9 դեկտեմբերի 2010 - 14:27 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Անժելա Խաչատրյան.
«Ամերիաբանկը» մեծ պոտենցիալ է տեսնում Հայաստանի բանկային շուկայում ֆակտորինգային ծառայությունների զարգացման մեջ
Հավատարիմ մնալով Հայաստանի բանկային շուկայում նորարարական լուծումներով հանդես գալու մասին իրենց սկզբունքներին` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նոյեմբերի 4-ին ներմուծել է նոր ճկուն գործիք` դասական ֆակտորինգ: Այդ արտադրանքի ճկունության և դասական վարկավորման համեմատ նրա առավելությունների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմել է բանկի ֆակտորինգի բաժնի մասնագետ Անժելա Խաչատրյանը:

«Ամերիաբանկը» ներմուծել է նոր ճկուն գործիք` դասական ֆակտորինգ: Պատմեք այդ գործիքի ճկունության, սովորական վարկի համեմատ նրա առավելությունների մասին:
Առաջարկելով նոր գործիքներ` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, առաջին հերթին, կարևորություն է տալիս իր հախաճորդների գործընկերային հարաբերություններին, ուստի այդ ապրանքներն ուղղված են այդ փոխհարաբերությունների գործընթացի հեշտացմանը: Այսօր այն առավելություններից, որոնք ներառում է դասական ֆակտորինգը, առաջին հերթին, ճկունությունն է, որի շրջանակներում, ի տարբերություն մեզ հայտնի վարկի, հաճախորդը կարող է անսահմանափակ ֆինանսավորում ստանալ բիզնեսի զարգացմանը զուգահեռ: Եթե վարկը նպատակային ուղղվածություն ունի, ապա դասական ֆակտորինգն իրագործվում է բիզնես վարելուն զուգընթաց. ստացված պատվերների և պատվիրատուների հետ կնքված գործարքների քանակը պոտենցիալ հիմք են կազմում բանկի կողմից մատակարարներին ֆինանսավորելու համար: Այսինքն, բանկը պատրաստ է ֆինանսավորել մատակարարների գործարքները վճարման հետաձգումով:

Երկրորդ առավելությունն այն է, որ ֆինանսավորման համար գրավ չի պահաջնվում, և հետևաբար, հաճախորդը լրացուցիչ ծախսեր չի ունենում: Դասական ֆակտորինգի շրջանակներում հենց դեբիտորային պարտքը, որին մենք կարևորություն ենք տալիս որպես հուսալի կապիտալ, որպես հիմք է հանդես գալիս, որպեսզի բանկը ֆինանսավորի հաճախորդին: Ավելին, հաճախորդի հետ աշխատելիս բանկն ապահովում է դեբիտորային պարտքի կառավարում` նախօրոք համաձայնեցնելով հաճախորդի հետ դեբիտորային պարտքի կառավարման անհատական մոդելը: Հաճախորդը հնարավորություն է ունենում նախօրոք որոշել նաև ծառայության արժեքը տոկոսադրույքի թափանցիկ կառուցվածքի շնորհիվ, որի արդյունքնում կարելի է կանխատեսել կնքված գործարքի շահույթի չափը` հաշվի առնելով արտադրության և վաճառքի բոլոր ծախսերը: Ամերիաբանկը նաև օգնում է հաճախորդին ֆակտորինգի վերաբերյալ աշխատանքը սկսելու մասին տեղեկացնելու հարցում: Դա թույլ է տալիս խուսափել մի շարք թյուրիմացություններից, որոնք կապված են նրա հետ, որ դեբիտորը հրաժարվում է ծանուցում ստորագրել և լինել ֆակտորինգային գործողությունների մասնակիցը: Աշխատելով ֆակտորինգի սխեմայի հետ` մատակարարն ընդգծում է ակնհայտ մրցակցային առավելությունը` արտադրանքի բեռնման հնարավորությունը կամ վճարումը հետաձգելու պայմանների հիման վրա ծառայությունների տրամադրումը:

Ինչպիսի՞ պայմաններում է տրամադրվում դասական ֆակտորինգը: Հասանելի՞ են դրանք սպառողին:
Դասական ֆակտորինգի դեպքում ֆինանսավորումը տրամադրվում է դրամով, քանի որ ֆինանսավորվում են Հայաստանի ռեզիդենտների միջև գործարքները: Մեկ գործարքի ֆինանսավորման առավելագույն ժամկետն է մինչև 120 օր 12 տոկոս տարեկան նվազագույն տոկոսադրույքով: Պետք է նշել, որ դա բավական մրցունակ տոկոսադրույք է դրամով ֆինանսավորելու համար և չի ենթադրում այլ հարակից ծախսեր: Մենք նաև հաստատել ենք մեկ գործարքի ֆինանսավորման նվազագույն չափը 1 մլն դրամի սահմաններում:

Նոր ծառայություն ներմուծելիս բանկը որոշել է ընկերությունները, որոնց հետ պատրաստ է համագործակցել: Ընդլայնվե՞լ է արդյոք դրանց ցուցակը:
Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Ամերիաբանկը հրապարակել է 11 խոշոր ընկերությունների ցուցակը, որոնց հետ պատրաստ է համագործակցել` ֆինանսավորելով նրանց մատակարարներին: Եվ այսպես, ցուցակի մեջ մտել են. «Միջազգային օդանակավակայաններ-Հայաստան» ՓԲԸ-ն, «Հայաստանի հեռախոսային ընկերություններ» ՓԲԸ-ն, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն, «Երևանջուր» ՓԲԸ-ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն, «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն, «Ղ-Տեկելոմ» ՓԲԸ-ն և «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ-ն: Ընթացիկ տարվա դեկտեմբերի 15-ին մենք մտադիր ենք ընդլայնել այդ ցուցակը, որի մեջ մտնելու են տնտեսության տարբեր ոլորտների ընկերություններ. այդ թվում` խոշոր մանրածախ ցանցեր, քանի որ դասական ֆակտորինգի նկատմամբ հետաքրքրությունն աճում է:

Պոտենցիալ սպառողներին ծանոթանալու նպատակով Ամերիաբանկն անցկացնում է սեմինարներ: Պատմեք, թե ինչպիսի հարցեր են հետաքրքրել սեմինարի մասնակիցներին` կապված ֆինանսավոևրման նոր արտադրանքի հետ:
Ֆակտորինգային ֆինանսավորումը լայնորեն ճանաչված է միջազգային բանկային շուկայում: Հաշվի առնելով այն փաստը, որ ֆակտորինգը Հայաստանի բանկային համակարգում համեմատաբար նոր արտադրանք է,Ամերիաբանկը դարձել է սեմինարներ անցկացնելու նախաձեռնող` այդ արտադրանքի հետ ավելի մանրամասն ծանոթանալու համար: Նոյեմբերին մենք անցկացրել ենք երեք սեմինար, որոնց մասնակցել են տարբեր ոլորտների ընկերություններ, մասնավորապես` շինարարական ընկերություններ, դեղորայք արտադրողներ, հեռուստաընկերություններ, գովազդային գործակալություններ և այլն: Սեմինարի մասնակիցները հիմնականում տվել են տեխնիկական բնույթի հարցեր: Նրանք նաև հետաքրքրվել են նրանով, թե ինչու են ցուցակի մեջ մտել վերհիշյալ ընկերությունները և երբ է բանկը մտադիր ընդլայնել այն:

Ինչպե՞ս եք կարծում, որքանով է պահանջված այդ արտադրանքը մեր ֆինանսական շուկայում և ո՞վ է նրա պոտենցիալ սպառողը:
Այս արտադրանքը նորություն չէ բանկային համակարգում: Ամերիաբանկը, սկսած 2008-ից, զբաղվում է ֆակտորինգային ծառայություններ տրամադրելով, իսկ դասական ֆակտորինգը ուղղություն է, որի շրջանակներում մենք փորձել ենք այն ավելի ճկուն դարձնել: Այսօր ֆակտորինգային ֆինանսավորման մեծ պահանջարկ կա, քանի որ չկա ընկերություն, որը չունենա դեբիտորային պարտք և վճարման հետաձգման գործարք: Մենք կարող ենք վստահ ասել, որ մեր շուկայում զարգացման մեծ պոտենցիալ կա, և միայն սկիզբն է նրա, ինչ մենք մտադիր ենք առաջարկել մեր հաճախորդներին: Ցանկանում եմ նշել, որ մենք սահմանափակում չենք դնում տնեսության առանձին ոլորտների վրա: Ժամանակի հետ, ուսումնասիրելով շուկան, մենք պատրաստ կլինենք մեր հաճախորդներին առաջարկել ֆակտորինգի այլ տեսակներ, քանի որ Ամերիաբանկը միշտ հակված է հանդես գալ ֆինանսավորման նորարարական արտադրանքներով:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News