21 հունիսի 2010 - 12:33 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Իրինա Կոտլյառովա.
«Պռվա» ընկերությունը ներկայանում է Հայաստանում որպես դինամիկ զարգացող բուլղարական ընկերություն
Հայաստանի ներդրումային-խորհրդատվական շուկայում ակնկալվում է նոր խաղացող` Բուլղարիայի «Պռվա» «Առաջին ներդրումային խորհրդատվական ընկերության» մուտքը, որի պաշտոնական ներկայացուցչությունը կբացվի Հայաստանում հունիսի 30-ին: Այն մասին, թե ինչ դժվարություններ են առաջացել ընկերության ճանապարհին և նրա հեռանկարային ծրագրերի մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում պատմել է «Առաջին ներդրումային խորհրդատվական ընկերության» նախագահ Իրինա Կոտլյառովան:
Ինչպե՞ս առաջացավ հայկական շուկա գալու գաղափարը:
«Առաջին ներդրումային խորհրդատվական ընկերությունը» շատ ակտիվ է զարգանում` անցյալ տարի մենք ներկայացուցչություններ բացեցինք Ռուսաստանի տարբեր քաղաքներում, և որոշեցինք չսահմանափակվել ձեռք բերածով: Կովկասը հետաքրքրում է մեզ, իսկ Հայաստանն, մեր կարծիքով, շատ հեռանկարային երկիր է տարածաշրջանում: Ինչպես հայտնի է, այս պահի դրությամբ Բուլղարիան շատ հետաքրքիր է ներդրումների համար, մեզ թվում է, որ Հայաստանում քիչ չեն այն մարդիկ, որոնք պատրաստ են գրագետ ներդրում կատարել սեփական միջոցներից, առավել ևս, որ ներդրումների չափը կազմում է 15 000-20 000 եվրո: Բացի այդ, չի կարելի նաև հաշվի չառնել այն հիանալի հնարավորությունները, որոնք ունի Բուլղարիան զբոսաշրջության առումով:

Ի՞նչ խոչընդոտների հանդիպեց բուլղարական ընկերությունը հայկական շուկա մուտք գործելիս:
Ես չէի ասի ինչ-որ լուրջ խոչընդոտների մասին: Միակ փոքր առանձնահատկությունն, որի հետ մենք բախվեցինք, դա կովկասյան մտածելակերպն է: Հայաստանում, ինչպես կովկասյան տարածաշրջանի մյուս երկրներում, ամեն ինչ հիմնված է անձնական շփումների և վստահության վրա: Հայաստանի բնակիչներին շահագրգռելու համար, սկզբում հարկավոր է արժանանալ նրանց վստահությանն` դա է հաջողության գրավականը: Ահա մենք էլ այժմ աշխատում ենք արժանանալ այդ վստահությանը: Մենք ըմբռնումով ենք վերաբերվում նման զգուշավոր մոտեցմանը և գիտակցում ենք, որ միայն սեփական ջանքերն ու ժամանակն են մեր օգնականները:

Ըստ Ձեզ, որքանո՞վ է զարգացած հայկական ներդրումային շուկան և պատրաստ է արդյո՞ք այն ընդունել նոր խաղացողի:
Ինձ համար բարդ է դրա մասին դատել…Հավանաբար, հարկավոր չէ շուկայի նոր խաղացողներին ընկալել միայն որպես մրցակիցների` չէ որ այդ գործընթացը կարող է փոխշահավետ լինել: Առավել ևս, որ այդ հատվածը մինչ օրս զբաղված չէր և մեզ շատ լավ ընթունեցին:

Ընկերության համար առավել կարևոր է ապահովել հայ գործարարների ելքը բուլղարական ներդրումային շուկա, թե բուլղարացի գործարարների մուտքը հայկական շուկա:
Մեկը մյուսին չի բացառում: Հուսով եմ, որ «Առաջին ներդրումային խորհրդատվական ընկերությունն» իր ավանդը կունենա Հայաստանի և Բուլղարիայի միջև փոխշահավետ առևտրային և այլ բնույթի փոխհարաբերությունների հաստատման և ամրապնդման գործում:

Կա՞ն արդեն նախնական պայմանվորվածություններ հայկական ընկերությունների հետ և ո՞ր ոլորտներում:
Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ: Այս պահի դրությամբ մենք բանակցում ենք մի քանի ընկերությունների հետ, սակայն դեռևս չէի ցանկանա մանրամասնել:

Պատմեք, խնդրեմ, ընկերության մոտակա հեռանկարների մասին` գերակայությունների, պրոդուկտի, նոր գաղափարների: Ինչպես է «Պռվան» պատկերացնում իր դիրքը Հայաստանում:
Մենք ներկայանում ենք որպես դինամիկ զարգացող բուլղարական ընկերություն, որը բավական լուրջ մրցակցություն կստեղծի այս շուկայում ավելի հին խաղացողների համար: Մենք խոշոր, ուժեղ և ճանաչված ընկերություն ենք ինչպես Բուլղարիայում, այնպես էլ Ռուսաստանում: Մենք ցանկանում ենք նմանատիպ ճանաչում ստանալ նաև Կովկասի տարածաշրջանում, և, մասնավորապես, Հայաստանում: Գտնում եմ, որ մեր առաջարկած պրոդուկտը, մատչելի գնով անշարժ գույքը Բուլղարիայում, ինչպես նաև ներդրումներն ու օգնությունը բիզնեսի կազմակերպման գործում նորույթ են Հայաստանի համար, ինչը նոր հնարավորություններ է բացում` հաշվի առնելով երկու ժողովրդների մշակութային առնչությունները, պատմական ընդհանրություններն ու աշխարհագրական դիրքը: Առաջիկայում` հունիսի 30-ին տեղի կունենա մեր գրասենյակի պաշտոնական բացումը, որին ներկա կգտնվեն Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան ներկայացուցիչները, պաշտոնատար անձիք և գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Հուլիսի 1-ին «Բաց դռների օր է» հայտարարված, տեղի կունենա խորհրդաժողով, որտեղ կաշխատի մեր խորհրդատուների և մենեջերների թիմը, որոնք պատրատ կլինեն պատասխանել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հարցերին, որին կհետաքրքրի մեր ընկերության գործունեությունը:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News