8 սեպտեմբերի 2008 - 20:21 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Քաան Սոյակ.
Բաքուն երբեք Ղարաբաղի դեմ պատերազմ չի սկսի, իսկ եթե դա տեղի էլ ունենա, Թուրքիան օբյեկտիվ դիրքորոշում կորդեգրի
Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի առաջին այցը Երեւան տարածաշրջանում որոշակի սենսացիա դարձավ: «Պինգ-պոնգի դիվանագիտությունը» կիրառող երկու երկրների ղեկավարների ոչ պաշտոնական շփումը կարող է զգալի տեղաշարժերի բերել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, եւ, հետեւաբար, ողջ տարածաշրջանում: Իրադրության հնարավոր զարգացման իր տեսակետը PanARMENIAN.Net-ին ներկայացրեց Թուրք-հայկական գործարարների խորհրդի (TABC) համանախագահ Քաան Սոյակը:
Ինչպե՞ս եք Դուք գնահատում Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի այցը Երեւան
Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի այցը Երեւան շատ կարեւոր եւ վճռական քայլ է: Ոչ պակաս կարեւոր քայլ է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը: Ոչ ոք դեպքերի նման շրջադարձ չէր ենթադրում: Մենք չէինք կարծում, որ նախագահ Սարգսյանը կհրավիրի իր թուրք գործընկերոջը, եւ Աբդուլլա Գյուլը կընդունի հրավերը: Բայց դա տեղի ունեցավ: Ես պետք է ընդգծեմ, որ ներքաղաքական իրադրությունը բոլորովին չի ազդել նախագահի որոշման վրա. դա պետության ղեկավարի եւ Թուրքիայի կառավարության որոշումն էր: Դատելով հայկական եւ թուրքական մամուլի հրապարակումներից` երկու երկրների ժողովուրդը հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման կողմնակից է: Ես Աբդուլլա Գյուլի այցը գնահատում եմ որպես դրական քայլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում եւ հուսով եմ, որ, մինչ 2009թ. Սերժ Սարգսյանի պատասխան այցը Ստամբուլ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ դեռ մի շարք քայլեր կձեռնարկվեն: Մենք հարեւաններ ենք, եւ դրանից չենք կարող խուսափել: Տարածաշրջանը պետք է խաղաղ եւ կայուն լինի, եւ Թուրքիան բարիդրացիական հարաբերությունների է ձգտում տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Դա վերաբերում է ոչ միայն Հարավային Կովկասի երկրներին, այլեւ Մեծ Մերձավոր Արեւելքին, որն ընդգրկում է Սիրիան, Իրանը, Իրաքը, Լիբանանը:
Ի՞նչն է Թուրքիայի համար ավելի կարեւոր. 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման Հայաստանի պահա՞նջը, թե՞ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը
Թուրքիայի համար 1915թ. իրադարձությունների հարցն ավելի առաջնային է, քան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Մենք համոզված ենք, որ իրական պատմական իրադարձությունների պարզաբանման համար պետք է ստեղծել պատմաբանների կոմիտե, որն էլ կպատասխանի բոլոր հարցերին: Միայն դրանից հետո կարելի է խոսել երկու երկրների միջեւ սահմանի բացման մասին: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, ապա Թուրքիան կարող է օգնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում: Մենք հասկանում ենք, որ այդ հակամարտությունը երկու երկրներին է վերաբերում, բայց այն նաեւ տարածաշրջանային է: Իսկ մեր երկրի համար կարեւոր են բարիդրացիական հարաբերությունները բոլորի հետ: Եթե խոսում ենք տվյալ հարցում Թուրքիայի ակտիվ օգնության մասին, ապա այն կարող է ցուցաբերվել միայն հակամարտող կողմերի միջեւ հարաբերությունների հաստատումից հետո: Տարածաշրջանի բոլոր երկրներն էլ խդիրներ ունեն, բայց պատերազմը դրանց լուծման լավագույն տարբերակը չէ: Միշտ էլ կարելի է նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ հանգիստ խոսել: Դրա հետ մեկտեղ, ես համոզված եմ, որ Ադրբեջանը երբեք պատերազմ չի սկսի Լեռնային Ղարաբաղի դեմ: Դա պարզապես չի կատարվի: Բայց եթե նույնիսկ դա տեղի ունենա, Թուրքիան տվյալ հարցում օբյեկտիվ դիրքորոշում կբռնի:
Ինչ եք կարծում, ինչպե՞ս կարտացոլվի հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը Թուրքիայի` ԵՄ մտնելու վրա
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատրաստակամությունը կարելի է գնահատել որպես ԵՄ անդամակցությանն ուղղված քայլ: Հարեւան երկրների հետ նորմալ հարաբերությունները Եվրամիության պայմաններից մեկն է: Անկարայի համար ԵՄ անդամակցությունը շատ կարեւոր է: Թերեւս մենք կարծում ենք, որ Եվրոպան էլ իր հերթին պատրաստ չէ իր շարքերում ընդգրկել 70 միլիոնանոց մուսուլմանական բնակչությամբ մի երկիր. դրա համար ժամանակ է պետք: Բայց եւ այնպես, մենք շարունակում ենք բարեփոխումները եւ շարժվելու ենք հենց այդ ուղղությամբ: Կարգավորումը անհրաժեշտ է նաեւ Հայաստանին, որն իրագործում է հարեւանության Եվրոպական քաղաքականությունը:
Մամուլում հայտնվել են հումանիտար բեռների մատակարարման համար սահմանի հնարավոր բացման մասին հաղորդումներ...
Վրացա-օսական հակամարտության հենց սկզբից Հայաստանի եւ Թուրքիայի մի շարք հասարակական կազմակերպություններ հումանիտար օգնություն մատակարարելու համար սահմանը բացելու խնդրանքով դիմեցին Անկարային: Բայց այդ մասին ոչ մի խոսակցություն դեռ չի գնում: Հիմա սահմանի բացման մասին խոսելը վաղ է, բայց ես հավատում եմ, որ դա տեղի կունենա շատ ավելի շուտ, քան մենք կարծում ենք: