1 դեկտեմբերի 2008 - 14:20 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Դենիս Սամուտ.
Մայնդորֆի հռչակագիրը լավ հիմք կհանդիսանա ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերի համար
ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խումբը իր գոյության ողջ ընթացքում կարողացավ թույլ չտալ հակամարտության ռազմական լուծում: Մայնդորֆի հռչակագրում հիմնական շեշտը դրվում է հակամարտող կողմերի միջեւ վստահության միջոցների հաստատման վրա, սակայն առաջխաղացում այս հարցում դեռեւս չի երեւում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակի մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Consortium Initiative-ի գործադիր ղեկավար կոմիտեի նախագահ Դենիս Սամուտը:
Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի Իտալիայում արված վերջին հայտարարությունն այն մասին, թե «Ադրբեջանը իրավունք ունի ինքը լուծել Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը»:
Ես լսել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի իտալական RAI հեռուստաալիքին տված հարցազրույցը: Ինչ կարող եմ ասել` դա նույնն է, ինչ նա ասում էր որոշ ժամանակ առաջ, ոչ մի նոր բան: Consortium-ի դիրքորոշումն անփոփոխ է` ղարաբաղյան խնդրի միակ լուծումը խաղաղ կարգավորումն է եւ Մոսկովյան հռչակագիրը հենց դա է արտացոլում: Խաղաղ կարգավորումը մեծ հեռանկարներ ունի: Ուստի մենք բարձր ենք գնահատում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների ստորագրած հռչակագիրը եւ կարծում ենք, որ դա լավ հիմք կհանդիսանա ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ապագա քայլերի համար:
Որքանո՞վ է ադրբեջանական հասարակությունը պատրաստ շփվել հայ հանրության հետ, եթե հաշվի առնենք հակահայկական քարոզչությունը Բաքվի ԶԼՄ-ներում:
Թշնամու կերպարի» խնդիր կա Ադրբեջանում, սակայն լինենք անկեղծ, այն կա նաեւ Հայաստանում, սակայն դա հաղթահարելի է, այդ ուղղությամբ պետք է մեծ աշխատանք տարվի, երկու երկրների կառավարություններն ու հասարակությունները պետք է համագործակցեն այս հարցում: Սակայն նաեւ հեշտ է հոռետես դառնալ այս խնդրի լուծման հարցում: Ես եղել եմ բազում իրավիճակներում, երբ հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչներ հասարակության տարբեր շերտերից եւ նրանք գտել են խոսակցության թեմաներ: Մոսկովյան հռչակագիրն վկայում է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների կարեւորության մասին: Consortium Initiative-ը, որին անդամակցում են International Alert, Conciliation Resources, LINKS-ը, 2003թ. ի վեր աշխատում է հենց այդ ուղղությամբ ՈԿԿ-ի տարբեր ներկայացուցիչների, քաղաքական գործիչների, պաշտոնյաների հետ: Մենք կարծում ենք, որ գործունեության դաշտ ունենք հետագա աշխատանքի համար, եւ մենք կցանկանայինք, որ այդ աշխատանքը զարգանար Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների եւ միջազգային հանրության աջակցությամբ:
Ընդունո՞ւմ են արդյոք ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ձեր առաջարկները եւ եթե այո, ապա հատկապես ինչպես: Դուք տեսնո՞ւմ եք դրանց իրականացումը:
Մենք ընդլայնված խորհրդակցություններ անցկացրեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահների, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների հետ: Consortium Initiative-ը որոշ կոնկրետ ու շատ գործնական առաջարկներ է ուղարկել ԵԱՀԿ ՄԽ-ին այն մասին, թե ինչ կարելի է անել ղարաբաղյան գործընթացում հաջորդ շաբաթներին ու ամիսներին: Ես ոչ մի կասկած չունեմ, որ դրանք լրջորեն կքննարկվեն, եւ ես հուսով եմ, որ մենք շուտով կկարողանանք տեսնել դրանց արդյունքները:
Չի ձգձգվի արդյոք ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ինչպես դա եղավ պաղեստինա-իսրայելյան հակամարտության դեպքում:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը չափազանց երկար է տեւում եւ դա վատ է բոլորի համար: Նրանք, ով ասում է թե ժամանակն աշխատում է այս կամ այն կողմի օգտին, հիմարներ են: Ամեն անցած օրը կորած է բոլորի համար, քանի որ մարդիկ են տառապում հակամարտության երկու կողմերից: Ես հուսով եմ, որ մենք կկարողանանք շուտով տեսնել առաջընթացը եւ բոլոր նրանք, ով ներգրավված է այդ գործընթացում, այսպես թե այնպես պետք է զբաղվեն դրանով առավել ակտիվ եւ, կարեւորը, անհապաղ: