6 մայիսի 2010 - 14:54 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Եվա Մեձորյան.
Հայաստանի և Սփյուռքի համագործակցությունը շատ է ամրապնդվել
Ապրիլին Հայաստանում տեղի ունեցան հայտնի ամերիկահայ երգչուհի Եվա Մեձորյանի համերգները: Համերգների ողջ հասույթն ուղղվեց բարեգործկան նպատակների` ի նպաստ հայ ընտանիքների, երեխաների: Այդ կինը ճանաչում է Հայաստանը և իրազեկ է նրա խնդիրներին, քանի որ հասցրել է ուսումնասիրել դրանք, լինելով տարբեր բարեգործական կազմակերպությունների, ասոցիացիաների ու հայկական դպրոցների նախագահը, ինչպես նաև ուրիշներին լսելու, սակայն ամեն ինչ անձամբ ստուգելու իր ունակությամբ: Արդեն մի քանի տարի է, ինչ ամուսիններ Ջեկ և Եվա Մեձորյանները բարեգործությամբ են զբաղվում Հայաստանում: Եվա Մեձորյանը հիմնել է բժշկական հիմնադրամ, որը ամենածանր տարիներին նորագույն սարքավորումներով էր ապահովում Հայաստանի հիվանդանոցները: Այդ հիմնադրամի օգնությամբ նա կարողացավ 1,5 մլն դոլար հավաքել ի նպաստ Սպիտակի երկրաշարժից տուժածների:

Նա ղեկավարել է Ուոթերթաունի հայկական Սահակ Մեսրոբ դպրոցը, որտեղ ուսանում է 150 աշակերտ: Նրա շնորհիվ, դպրոցում սկսվեց ուսուցիչների ու աշակերտների վերապատրաստման ծրագիրը: Նա նաև գլխավորում է Երևանի ու Քեմբրիջի քույր քաղաքների ասոցիացիան: 1988թ. Եվա Մեձորյանը գլխավորեց Հայ ընդհանուր բարեգործական միության Նյու Ինգլանդի մասնաճյուղը և հիմնել է երկու նոր գրասենյակ, ինչպես նաև հիմնել և գլխավորում է Հայ կանանց միջազգային ասոցիացիան, որը Հայաստանում գլխավորում է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Եվա Մեձորյանն իր մտորումներն է կիսել PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ բարեգործության, Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդման վերաբերյալ:

Տիկին Մեձորյան, ըստ Ձեզ, մեր օրերում ավելի դյուրին է, թե՞ դժվար զբաղվել բարեգործությամբ:
Այսօր ավելի դյուրին է զբաղվել բարեգործությամբ: Խորհրդային Միությունում շատ ավելի բարդ էր, իսկ երբ բարեգործությունը սկսեցին հարկադրել, շատ մարդիկ հիասթափվեցին և դադարեցին զբաղվել դրանով:

Ես ամուսնուս հետ սկսել եմ բարեգործությամբ զբաղվել 5 տարի առաջ և կշարունակեմ դա անել, չէ որ մենք շատ քիչ ժամանակ ունենք, իսկ դեռ որքան անելիք կա: Մեր փոքրիկ երկրում ես բազմաթիվ աղքատ մարդկանց եմ տեսնում: Աղքատություն կա ողջ աշխարհում, սակայն մեր երկրում այդքան շատ աղքատներ չպետք է լինեն: Մեզ մոտ վատ է զարգացած միջին դասակարգը, իսկ դա անթույլատրելի է: Չի կարելի հանգիստ ապրել, երբ գիտես, որ ինչ-որ մեկը քաղցած է քնում և չգիտի, թե վաղը որտեղից է կերակուր հայթայթելու: Միթե՞ դա նորմալ է: Եթե մենք ցանկանում ենք մեր երկիրը տեսնել բարգավաճ, ապա պետք է ուշադրություն դարձնենք նրա յուրաքանչյուր քաղաքացուն:

Սպիտակի երկրաշարժից 20 տարի է անցել, իսկ իրավիճակը աղետի գոտում նույնն է: Ես տեսնում եմ Երևանի հրաշալի վերածնունդը, իմ ամեն այցելության հետ նա ավելի գեղեցիկ և բարեկեցիկ է դառնում, և ես շատ ուրախ եմ դրա համար: Սակայն, հենց որ դուրս ես գալիս մայրաքաղաքից, անմիջապես բախվում ես աղքատության հետ: Նույնիսկ հարկ չկա դուրս գալ Երևանի սահմաններից, քաղաքի ծայրամասերում նույն պատկերն է: Ես կցանկանայի, որ Սփյուռքի ներկայացուցիչները տեսնեին այդ ամենը սեփական աչքերով: Բավական է ավելի պարզ հագնվել և այցելել Հայաստանի սահմանամերձ շրջաններ` խոսել բնակիչների հետ, սակայն յուրայինի պես, և հարցնել, թե ինչ խնդիրներ ունեն: Սակայն շատերը գերադասում են թաքնվել խնդիրներից և մտածել, որ ոչ մի խնդիր էլ չկա: Նրանք թաքնվում են մութ ապակիներով մեքենաներում` զերծ պահելով իրենց շրջապատի խնդիրներից:

Ի՞նչ եք կարծում, ամրապնդվել է արդյոք վերջին տարիներին համագործակցությունը Հայաստանի և Սփյուռքի միջև:
Համագործակցությունը շատ է ամրապնդվել: Դրան նպաստեց նաև սփյուռքի նախարարության ստեղծումն ու Հրանուշ Հակոբյանի նշանակումը նախարարի պաշտոնում, որը մեծ փորձ ունի այդ գործում և ճիշտ է գործում:

Համագործակցություն նախկինում էլ կար, սակայն երկրաշարժն ու ազատագրական պատերազմը համախմբեցին ժողովրդին` ստիպելով հասկանալ, որ Հայաստանն է նրանց Հայրենիքը և իրենց կարիքն ունի: Չէ որ Սփյուռքը միշտ է զգում Հայրենիքի կարիքը, իսկ Հայրենիքն էլ` Սփյուռքի:

Սակայն, այժմ այդ կապը սկսել է թուլանալ, քանի որ երիտասարդները չեն հավատում սեփական ուժերին: Հավատը վերականգնելու համար, հարկավոր է համատեղ հավաքներ կազմակերպել ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Ես առաջարկում եմ նաև Հայաստանի և Սփյուռքի երիտասարդությանը համատեղ ջանքերով իրականացնել տարբեր ոչ մեծ նախագծեր` բնապահպանական, քաղաքական, ցանկացած, կարևորն այն է, որ դա համատեղ արվի:

Մենք ասում ենք, որ Հայաստանն ու Սփյուռքը պառակտված է, սակայն բուն Սփյուռքը ևս պաառկտված է: ԱՄՆ-ի հայերը լավ չեն հասկանում Սիրիայի հայերին, տարբերություն են դնում իրար մեջ` տարանջատվելով իրանահայերի, ստամբուլահայերի, բեյրութահայերի: Ես նույնիսկ ականատես եմ եղել, որ մի երկրի հայերը հպարտանում էին, որ ավելի լավ են տիրապետոււմ հայերեին` մեղադրելով դիմացիններին, որ իրենք լավ չգիտեն լեզուն: Դա նույնիսկ ծաղրի առարկա է դարձել, ինչը ես չեմ ընդունում: Չի կարելի ծիծաղել դիմացինի վրա, եթե չես ուզում, որ նույնը քո հետ կատարվի: Նաև ինձ դուր չի գալիս, որ Հայաստանի ներսում հայերը տարանջատում են իրենց ապարանցիների, լոռեցիների, ղարաբաղցիների` դա խանգարում է մեր ազգի միավորմանը:

Հիմա նաև սուր է կանգնած միմյանց և մեծերի հանդեպ երիտասարդների անհարգալից վերաբերմունքի հարցը, թեև այդ խնդիրն առկա է ոչ միայն Հայաստանում: Դա պետք է արմատախիլ անել դաստիարակչական մեթոդներով, հեռուստատեսության միջոցով` ծրագրերի, ֆիլմերի, սերիալների միջոցով, ինչը, ես վերջերս նկատել եմ, որ հաջողությամբ արվում է Հայաստանում:

Ես ցանկանում եմ ընդգծել, որ այժմ հայկական հեռուստատեսությամբ սկսել են ավելի շատ ժողովրդական երաժշտություն հեռարձակել` 6-7 ամիս առաջ նա իր տեղը զիջում էր ռաբիսին: Այսպիսով, այժմ վերածնվում է հարգանքն ու սերը ազգային արժեքների հանդեպ: Չէ որ երաժշտությունն ազգի հատկանիշներից մեկն է` երբ ես առաջին անգամ լսեցի Արամ Խաչատուրյանի «Գայանե» բալետը, իմ շունչն ուղղակի կտրվեց այդ հարազատ երաժշտությունից, սակայն ես դեռ չգիտեի, թե ով է հեղինակը: Իսկ երբ ես լսեցի Խաչատուրյան ազգանունը, ես մտածեցի. «Ահա թե որն է յուրահատուկ հայկական երաժշտությունը: Մեր երաժշտության մեջ պետք է լինի հայկական զգացականություն և հայկական ոճ, իսկ մենք գտնվում էինք այն կորցնելու եզրին, երբ անկախացումից հետո Ամերիկայի վատագույն երաժշտությունը դարձավ հայկական շուկայի առաջնորդը:

Տիկին Մեձորյան, ըստ Ձեզ, ի՞նչ պետք է Հայաստանն անի Սփյուռքի համար:
Մենք, անշուշտ, պետք է ամրապնդենք մեր Սփյուռքը, սակայն ես սատարում եմ այն մարդկանց` հայերին և օտարերկրացիներին, որոնք ցանկանում են մերձենալ հայ մշակույթին, և ես գտնում եմ, որ դրա համար մենք պետք է ավելի շատ որակյալ հայկական արտադրանք ունենանք: Ուշադրություն դարձրեք, մեր երեխաներն ավելի շատ սիրում են դիտել ռուսական մուլտիֆիլմեր, քանի որ դրանք շատ հետաքրքիր են ու պատկերավոր: Ինչո՞ւ մենք չենք կարող մեր մուլտֆիլմերը ստեղծել, որ նրանք որակով չզիջեն ռուսականներին: Ես շատ ճիշտ եմ համարում, որ օտարերկրյա ֆիլմերը հայերեն են թարգմանվում:

Իսկ հայկական Սփյուռքի առջև ծառացա՞ծ է ուծացման վտանգը:
Ուծացման վտանգ, իհարկե, կա, սակայն այժմ ավելի քիչ, քան նախկինում: Այո, մենք դեռևս չենք կարող ասել, որ ամեն ինչ լավ է, սակայն, միևնույն ժամանակ մենք չպետք է վախենանք, մեր մեջ չպետք է վախ լինի: Մենք պետք է ապրենք խաղաղ, համերաշխ, սովորենք, թե ինչպես պետք է մեր ընտանիքում լուծենք մեր խնդիրները, ինչպես նաև սովորենք կիսվել մյուսների հետ: Եթե մենք հարգանք չունենաք, մեր մեջ բուն կդնի նախանձն ու ագահությունը, իսկ ագահությունը մարդու ամենավատ արատներից մեկն է և ամենավատն այն է, երբ ագահությունը մարդկային նորմի է վերածվում: Այդ ժամանակ նա սկսում է ապրել որպես կենդանի:

Պետք է հիշել, որ մենք բոլորս միասնական ընտանիք ենք և չպետք է բաժանվենք «ես»-ի ու «դու»-ի: Ես կարծում եմ, որ դրան պետք է նպաստեն նաև եկեղեցականները, որոնք պետք է շրջեն փողոցներով և խաղաղություն ու սեր քարոզեն, ինչպես մի ժամանակ դա արել է Քրիստոսը, այդ դեպքում հնարավոր կլինեն նաև հրաշքներ, ինչպես Քրիստոսի ժամանակ:

Եվ վերջին հարցը, ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք:
Ես չեմ պատրաստվում կանգ առնել ձեռք բերածի վրա: Ես չեմ վախենում նշել իմ տարիքը, ես 75 տարեկան եմ և իմ կյանքը նոր է սկսվում: Մեղք են այն մարդիկ, որոնք արդեն 40 տարեկանում համարում են, որ կյանքը վերջացած է: Ես մտադիր եմ առաջիկայում ևս օգնել մարդկանց, չէր որ երբ օգնում ես մյուսներին, ինքդ էլ երջանկանում ես: Իսկ ես կարող եմ դատել այդ մասին, քանի որ կյանքում ես շատ բան եմ տեսել:

Մանե Ամիրջանյան / PanARMENIAN News