9 հոկտեմբերի 2009 - 15:09 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հանս Յոհեն Շմիդտ.
Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների շնորհիվ Հայաստանը նոր հնարավորություններ կստանա
Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավումը հող կնախապատրաստի տարածաշրջանում նոր հարաբերությունների ձեւավորման համար, PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպան Հանս Յոհեն Շմիդտը: Ըստ նրա, ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցային գործընթացի համար Թուրքիան պետք է դրական քայլեր ձեռնարկի հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ, դրանով իսկ ապացուցելով իր պատասխանատվությունը տարածաշրջանի անվտանգության համար եւ որոշումների համապատասխանությունը հավասարակշիռ հարաբերություններին:
Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը:
Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավումը հող կնախապատրաստի տարածաշրջանում նոր հարաբերությունների ձեւավորման համար: Հայերի համար դժվար է մոռանալ անցյալը, սակայն քաղաքական տեսակետից կարեւոր է եւ հարկավոր է ջանքեր գործադրել հարաբերությունները կարգավորելու համար այնպիսի հարեւանի հետ, ինչպիսին Թուրքիան է: Սակայն անհրաժեշտ է, որ Թուրքիան ու Հայաստանը ընթացք տան հաշտեցման գործընթացին, ինչը ժամանակին, անկախ անցյալից, արեցին Գերմանիան, Ֆրանսիան ու Լեհաստանը:
Ի՞նչ տնտեսական հետեւանքներ կարող են առաջանալ Հայաստանի համար հայ-թուրքական սահմանի բացման դեպքում:
Հայաստանի շահերից է բխում նոր ուղիներ գտնել, նման հնարավորություն կարող է ընձեռել սահմանի բացումը: Հայ-թուրքական սահմանի բացումը նոր խթան կհանդիսանա ՀՀ առեւտրատնտեսական քաղաքականության զարգացման համար: Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների օգնությամբ Հայաստանը նոր հնարավորություններ, նոր առեւտրային ուղիներ կստանա:
Կարո՞ղ է արդյոք հայ-թուրքական սահմանի բացումը եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նպաստել Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին:
Ըստ ԵՄ-ի պահանջների, եվրաընտանիքի անդամ դառնալու համար Թուրքիան շատ բան պետք է հաղթահարի: Չկանխատեսելով սահմանի բացման ազդեցությունը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վրա` ես կցանկանայի նշել, որ ԵՄ-ի շահերից է բխում, որ Թուրքիան քայլեր ձեռնարկի Հարավային Կովկասում կայունության հաստատման եւ հարեւան երկրների հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Անհրաժեշտ է, որ Թուրքիան առաջիկա բանակցություններում բարձրացնի իր վարկանիշը, դրական քայլեր ձեռնարկի հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ, դրանով իսկ ապացուցելով իր պատասխանատվությունը տարածաշրջանի անվտանգության համար եւ որոշումների համապատասխանությունը հավասարակշիռ հարաբերություններին: Ես գիտեմ, որ նման հարաբերություններ հնարավոր են, սակայն, հասկանում եմ նաեւ դրանց ստեղծման ճանապարհին առկա դժվարությունները: Ես նաեւ հաջողություն եմ մաղթում Հայաստանին ու Թուրքիային ձեռնարկած քայլերում: Ինչպես հայտնի է, ԵՄ-ն եւ հատկապես Գերմանիան ոչ միայն ասատարում են, այլ ողջունում են հարաբերությունների կարգավորումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ: