Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, Թուրքիան պետք է վերանայի իր դիրքորոշումը` հակահայկական արտաքին քաղաքականությունն ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան նաև պետք է կայուն քաղաքականություն վարի` ուղղված խաղաղության ու բարիդրացիական հարաբերություների հաստատմանը միջազգային իրավունքի հիման վրա, ոչ թե լինի Ադրբեջանի քաղաքականության պատանդը, որի նպատակն է “կոտրել” Հայաստանի կամքը, ինչն անհեռանկարային է:
Փաստաորեն, թուրքական կողմը, ամբողջապես շաղկապելով հայ-թուրքական կարգավորումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, այս փուլում արգելակում է կարգավորման գործընթացը: Թուրքիան, եթե ցանկանում է դառնալ ժողովրդավարական պետություն և անդամակցել Եվրամիությանը, պետք է համարձակ քայլի գնա` առերեսվի իր պատմության հետ և լուծի իր բազում խնդիրները: Իսկ, չէ որ դա ոչ միայն Հայոց ցեղասպանությունն է, այլ նաև հույների ու ասորիների ցեղասպանություններն, ինչպես նաև քրդական հարցը, Հյուսիսային Կիպրոսի և շատ այլ խնդիրներ:
Այնուամենայնիվ, ըստ իս, հայ-թուրքական հարաբերությունները կհաստատվեն, քանի որ ժամանակն է, որ կողմերից յուրաքանչյուրը վերանայի իր դիրքորոշումը, ընդառաջ գնա միմյանց ի շահ սեփական ժողովրդների: Հաշվի առնելով այն, որ “այս աշխարհի մեծերը” շահագրգիռ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում` ԱՄՆ նախագահ Օբաման շտապում է զեկուցել իր նոր դիվանագիտական հաղթանակի` հայերի ու թուրքերի դարավոր խնդիրների կարգավորման մասին, չէ որ, գաղտնիք չէ, որ դա ամերիկյան նախագիծ է, որի մտահղացումը դեռ մի քանի տարի առաջ արդեն կար:
Տեսնելով, որ “տեղապտույտ է” գնում և բանակցություններն մասնակիորեն փակուղի են մտել, ԱՄՆ վարչակազմն ամեն ինչ կանի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար և կկարողանա ճնշում գործադրել Թուրքիայի հանդեպ, որպեսզի “ամոթով չմնա”, ինչպես այժմ ընդունված է ասել, և նպաստի հայ-թուրքական սահմանի գոնե մասնակի բացմանը:
Հրադադարի ընթացքում Ադրբեջանը բավական ժամանակ ուներ իր զինված ուժերը հարձակողական գործողություններին նախապատրաստելու համար, իսկ Լեռնային Ղարաբաղը բավական ժամանակ ուներ լուրջ պաշտպանության նախապատրաստվելու համար: Պաշտպանական գիծն անցնում է ԼՂՀ գրեթե ողջ սահմանով: Այն կառուցված է ռազմական ինժեներական մտքի բոլոր կանոններով, և կոտրել այդ պաշտպանությունը չափազանց դժվար կլինի: Պետք է հաշվի առնել նաև ղարաբաղցիների “պաշարվածության” գործոնը` նրանք նահանջելու տեղ չունեն և կատաղի պաշտպանելու են սեփական հողի յուրաքանչյուր մետրը:
Վրաց-օսական պատերազմը ցույց տվեց, թե ինչ սցենար կարող է ունենալ ժամանակակից պատերազմը մեր տարածաշրջանում: Առավելագույնը այն կտևի 4-6 օր: Նույնիսկ բարենպաստ պայմաններում Ադրբեջանը չի կարողանա այդ ընթացքում լուծեղ Ղարաբաղի խնդիրն ուժային ճանապարհով, քանի որ ինչ ջանքեր էլ գործադրի, կբախվի ԼՂՀ Պաշտպանության բանակի կատաղի դիմադրությանը և մեծ կորուստներ կկրի 1-3 օրերին` ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկայով:
Եթե Ադրբեջանն այնուամենայնիվ պատերազմ սկսի, խաչ քաշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր ջանքերի վրա, ապա պետք է հասկանա, որ գրեթե անմիջապես Լեռնային Ղարաբաղը կճանաչվի որպես անկախ պետություն բազմաթիվ երկրների կողմից: Սակայն, հնարավոր է նաև, որ Ադրբեջանը ինչ-որ լոկալ գործողություններ ձեռնարկի, որոնք հարկավոր են նախագահ Իլհամ Ալիևին նախընտրական արշավի համար:
Այս փուլում Ադրբեջանը դժգոհ է նաև ԱՄՆ գործունեությունից ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում` համարելով, որ “հայկական լոբբիի ազդեցության տակ նա կորցնում է իր չեզոքությունն ու բացահայտ սատարում է Հայաստանին”: Դուր չի գալիս Ադրբեջանին նաև ԱՄՆ-ի կողմից ամեն տարի Լեռնային Ղարաբաղին հատկացվող մարդասիրական օգնությունը:
Այն բանից հետո, երբ Թուրքիան կտրականապես հրաժարվեց բացել Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ չի լուծվել Ղարաբաղի խնդիրը, միջուկային անվտանգության համաշխարհային գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանը սկսեց բացահայտ իր դժգոհությունը հայտնել ԱՄՆ-ին` փաստորեն ստանալով Թուրքիայի աջակցությունն այդ հարցում:
Ադրբեջանը վերանայում է իր դիքրորոշումը, փոխում է արտաքին քաղաքականության ուղղվածությունը Մոսկավյի կողմը` պայմանագրի կնքումը “Գազպրոմի” հետ գազի մատակարարման շուրջ, թեև նման պայմանագրի մասին խոսք չէր գնում կողմերից և ոչ մեկում, վկայում է այն մասին, որ կարող է վերանայվել ԱՄՆ-ի մասնակցությունը էներգետիկ նախագծերին:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանը կտրուկ սրացման չի գնա ԱՄՆ-ի հետ` հասկանալով թե ինչ հետևանքներ դա կարող է ուեննալ: Վստահ եմ նաև, որ Ադրբեջանում հակաամերիկյան հիստերիայի պատճառներից մեկը նաև այն է, որ Ալիևը չէր հրավիրվել միջուկային անվտանգության գագաթնաժողովինի: Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի պետ Ալի Հասանովը. “Ադրբեջանի իշխանությունները վշտացած են, քանի որ չէին հրավիրվել օրերս Վաշինգտոնում կայացած միջուկային գագաթնաժողովին: Իսկ Հայաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Ղազախստանի նախագահները հրավիրվածների թվում էին…:”