5 նոյեմբերի 2009 - 22:21 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հրանուշ Հակոբյան.
Հայի տունը Հայաստանն է
Երկար ժամանակ Սփյուռքը Հայաստանի համար, նրա ներկայացուցիչներից մեկի պատկերավոր արտահայտությամբ, «կթու կով» էր եւ ոչ ոք լրջորեն չէր զբաղվում Սփյուռքի հարցերով, Հայրենիքի հետ կապերի հաստատմամբ ու վերականգնմամբ: Մեկ տարի առաջ վերջապես ստեղծվեց սփյուռքի նախարարությունը: Այն մասին, ինչ է հաջողվել անել անցած տարում եւ ապագայի ծարգրերի մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է պատմել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Մեկ տարի է, ինչ Հայաստանում գործում է սփյուռքի նախարարությունը: Ամփոփելով, ինչպե՞ս եք գնահատում կատարված աշխատանքը: Հաջողվեց իրականացնել այս ժամանակահատվածի համար նախանշված ծրագրերը:

Ես կարծում եմ, որ մեկ տարի անց արդեն կարելի է որոշ գնահատականներ տալ: Այս տարվա ընթացքում նախարարությանը հաջողվեց մի շարք հարցեր լուծել: Առաջին հերթին, լուծվեցին իրավական հարցերը, ինչը թույլ տվեց իրավական հիմք ստեղծել մեր գերատեսչության գործունեության համար: Իրավական հարցերից բացի, մենք ուշադրությունը սեւեռեցինք նաեւ կազմակերպչական հարցերի վրա: Ես գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ մեր նախարարությունն արագ կայացավ որպես պետական մարմին: Նախարարության ստեղծմանը սրտի թրթիռով եւ ոգեւորությամբ էին սպասում մեր Սփյուռքում: Վերջապես մեր հայրենակիցները հասկացան, որ մեր պետությունը լուրջ ուշադրություն է դարձնում Սփյուռքի հարցերին ու խնդիրներին: Նախարարությունը կամուրջ դարձավ Հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ: Դա է այն առանցքը, որի շուրջ միավորվեցին աշխարհի հայերը, միասնական դարձան ազգային հարցերի լուծման համար: Հենց այդ պատճառով մենք փորձեցինք իրականացնել ծրագրեր, որոնք համահայկական բնույթ են կրում եւ միավորել աշխարհի հայ համայնքներին: Այսօր աշխարհի շուրջ 100 երկրներում գրանցված են շուրջ 30 հազար հայկական կազմակերպություններ: Նրանց բոլորի հետ աշխատանքի կազմակերպումն ու ընթացքը բավականին դժվար գործ է:

Հենց մեր աշխատանքի ընթացքում մենք հասկացանք, որ Սփյուռքը շատ բազմաշերտ է ու տարատեսակ: Ցանկացած տարածաշրջան, որտեղ հայկական համայնք կա, ունի իր առանձնահատկությունները եւ յուրահատուկ խնդիրները, եւ հետեւաբար, մենք չենք կարող բոլորի հանդեպ նույն քաղաքականությունը վարել:

Վերջին տարիներին Հայաստան-Սփյուռք համագործակցության ոլորտում մենք դարձանք զարգացումների եւ փոփոխությունների ականատեսը: Եթե մինչեւ վերջերս Սփյուռքը դիտարկվում էր որպես ֆինանսական աղբյուր, ապա այժմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ սփյուռքահայերը պետք է գան հայրենիք, ներդրումներ անեն եւ շահույթ ստանան: Բացի այդ, հստակ հայտարարվեց, որ արտերկրի հայերը պետք է իրենց ներդրումն ունենան երկրի զարգացման գործում:

Հայաստանի ղեկավարությունը բազմիցս է հայտարարել, որ Սփյուռքը Հայաստանի կարեւորագույն «ռեսուրսն է»: Որքանո՞վ է այսօր Հայաստանն օգտագործում այդ ռեսուրսը:

Հենց այդ պատճառով մենք հրաժարվեցինք մեծ համահայկական համաժողովների անցկացումից եւ անցկացրեցինք պրոֆեսիոնալ համաժողովներ` նպատակ ունենալով միավորել հայ մասնագետներին եւ շփումներ հաստատել նրանց միջեւ: Երբ մենք ասում ենք, որ Սփյուռքը մեր մրցակցային առավելությունն է, ի նկատի ունենք, որ այդ առավելությունը նրանում է, որ մեր հայրենակիցներն աշխարհի տարբեր երկրներում լուրջ մակարդակի են հասել իրենց ոլորտներում, եւ մենք ցանկանում ենք, որ իրենք իրենց հմտությունները ներդնեն իրեցն հայրենիքում այդ ոլորտների զարգացման համար: Այդ նպատակով մենք քայլեր ենք ձեռնարկում մասնագետների համահայկական ցանց ստեղծելու ուղղությամբ: Ես հաճախ եմ ասում, որ հայերն արտերկրում հաջողության են հասել իրենց հայկական գենի շնորհիվ եւ դրա լավագույն փոխհատուցումը կլինի նրանց ներդրումը հայրենիքում: Մենք պետք է մտածենք ոչ թե այն մասին, թե ինչպես ֆինանսներ բերենք, այլ ինչպես մեր երկիր բերենք նրանց հմտությունները, հնարավարությունները եւ ճիշտ օգտագործենք դրանք: Այսինքն, Սփյուռքը վերակազմավորվում է մասնագիտորեն, եւ մեզ համար չափազանց կարեւոր է ուսումնասիրել Սփյուռքը գիտական տեսակետից: Մենք պետք է լավ ճանաչենք մեր Սփյուռքը, իսկ Սփյուռքը` մեզ: Մեր ամենամեծ բացթողումն այն է, որ մենք մինչ օրս լիովին չեն ճանաչում միմյանց: Մենք տարբեր ենք, սակայն մենք ընդահնուր անցյալ ունենք, եւ վստահ եմ, որ այդպիսին է լինելու նաեւ մեր ապագան: Այսօր մենք ցանում ենք Հայաստան-Սփյուռքը ծառ սերմերը, որը վաղն իր պտուղները կտա: Սակայն այդ ծառին հետեւել է պետք, խնամել է պետք:

Ուղիղ մեկ տարի առաջ մեր գործակալությանը տված հարցազրույցում Դուք հայտարարեցիք Հայաստանի զարգացման գործում ամենամեծ հայկական համայնքի` Ռուսաստանի հայերի մասնակցության անհրաժեշտության մասին: Կոնկրետ ի՞նչ է արվել այդ ուղղությամբ:

Ռուսաստանում կա մեկ խոշոր կազմակերպություն` Ռուսաստանի հայերի միությունը, որը զբաղվում է հայ համայնքի հարցերով: Սակայն, քանի որ ՌԴ-ն մեծ երկիր է եւ հայերը բնակվում են նրա տարբեր մասերում, ապա այդ կազմակերպությունը չի կարող ամբողջապես լուծել բոլոր խնդիրները: Հենց այդ պատճառով է, որ մենք սկսել ենք աշխատել մարզերի հետ: Այսօր ես ուրախությամբ կարող եմ նշել Կալինինգրադի մարզի հայկական համայնքի կայացումը: Այն կարող է հիանալի օրինակ հանդիսանալ Ռուսաստանի մյուս հայկական համայնքների համար: Մեզ հաջողվեց լուրջ աշխատանքներ տանել Սոչիիի, Կրասնոդարի , Դոնի Ռոստովի, Տյումենի, Չելյաբինսկի, Ամուրի հայ համայնքների հետ: Մենք նրանց հետ լուծում ենք հայկական կիրակնօրյա դպրոցների ստեղծման հարցը: Ցանկանում եմ նշել, որ Ռուսաստանում արդեն կա 6 նման դպրոց, որոնց մենք գրքեր եւ անհրաժեշտ նյութեր ենք ուղարկել: Մենք կապ ենք պաշտպանում նաեւ տեղական հայկական թերթերի հետ:

Նախարարության բացումից անմիջապես հետո հայրենադարձությանը նվիրված խորհրդաժողով կազմակերպվեց: Պատմենք, խնդրեմ, թե ինչ փուլում է այժմ այդ ծրագրի իրականացումը:

Մենք արդեն մշակել ենք հայրենադարձության ծրագիր, եւ այն ներկայացվել է կառավարությանը: Այդ ծրագրի հիման վրա նախատեսվում է մշակել համապատասխան օրինագիծ: Մենք չենք ցանկանում շտապեցնել սփյուռքահայերին: Նրանք պետք է մանրակրկիտ կերպով ծանոթանան այդ ծրագրին, ամեն ինչ քննարկեն: Ես վստահ եմ, որ հայրենադարձությունը մեր ազգի ապագան է, քանի որ Հայաստանը յուրաքանչյուր հայի տուն է: Անշուշտ, ընդամենը մեկ տարվա ընթացքում անհնար է լուծել բոլոր այդ հարցերը, սակայն ծրագիրն իրականացման փուլում է գտնվում:

Այսօր հաճախ է այն կարծիքը հանդիպում, թե իբր Սփյուռքը երես է թեքել Հայաստանից: Նման խոսակցությունները ակտիվացան հատկապես հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից հետո: Դուք նման միտում տեսնո՞ւմ եք:

Հայաստանի ու Թուրքիայի միջեւ փաստորեն մեկ դար հարաբերություններ չեն եղել: Ակնհայտ է, որ այդ հարցը բավական բարդ է ու այնքան խճճված, որ դրա լուծումը շատ բարդ է լինելու: Ակնհայտ է, որ Սփյուռքն ու Հայաստանը երբեք չեն կարողանա մոռանալ Օսմանյան կայսրությունում 1,5 հայերի ոչնչացման մասին: Սակայն ցանկանում եմ նշել, որ Հայաստանի նախագահը բազմիցս է հայտարարել, որ Հայոց ցեղասպանության հարցն երբեք սակարկության առարկա չի լինի: Այդ փաստը ապացույցի կարիք չունի: Եթե մենք ցանկանում ենք, որ Թուրքիան ինչպես եւ աշխարհի մյուս երկրները, ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա նրա հետ հարաբերությունների զարգացումը կհանգեցնի դրան: Վաղ թե ուշ Անկարան կճանաչի այդ փաստը: Ոչ ոք չի կարող ասել, որ Սփյուռքը կարող է միակարծիք լինել հայ-թուրքական հարաբերությունների հարցում: Աշխարհի 120 երկրներում շւրջ 8 մլն հայ է բնակվում եւ, հետեւաբար, նրանք բոլորը չեն կարող նույն կարծիքն ունենալ: Ես գտնում եմ, որ Սփյուռքը երբեք չի կարող հեռանալ հայրենիքից, նա իր ուժը հայրենիքից է ստանում: Մենք մեր հերթին պետք է ուշադիր լսենք նրանց կարծիքը, հաշվի առնենք:

Ի՞նչն եք համարում Ձեր ամենամեծ նվաճումը նախարարի պաշտոնում: Եվ ինչը՞ կարող է նվաճում դառնալ ապագայում:

Անշուշտ, բոլոր վերոնշյալ ծրագրերի իրականացումը կարելի է դիտարկել որպես նվաճում, սակայն ես կասեմ, որ մեր նախարարության կայացումն ինձ համար այժմ ամենակարեւոր նվաճումն է: Ապագայում կցանկանայի, որ իմ նվաճումը լիներ Հայաստանի ու Սփյուռքի միասնությունը: Մեր հակառակորդները կարող են հաղթել մեզ, եթե մենք պառակտված լինենք: Իսկ եթե մենք միասնական ու համախմբված լինենք, մեզ հնարավոր չի լինի հաղթել: