18 նոյեմբերի 2010 - 23:00 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ռիչարդ Սթոլման.
Երբ այլևս չի լինի ոչ ազատ ԾԱ-ն, այդ ժամանակ կարելի է ասել, որ մենք հասել ենք մեր նպատակին
Ռիչարդ Սթոլմանը` ազատ ծրագրային ապահովման ջատագովը, հաստատելով իր կարգավիճակը, հեգնորեն հագնում է «Սուրբ Emac եկեղեցու» քահանայի փարաջա և ճամփորդում ողջ աշխարհով` զգուշացնելով օգտագործողներին «Մեծ եղբոր» հետապնդումից: Համակարգչային ծրագրերը պետք է տարածվեն ազատ և անվճար, ավելին, նրանց ելակետային ծածկագիրը պետք է հասանելի լինի ծրագրավորողների համար: Ահա Սթոլմանի հիմնական պոստուլատները, որոնք նա ձևավորել է 1980-ականների սկզբին: Նրան անվանում են տարօրինակ մարդ, հիպպի և նույնիսկ կոմունիստ, անգամ` ազատ ԾԱ մարգարե: Մարգարեին ամեն ինչ կարելի է. իր պայքարում նա կարող է Microsoft-ն անվանել վնասաբեր ծրագիր, իսկ Apple-ին` օգտագործողների վրա հարձակման ռահվիրա: Հայաստանում Սթոլմանն առաջին անգամ է, սակայն, PanARMENIAN.Net-ի թղթակցին խոստովանել է, որ Բոստոնում գտնվող իր տանը նա հաց գնում է «Սևան» անունով հացի խանութից և խոստացել է վերադառնալուց հետո խանութի տիրողջ հետ կիսվել Հայաստանի և Սևանա լճի մասին իր տպավորություններով:
Ռիչարդ, ո՞ր երկրներում է ավելի շատ զարգացած Ձեր շարժումը` զարգացած, թե զարգացող:
Պատկերը միանշանակ չէ` յուրաքանչյուր երկիր ունի իր մշակույթը, սոցիալ-տնտեսական և քաղաքական յուրահատկությունը, ինչն ազդում է շարժման տարածման վրա: Հետխոհրդային երկրներում ազատ ծրագրային ապահովումն ադքան զարգացած չէ, այն սկսել է զարգանալ վերջին 20 տարում: Դա բացատրվում է նրանով, որ թեև կոմունիզմի գաղափարախոսությունը հանգում էր նրան, որ բոլորը պետք է ունեցածով կիսվեն միմյանց հետ, իրականում ԽՍՀՄԸ-ը փլուզվեց կոռուպցիայի հետևանքով: ԽՍՀՄ փլուզմից հետո Ռուսաստանում, Արևելյան Եվրոպայի երկրներում մարդիկ ավելի շատ կենտրոնացած էին դրամ վաստակելու վրա և ոչինչ չէին ցանկանում լսել ազատության մասին: Այդպիսի արձագանք ես նկատեցի նաև Չինաստանում 1990-ականներին, սակայն հիմա ամեն ինչ փոխվում է: Ազատ ԾԱ-ն ակտիվ զարգանում է Չինաստանում, թվում է` Հայաստանում ևս առաջընթաց է նկատվում, որոշ չափով զարգանում է նաև Ռուսաստանում, բայց ոչ այդքան ակտիվ: Ազատ ԾԱ շարժման առավել վառ հետնորդներն են Հարավային Ամերիկայի երկրները, Հնդկաստանը և որոշ եվրոպական երկրներ` Իսպանիան, Ֆրանսիան, Սկանդինավիան:

ԱՄՆ-ում և Եվրոպայում որոշ կառավարական կառույցներ սկսել են օգտագործել ԾԱ` հիմնված GNU/Linux-ի վրա:Կարելի՞ է ասել, որ ինչ որ առումով Դուք հասել եք Ձեր նպատակին:
Ոչ, մենք միայն սկսում ենք հասնել մեր նպատակին:Մեր նպատակն է, որպեսզի բոլոր օգտագործողները լինեն ազատ և վերահսկողության չենթարկվող:Երբ այլևս չի լինի ոչ ազատ ԾԱ-ն, այդ ժամանակ կարելի է ասել, որ մենք հասել ենք մեր նպատակին:

Ձեր դասախոսության ժամանակ Դուք հայտարարեցիք, որ ազատ ԾԱ-ին անցումը կհանգեցնի միայն ոչ շատ աշխատատեղերի կրճատմանը ՏՏ-արդյունաբերությունում: Միաժամանակ, նշեցիք, որ ոչ մի տնտեսական հետազոտություն չեք անցկացրել:Ինչպե՞ս կարող եք համոզված լինել դրանում:

Դե, ես չգիտեմ, թե ինչը կարելի է համոզվածություն համարել: Ազատ ԾԱ հետևանքով կորցրած աշխատատեղերը շատ չեն լինի:Ես հետևություններ եմ կատարում` ելնելով առողջ դատողությունից:

Ասում են, որ Դուք չեք օգտվում պլաստիկ քարտերից և բջջային հեռախոսից:

Ես օգտվում եմ պլաստիկ քարտից ավիատոմսի արժեքը վճարելու համար, վարձույթով մեքենա վերցնելու համար, թեև, վաղուց դա չեմ արել:

Ինչպե՞ս եք ապրում առանց բջջային հեռախոսի:

Ես օգտագործում եմ ուրիշների բջջային հեռախոսները, ես ինձ հետ հեռախոս չեմ վերցնում:

Գոյություն ունեն կարծրատիպեր, որ ծրագրավորողներին չի հետաքրքրում ոչինչ բացի ԾԱ-ից և համակարգիչներից, բայց ես գիտեմ, որ Դուք հոբբիներ ունեք:Կարո՞ղ եք պատմել դրանց մասին:
Ես զբաղվել եմ ազգային պարերով, բայց հիմա այլևս չեմ զբաղվում, քանի որ տենդինիտ ունեմ, և իմ ոտքերը ցավում են: Ես շատ եմ տխրել այդ առիթով: Իմ մյուս հոբբին ինդոնեզական երաժշտությունն է: Պատանեկության տարիքում ես նույնիսկ գամելան-նվագախումբ էի կազմակերպել: Երբ ես սկսեցի շատ ճանապարհորդել, ստիպված թողեցի այդ զբաղմունքը: Հիմա ես շարունակում եմ երաժշտություն, ընթերցանություն վայելել, երբեմն էլ `ուտելիք պատրաստել:

Դուք անվճար ԾԱ եք քարոզում, Դուք փող չեք վերցնում Ձեր դասախոսությունների համար, այդ դեպքում ինչպե՞ս եք դրամ վաստակում ապրելու համար:
Ոչ, ես փող վերցնում եմ, եթե ինձ առաջարկում են: Ես չեմ հրաժարվում փողից, սակայն նաև հաճախ անվճար եմ ելույթ ունենում:

Ինչպիսի՞ դիստրիբուտիվ եք օգտագործում Դուք:
Ես օգտագործում եմ gNewSense, քանի որ և այն ազատ ծրագրերից միակն է, որն ապահովվում է իմ համակարգչի կողմից, որն անհատական համակարգիչ չէ:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News