանության ամենաականավոր մասնագետներից մեկի` ակադեմիկոս Լեւոն Բադալյանի տանը: Նա նաեւ իմ ընկերն էր, ինչպես նաեւ Վլադիմիր Վիսոցկու, Արմեն Ջիգարխանյանի եւ Միքայել Թարիվերդիեւի:

Մեր մակարդակով ամեն ինչ կարգին է, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում: Մենք դեռ ծիծաղում ենք այն բանի վրա, որ մեզ ռուս արտիստներ են անվանում: Ազգությունը դա լեզուն է: Ինչպե՞ս անվանել այսօր նրանց, ով փայլուն տիրապետում էր ռուսերենին, հայ լինելով: Ձեր բախտն ավելի է բերել, ձեր երկիրը փոքր է: Դեռեւս Կունդերան է նկատել.«Նվազագույն տարածք` առավելագույն բազմազանություն, առավելագույն տարածք` նվազագույն բազմազանություն»:

Մտադրություն ունե՞ք արդյոք այցելել Հայաստան հյուրախաղերով:
Կանչեք` կգամ: Կցանկանայի վարպետության դասերով հանդես գալ Թատերական ինստիտուտում: Ես համապատասխան փորձ ունեմ, քանի որ շատ եմ շրջագայել կնոջս հետ, որը որպես արվեստագետ եւ կինոգետ զբաղվել է Ռուսաստանի եւ ողջ աշխարհի կինոյի պատմությամբ, իսկ ես ներկայացումներ էի բեմադրում եւ վարպետության դասեր վարում: Եվ դա ինձ հետաքրքիր է, ես շարունակում եմ դրանով զբաղվել: Ինչո՞ւ վարպետության դասեր չանցկացնել Երեւանում, ինչպես դա արել եմ Գերմանիայում, Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում: