Նա ղեկավարել է Ուոթերթաունի հայկական Սահակ Մեսրոբ դպրոցը, որտեղ ուսանում է 150 աշակերտ: Նրա շնորհիվ, դպրոցում սկսվեց ուսուցիչների ու աշակերտների վերապատրաստման ծրագիրը: Նա նաև գլխավորում է Երևանի ու Քեմբրիջի քույր քաղաքների ասոցիացիան: 1988թ. Եվա Մեձորյանը գլխավորեց Հայ ընդհանուր բարեգործական միության Նյու Ինգլանդի մասնաճյուղը և հիմնել է երկու նոր գրասենյակ, ինչպես նաև հիմնել և գլխավորում է Հայ կանանց միջազգային ասոցիացիան, որը Հայաստանում գլխավորում է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Եվա Մեձորյանն իր մտորումներն է կիսել PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ բարեգործության, Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդման վերաբերյալ:
Ես ամուսնուս հետ սկսել եմ բարեգործությամբ զբաղվել 5 տարի առաջ և կշարունակեմ դա անել, չէ որ մենք շատ քիչ ժամանակ ունենք, իսկ դեռ որքան անելիք կա: Մեր փոքրիկ երկրում ես բազմաթիվ աղքատ մարդկանց եմ տեսնում: Աղքատություն կա ողջ աշխարհում, սակայն մեր երկրում այդքան շատ աղքատներ չպետք է լինեն: Մեզ մոտ վատ է զարգացած միջին դասակարգը, իսկ դա անթույլատրելի է: Չի կարելի հանգիստ ապրել, երբ գիտես, որ ինչ-որ մեկը քաղցած է քնում և չգիտի, թե վաղը որտեղից է կերակուր հայթայթելու: Միթե՞ դա նորմալ է: Եթե մենք ցանկանում ենք մեր երկիրը տեսնել բարգավաճ, ապա պետք է ուշադրություն դարձնենք նրա յուրաքանչյուր քաղաքացուն:
Սպիտակի երկրաշարժից 20 տարի է անցել, իսկ իրավիճակը աղետի գոտում նույնն է: Ես տեսնում եմ Երևանի հրաշալի վերածնունդը, իմ ամեն այցելության հետ նա ավելի գեղեցիկ և բարեկեցիկ է դառնում, և ես շատ ուրախ եմ դրա համար: Սակայն, հենց որ դուրս ես գալիս մայրաքաղաքից, անմիջապես բախվում ես աղքատության հետ: Նույնիսկ հարկ չկա դուրս գալ Երևանի սահմաններից, քաղաքի ծայրամասերում նույն պատկերն է: Ես կցանկանայի, որ Սփյուռքի ներկայացուցիչները տեսնեին այդ ամենը սեփական աչքերով: Բավական է ավելի պարզ հագնվել և այցելել Հայաստանի սահմանամերձ շրջաններ` խոսել բնակիչների հետ, սակայն յուրայինի պես, և հարցնել, թե ինչ խնդիրներ ունեն: Սակայն շատերը գերադասում են թաքնվել խնդիրներից և մտածել, որ ոչ մի խնդիր էլ չկա: Նրանք թաքնվում են մութ ապակիներով մեքենաներում` զերծ պահելով իրենց շրջապատի խնդիրներից:
Համագործակցություն նախկինում էլ կար, սակայն երկրաշարժն ու ազատագրական պատերազմը համախմբեցին ժողովրդին` ստիպելով հասկանալ, որ Հայաստանն է նրանց Հայրենիքը և իրենց կարիքն ունի: Չէ որ Սփյուռքը միշտ է զգում Հայրենիքի կարիքը, իսկ Հայրենիքն էլ` Սփյուռքի:
Սակայն, այժմ այդ կապը սկսել է թուլանալ, քանի որ երիտասարդները չեն հավատում սեփական ուժերին: Հավատը վերականգնելու համար, հարկավոր է համատեղ հավաքներ կազմակերպել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Ես առաջարկում եմ նաև Հայաստանի և Սփյուռքի երիտասարդությանը համատեղ ջանքերով իրականացնել տարբեր ոչ մեծ նախագծեր` բնապահպանական, քաղաքական, ցանկացած, կարևորն այն է, որ դա համատեղ արվի:
Մենք ասում ենք, որ Հայաստանն ու Սփյուռքը պառակտված է, սակայն բուն Սփյուռքը ևս պաառկտված է: ԱՄՆ-ի հայերը լավ չեն հասկանում Սիրիայի հայերին, տարբերություն են դնում իրար մեջ` տարանջատվելով իրանահայերի, ստամբուլահայերի, բեյրութահայերի: Ես նույնիսկ ականատես եմ եղել, որ մի երկրի հայերը հպարտանում էին, որ ավելի լավ են տիրապետոււմ հայերեին` մեղադրելով դիմացիններին, որ իրենք լավ չգիտեն լեզուն: Դա նույնիսկ ծաղրի առարկա է դարձել, ինչը ես չեմ ընդունում: Չի կարելի ծիծաղել դիմացինի վրա, եթե չես ուզում, որ նույնը քո հետ կատարվի: Նաև ինձ դուր չի գալիս, որ Հայաստանի ներսում հայերը տարանջատում են իրենց ապարանցիների, լոռեցիների, ղարաբաղցիների` դա խանգարում է մեր ազգի միավորմանը:
Հիմա նաև սուր է կանգնած միմյանց և մեծերի հանդեպ երիտասարդների անհարգալից վերաբերմունքի հարցը, թեև այդ խնդիրն առկա է ոչ միայն Հայաստանում: Դա պետք է արմատախիլ անել դաստիարակչական մեթոդներով, հեռուստատեսության միջոցով` ծրագրերի, ֆիլմերի, սերիալների միջոցով, ինչը, ես վերջերս նկատել եմ, որ հաջողությամբ արվում է Հայաստանում:
Ես ցանկանում եմ ընդգծել, որ այժմ հայկական հեռուստատեսությամբ սկսել են ավելի շատ ժողովրդական երաժշտություն հեռարձակել` 6-7 ամիս առաջ նա իր տեղը զիջում էր ռաբիսին: Այսպիսով, այժմ վերածնվում է հարգանքն ու սերը ազգային արժեքների հանդեպ: Չէ որ երաժշտությունն ազգի հատկանիշներից մեկն է` երբ ես առաջին անգամ լսեցի Արամ Խաչատուրյանի «Գայանե» բալետը, իմ շունչն ուղղակի կտրվեց այդ հարազատ երաժշտությունից, սակայն ես դեռ չգիտեի, թե ով է հեղինակը: Իսկ երբ ես լսեցի Խաչատուրյան ազգանունը, ես մտածեցի. «Ահա թե որն է յուրահատուկ հայկական երաժշտությունը: Մեր երաժշտության մեջ պետք է լինի հայկական զգացականություն և հայկական ոճ, իսկ մենք գտնվում էինք այն կորցնելու եզրին, երբ անկախացումից հետո Ամերիկայի վատագույն երաժշտությունը դարձավ հայկական շուկայի առաջնորդը:
Պետք է հիշել, որ մենք բոլորս միասնական ընտանիք ենք և չպետք է բաժանվենք «ես»-ի ու «դու»-ի: Ես կարծում եմ, որ դրան պետք է նպաստեն նաև եկեղեցականները, որոնք պետք է շրջեն փողոցներով և խաղաղություն ու սեր քարոզեն, ինչպես մի ժամանակ դա արել է Քրիստոսը, այդ դեպքում հնարավոր կլինեն նաև հրաշքներ, ինչպես Քրիստոսի ժամանակ: