17 դեկտեմբերի 2008 - 16:43 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հրանուշ Հակոբյան.
Հայերը պետք է միավորվեն ոչ միայն վշտի պահին, այլեւ հզոր ու բարգավաճող Հայաստան կառուցելու համար
Հայաստանի Սփյուռքի նախարարության հաստատությունը շատ հույսեր է արթնացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Շատերն են ողջունել այդ գերատեսչության ստեղծման գաղափարը, քանի որ դրա գործունեությունը ուղղված է լինելու ամենատարբեր ոլորտներում Հայաստանի եւ հայկական սփյուռքի միջեւ կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը: Դրանից բացի, Նախարարությունը մտադրված է իրագործել հայրենադարձության` հայերին Հայրենիք վերադարձնելու ծրագիրը: Նախարարության ծրագրերի եւ առաջիկա աշխատանքների մասին PanARMENIAN.Net-ին պատմել է Սփյուռքի հարցերով նախարար Հրանուշ Հակոբյանը:
Վերջերս Երեւանում կայացավ «Հայրենադարձությունը եւ նրա դասերը. Հայրենադարձությունն այսօր» ասուլիսը: Ելույթ ունենալով ասուլիսին` Դուք հայտարարեցիք այն մասին, որ հանրապետության կառավարությունը պետք է ամեն կերպ խրախուսի հայրենադարձության ծրագրի իրագործումը: Ինչպիսի՞ քայլեր կձեռնարկի Սփյուռքի նախարարությունն այդ ուղղությամբ: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ պայմաններ պետք է ստեղծվեն հայրենադարձության ապահովման համար:
Այո, մենք խրախուսելու ենք մեր հայրենակիցների հայրենադարձությունը: Բայց այդ ծրագիրը չի նախատեսում միայն ֆիզիկական հայրենադարձություն: Հայը պետք է իր հայրենիք վերադառնա ոչ միայն մարմնով, այլեւ` հոգով, սրտով եւ մտքով: Մեր առաջին խնդիրը կայանում է նրանում, որ մենք բոլորս պետք է Հայաստանի սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցներին հիշեցնենք, որ նրանք հայ են: Հենց այդ պատճառով էլ մենք այդպես խրախուսում ենք «Արի տուն» ծրագրի իրագործումը: Այդ ծրագրով մենք պլանավորում ենք իրականացնել սփյուռքի հայ երիտասարդության հայրենադարձը: Մենք համոզված ենք նրանում, որ եթե թեկուզ մի անգամ երիտասարդ հայը հայրենիք գա, նա կցանկանա հավերժ այստեղ մնալ եւ իր ներդրումն ունենալ իր երկրի զարգացման մեջ: Մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի մեր հսկայական սփյուռքը, որն ամբողջ աշխարհում հաշվում է մոտ 10 միլիոն մարդ, օգտագործի իր հոգեւոր եւ ֆինանսական պոտենցիալը Հայաստանի ամրապնդման եւ զարգացման համար: Մենք պետք է միավորվենք ոչ միայն վշտի պահին, այլեւ հզոր ու բարգավաճող հայրենիք ստեղծելու համար: Շատերն ասում են, որ հայրենադարձության իրագործման համար անհրաժեշտ է հատուկ պայմաններ ստեղծել: Ինձ թվում է, որ մենք բոլորս` Հայաստանի եւ սփյուռքի հայերս, պետք է ապրենք եւ աշխատենք միանման պայմաններում:
Սփյուռքի ներկայացուցիչների մեջ շատ տաղանդավոր մարդիկ կան, բայց նրանցից քչերին են ճանաչում Հայաստանում: Ինչպե՞ս է Սփյուռքի նախարարությունը պատրաստվում փոխել ներկայիս իրադրությունը եւ արդյո՞ք արդեն կան հստակ ծրագրեր, որպեսզի մեր հասարակությունը տեղեկանա Հայաստանի սահմաններից դուրս ապրող տաղանդավոր հայերի մասին:
Անկասկած, այդ խնդիրը շատ ակտուալ է: Նախարարությունն արդեն մշակում է «Մեծարման օրեր» ծրագիրը, որի համաձայն ամեն տարի մենք անցկացնելու ենք սփյուռքի մտավորականության երեք հայտնի ներկայացուցիչների մեծարման օրեր: 2009թ. ծրագրվում է անցկացնել Շառլ Ազնավուրի, Քըրք Քըրքորյանի եւ Ալեք Մանուկյանի մեծարման օրերը: Եթե ծրագիրը հաջողվի, ապա այն շարունակություն կունենա, եւ արդեն 2010թ. մենք ամեն ամիսը սփյուռքի հայտնի ներկայացուցիչներից մեկին կնվիրենք: Մեր ամենահիմնական սխալներից մեկն այն է, որ մենք վատ ենք ճանաչում մեր սփյուռքը, իսկ սփյուռքը` մեզ: Մենք պետք է այնքան մերձենանք, որպեսզի Հայաստանում չլինի այնպիսի մի մարդ, որը չիմանա, թե ով է Ալեք Մանուկյանը:
Ներկայումս հայկական ամենախոշոր համայնքը Ռուսաստանում է: Արդյոք Ձեզ չի՞ թվում, որ նա չի օգտագործում իր ողջ պոտենցիալը Հայաստանի զարգացման գործի համար: Ինչպե՞ս եք Դուք գնահատում նրա ինքնակազմակերպման մակարդակը:
Իհարկե, շատ աշխատանք պետք է տարվի հենց Ռուսաստանի հայկական համայնքի հետ: Բայց Ռուսաստանը հսկայական երկիր է, եւ նրա ցանկացած մարզում հազարավոր հայեր են բնակվում: Հետեւաբար, մենք պետք է մեր ջանքերը գործադրենք յուրաքանչյուր ռուսական մարզի հայկական համայնքի հետ համագործակցությունը կարգավորելու համար եւ պետք է անենք դա տվյալ մարզի համայնքի առանձնահատկություններին համապատասխան: Հասկանալի է, որ Մոսկվայի համայնքի հետ մենք չենք աշխատելու այնպես, ինչպես Տյումենի մարզի հետ: Դա նշանակում է, որ մենք պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերենք յուրաքանչյուր մարզի հանդեպ, որտեղ հայեր են բնակվում: Ինձ ուրախացնում է այն փաստը, որ ՌԴ-ում գոյություն ունի միացյալ կազմակերպություն` Ռուսաստանի հայերի Միությունը: Այդ կազմակերպության հետ միասին մենք կկարողանանք կողմնորոշել հայության պաշտպանությանն ուղղված մեր ջանքերը: Եթե մենք կարողանայինք ակտիվացնել Ռուսաստանի հայերի Միության մարզային ներկայացուցչությունների աշխատանքները եւ համատեղել Միության աշխատանքը Հայաստանի համապատասխան գերատեսչությունների եւ կառույցների ջանքերի հետ, ապա մենք զգալի արդյունքների կհասնեինք: Մենք հասկանում ենք, որ դրա համար մեզ ժամանակ, համառություն եւ ջանք է հարկավոր: Մենք նաեւ շատ լավ պատկերացնում ենք, որ հասարակությունն ու սփյուռքը մեզնից շատ բան են սպասում, բայց մեզ ժամանակ է հարկավոր, որպեսզի ցույց տանք մեր ձեռքբերումները: