8 մայիսի 2010 - 13:30 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ալեքսիս Օհանյան.
Ինտերնետը կարող է օգնել Սփյուռքին ավելի լավ ճանաչել Հայաստանը
Ամերիկացի Ալեքսիս Օհանյանը, որն առաջին հերթին հայտնի է որպես լայն ժողովրդականություն վայելող սոցիալական լրատվական reddit.com կայքի հիմնադիր: Կայքէջում գրանցված օգտվողները կարող են Ինտերնետում զետեղված տեղեկատվության հղումներ զետեղել: Սակայն Հայաստանում նա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ նրա շնորհանդեսը TED խորհրդաժողովում հայտնվեց Ինտերնետում: 2007թ. Ալեքսիս Օհանյանը վաճառեց Condé Nast ընկերության շահութաբեր նախագիծը և հիմնեց Breadpig սոցիալական ձեռնարկությունը` զվարճանքի իրերի վաճառքի համար: Ողջ հասույթը նա ուղղեց դպրոցների կառուցմանը: Ալեքսիս Օհանյանն առաջին անգամ է այցելում Հայաստան` Kiva ոչ առևտրային միկրովարկավորման ընկերության շրջանակներում, սակայն արդեն նոր ուղևորություններ է ծրագրում դեպի պատմական հայրենիք:
Ալեքսիս, վերջերս Դուք հանդիպեցիք Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ի՞նչ եք կարծում, բավարար է արդյոք զարգացած ինտերնետ-ակտիվությունը Հայաստանում, որպեսզի Ինտերնետի գործիքների օգնությամբ հնարավոր լինի սոցիալական խնդիրներ լուծել:
Ինտերնետի և համակարգիչների տարածման մակարդակը երկրում բարձր չէ, սակայն շատ ավելի բարձր է բջջային հեռախոսների տարածման մակարդակը և դա կարող է որպես գործիք ծառայել սոցիալական խնդիրների լուծման համար: Ushahidi.org -ի պես գործիքները հնարավորություն են տալիս հաղորդել և հայտնել ընտրությունների խախտումների մասին` հնարավորություն տալով մարդկանց ուղղակի SMS-հաղորդագրություն ուղարկել բջջային հեռախոսից:

Սակայն, ինչ վերաբերում է Սփյուռքին, Ինտերնետը կարող է հիանալի գործիք դառնալ Հայաստանը ճանաչելու համար: Տեղի հասարակական կազմակերպությունները կարող են օգնել արտերկրի հայերին հասկանալ, թե հատկապես ինչպես կարող են նրանք օգնել Հայաստանին:

Օրինակ, այժմ բավական չէ միջոցներ հավաքել որբերի համար: Դոնորները պետք է տեսնեն որբերի լուսանկարները, ծանոթանան նրանց պատմությանը և ապացույցներ ստանան, որ իրենց ավանդն, անկախ գումարից, իրոք օգնեց երեխաներին: Այստեղ Հայաստանում մեծ ներուժ կա, քանի որ գրեթե յուրաքանչյուր հայ ցանկանում է օգնել Հայաստանին, սակայն ոչ միշտ գիտի, թե ինչպես է պետք դա անել:

Դուք հայտնի եք որպես Reddit նախագծի համահեղինակ: Արդյոք Reddit վարկանիշի համակարգն անաչառ է:
Մենք շատ ենք աշխատել, բացառելու համար մանիպուլյացիայի հնարավորությունը Reddit-ում: Reddit-ն այնքան սուբյեկտիվ է, որքան որ սուբյետկիվ է նրա օգտվողների կարծիքը: Սակայն միշտ գտնվում են մարդիկ, որոնք ցանկանում են, որ իրենց տեղեկատվությունը հայտնվի կայքի գլխավոր էջում, ինչի շնորհիվ նրանք կարող են ստանալ ողջ տրաֆիկը: Կարելի է, իհարկե, խնդրել բոլոր ընկերներին քվեարկել քո թեմայի օգտին, սակայն, միևնույն է, այն երկար չի մնա «թեժ» նորությունների թվում: Այդ կայքը հաջողակ է հանրության շնորհիվ, այդպիսով մենք շահագրգռված ենք, որ այն պահպանվի:

Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել սոցիալական ձեռնարկատիրությամբ:
Դա եսասիրության արդյունք էր: Այն հաջողությունը, որ ես ունեցա Reddit-ի շնորհիվ, ինձ մեծ հնարավորություններ տվեց, որոնք ես կարողացա օգտագործել ընկերություն ստեղծելու համար: Ձեռնարկության վաճառքը 23 տարեկանում նշանակում է, որ ես հրաշալի հնարավորություն ունեմ աշխատելու սեփական հաճույքի համար: Եվ ես միակը չեմ, ով շահագրգռված է օգտագործել բիզնեսը աշխարհում բարություն գործելու համար` սոցիալական ձեռնարկատիրությունը կարևոր միտում է: Շատ հիմնադիրներ կան, որոնք գտնում են, որ իրենց ընկերության շահույթը պետք է օգտագործվի ի նպաստ հանրության:

Ոմանք նույնիսկ ամբողջ ընկերություններ են հիմնել սոցիալական բարիքներ ստեղծելու համար: Ես, հավանաբար, պետք է շնորհակալություն հայտնեմ դրա համար իմ ծնողներին, որովհետև ես չեմ հիշում, որ մեր ընտանիքում թանկարժեք ավտոմեքենաներ կամ ճոխության առարկաներ գնելու ձգտում լինի: Ըստ իս, հոգեբանական հետազոտությունների պակաս չկա, որոնք վկայում են այն մասին, որ կարելի է երջանկության հասնել յուրայինին օգնելու միջոցով: Ես ուղղակի հաճույք եմ ստանում դրանից:

Սեպտեմբերին Հայաստանում կայանալու է TEDx խորհրդաժողովը, ինչին Դուք ևս ակտիվորեն աջակցում եք: Ո՞ր փուլում է գտնվում նախապատրաստումը խորհրդաժողովին:
Խորհրդաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին: Մենք վերջերս ավարտեցինք քվեարկությունը TEDx Talk-ի թեմաների շուրջ, որոնց գծով շնորհանդեսներ կկազմակերպվեն: Այժմ մենք թննարկում ենք խոսնակների ցուցակը, համապատասխան թեմաներով ելույթ ունենալու համար: Ես ավարտել եմ աշխատանքը TEDxYerevan կայքէջի վրա, որը հասանելի կլինի առաջիկա շաբաթներին:

Դուք արդեն քվեարկե՞լ եք այդ թեմաներով:
Այո: Բացի այդ, հիմնականում ես արծարծել եմ ինձ դուր եկած թեմաները վարկանիշում և մի փոքր ավելի ցածր տեղեր եմ տվել այն թեմաներին, որոնք ինձ այդքան էլ հետաքրքիր չեն թվում:

Շատ են խոսում այն մասին, թե ինչ է տալիս TED-ն ունկընդիրներին, հետաքրքիր է, ի՞նչ է այն տալիս շնորհանդեսով ելույթ ունեցողներին:
Ամենամեծ նվաճումը, որ ես ունեցա, հանդես գալով TED-ում շնորհանդեսով, այն էր, որ ես հայտնի դարձա բազմաթիվ հայերի և սկսեցի նամակներ ստանալ նրանցից: Նախկինում, խորհրդաժողովում հանդես եկողները կարիերա են արել` պատմելով իրենց գիտական նվաճումների մասին: Մարդիկ կարող են պատմել իրենց նախագծի մասին և ֆինանսավորում ստանալ: Դա հիանալի հարթակ է սեփական անձի մասին հայտարարելու համար: Ինչ վերաբերում է հայաստանցի խոսնակներին, ապա լավագույն շնորհանդեսները կզետեղվեն TED կայքում և կպահվեն արխիվում: Նրանք, ում միջազգային լսարան է հարկավոր, կարող են նման հնարավորություն ստանալ: TED-ը ներկայումս ժողովրդականություն է վայելում և շատ մարդիկ, որոնք որոշումներ են կայացնում գործարարության ոլորտում, հետևում են շնորհանդեսներին:

Կարո՞ղ է արդյոք TEDx-ն ամենամյա իրադարձություն դառնալ Հայաստանում:
Դա հրաշալի կլիներ և հնարավորություն կտար միավորելու հայերի ներուժը գիտության և տեխնոլոգիաների ոլորտում մեկ հարթակի վրա:

Ինչի՞ վրա եք այժմ աշխատում:
Հիմա ես աշխատում եմ իմ համալսարանի համար մի նախագծի վրա, ինչը կարող է օգտակար լինել հասարակական կազմակերպությունների հատվածի համար: Ես նաև մտածում եմ այն ուղղությամբ, որ Երևանում կետեր կառուցվեն անվճար անլար Ինտերնետով, ինչը հատկապես օգտակար կլինի ուսանողների համար: Անվճար Ինտերնետը սրճարանում ոչ բոլորին է մատչելի, քանի որ ամեն ոք չի կարող թույլ տալ իրեն մշտապես վճարել մեկ գավաթ սուրճի համար`օգտվելու համար Ինտերնետից: Դրանք կլինեն հասարակական վայրեր, հնարավոր է պրովայդերների գովազդային վահանակներով, ուր մարդիկ կարող են գալ իրենց նոութբուքերով: Ես չէի հասնի այն ամենին, ինչ ունեմ այսօր, եթե չունենայի անսահմանափակ Ինտերնետ: Մի քանի շաբաթ առաջ նման նախագիծ իրականացվեց Կամբոջայում: Եվ եթե դա հնարավոր եղավ Պնոմպենում, ապա դա հնարավոր է նաև Երևանում: Ես աշխատում եմ նաև մի նախագծի վրա, որը կկարողանա միավորել աշխարհի բոլոր հայերին օգտակար նպատակների համար:

Որքա՞ն ժամանակ է խլում Ձեղանից Ինտերնետը:
Առնվազն օրեկան 8 ժամ, իսկ երբեմն նաև 12 ժամ:

Որքան գիտեմ, Ձեր մյուս հոբբին ռոք երաժշտությունն է: Ո՞վ է Bread Pig խմբի ունկընդիրը:
Բազում մարդիկ, սակայն, իրականում կոնկրետ ոչ ոք (ծիծաղում է): Հարկավոր է հաշվի առնել, որ մենք նվագում ենք փողոցում` պլաստիկից պատրաստված խաղալիք երաժշտական գործիքների վրա: Ուղղակի մարդկանց տրամադրությունը բարձրացնելու համար: Ես երաժիշտ չեմ, սակայն շատ եմ հարգում նրանց:

Սա Ձեր առաջին այցն է Հայաստան: Արդյոք Ձեր տեսածը համընկավ Ձեր ունեցած պատկերացումների հետ:
Իմ հայրը` Ջոն Օհանյանը, ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, իսկ նրա հայրը` Նյու Յորքի նահանգում: Իմ պապի ծնողները ԱՄՆ-են տեղափոխվել Արևմտյան Հայաստանից 1915 թվականին: Նրանք երկուսն էլ մեծացել են Խարպուտում, Ամերիկա են ժամանել միայն երկուսով, քանի որ նրանց ընտանիքների մյուս բոլոր անդամները զոհ են գնացել Հայոց ցեղասպանությանը: Իմ տատիկի ընտանիքը բնակվել է Բիթլիսում, Վանից ոչ հեռու և Հայաստանից Ֆրանսիա է տեղեփոխվել 1922 թվականին: Իմ հայրը երբեք չի եղել Հայաստանում, ուստի ես գրեթե ոչ մի պատկերացում չունեի Հայաստանի մասին` բացառությամբ գուցե հայկական խոհանոցի: Իմ բազում հայ ընկերները, որոնք այցելել են Հայաստան, վերադառնալով, ասել են, որ ուղևորությունը փոխեց նրանց կյանքը: Երբ ես առաջին անգամ տեսա Արարատը, ապա անմիջապես լուսանկարեցի այն և անմիջապես ուղղարկեցի հորս: Ես գիտեմ, որ այդ պատկերն արդեն կլիշե է դարձել, և, այնուամենայնիվ, իրականում այն շատ է ոգեշնչում: Հաջորդ անգամ ես մտադիր եմ Հայաստան այցելել հորս հետ և նրա գիդը կլինեմ Հայաստանում:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News