22 հուլիսի 2011 - 18:53 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Դավիթ Սարգսյան.
Հայաստանում էլեկտրոնային կառավարությունը թափ է առնում
Ժամանակին համընթաց քայլելով և նպատակ ունենալով բարելավել քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների որակը՝ Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմանըւ: Միաժամանակ, կառավարության առջև խնդիր է դրվել ստեղծել այնպիսի բիզնես միջավայր, որտեղ կթեթևանա բիզնեսի գործունեությունը՝ ժամանակի և ծախսերի էական կրճատմամբ: Հայաստանում էլեկտրոնային կառավարության կայացման և զարգացման մասին PanARMENIAN.Net-ի հետ հարցազրույցը Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի հետ է:
Որո՞նք են էլեկտրոնային կառավարության նպատակները և խնդիրները:
Առաջին հերթին, կառավարության ծրագրի համաձայն, պետական կառավարման մեր համակարգը պետք է համապատասխանեցվի միջազգային լավագույն չափորոշիչներին, երկրորդ, արդյունավետության տեսանկյունից այն պետք է աշխատի ձեռնարկատիրության կանոնների համաձայն: Պարզ ասած, էլեկտրոնային կառավարման համակարգի նպատակը մեր երկրի մարդկանց կյանքը հեշտացնելն է: Մենք հնարավորինս պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որը թույլ կտա կրճատել քաղաքացիների և պետական պաշտոնյաների միջև «ֆիզիկական» շփման հնարավորությունը, ինչն իր հերթին ենթադրում է կոռուպցիոն ռիսկերի նվազեցում: Ինչ վերաբերում է համակարգի՝ լուծման պահանջ ունեցող խնդիրներին, ապա ստեղծվում են նոր գործիքներ , որոնք , ըստ էության բացահայտում են պետական հատվածում գործող բյուրոկրատական ընթացակարգերը (օրինակ այս կամ այն լիցենզիայի և թույլտվության տրամադրման դեպքում ,ասենք սկսվում է անճշտությունների վերացման գործընթացը, երևույթներ, որոնք հանգեցնում էին ավելորդ քաշքշուկների, կոռուպցիոն բարձր ռիսկերի):

Հայաստանի կառավարությունը 2010-ի փետրվարի 25-ին 2010-2012 թթ. համար հաստատել է էլեկտրոնային հասարակություն ձևավորելու հայեցակարգը: Փաստաթուղթը մի քանի բաղադրիչ ունի, այդ թվում՝ ապահովել Հայաստանի ողջ տարածքում գերաարագ ինտերնետ կապի տարածումը եւ մատչելիությունը, լուծել համակարգչային հագեցվածության հարցը, տարածել էլեկտրոնային ծառայությունները պետական և մասնավոր հատվածներում, ինչպես նաև լուծել էլեկտրոնային և կիբերանվտանգության ապահովման խնդիը: Այդ ամենի իրագործման ճանապարհին ինչպիսի՞ պարտականություններ է անմիջականորեն ստանձնում կառավարության աշխատակազմը: Ինչի՞ց է սկսվել կառավարական ծրագրի իրագործումը:

Հայեցակարգը բավական ընդարձակ է և կազմված մի քանի հատվածներից: Կառավարության աշխատակազմը ստանձնել է պարտավորություն էլեկտրոնային կառավարման մասով, մասնավորապես բարձրացնել պետական հաստատությունների կողմից տրամադրվող ծառայությունների որակը և արդյունավետությունը:

Էլեկտրոնային կառավարման պետական համակարգի ներդրումը Հայաստանի կառավարության գերակա ուղղություններից է, և այստեղ մենք հետևողական քայլեր արեցինք, որպեսզի ստեղծենք համապատասխան ենթակառուցվածք և բովանդակություն: Դեռ երկու տարի առաջ երկրում ինտերնետ հասանելիությունը և արագությունները ցածր էին, գները՝ բարձր և այլն: Երրորդ օպերատորի դաշտ մտնելուց հետո («ԱրմենՏել» ՓԲԸ, « FiberNet», այնուհետև՝ GNCAlfa, խմբ. դիտ.) իրավիճակը կտրուկ փոխվեց. մրցակցությունը մեծացավ, բոլոր երեք օպերատորները երկրով մեկ սկսեցին մատչելի ծառայություններ առաջարկել: Այսօրվա դրությամբ հանրապետության 30 քաղաք ծածկված է օպտիկամանրաթելային ինտերնետով, մինչ այդ այն հասանելի էր 3-4 քաղաքների համար: Միաժամանակ ավելացավ լայնաշերտ ինտերնետ օգտագործողների թիվը. 2008-ին՝ 30 000, 2009-ին՝ 70 000, 2010-ին՝ 173 000, իսկ 2011-ի երկրորդ եռամսյակում օգտագործողների թիվն արդեն 262 000 է: Մասնագետների կարծիքով, մինչև տարեվերջ 400 000 թիվը լիովին իրատեսական է, ըստ էության, ամեն երկրորդ ընտանիքի մասին է խոսքը:

Որպես կառավարություն, մենք մեր կողմից ևս ստեղծել ենք VPN (virtual private network) ցանցի հիման վրա սեփական համակարգ, որը փուլառփուլ զարգանում է: Սկզբում միասնական համակարգին միացել էին միայն նախարարությունները, այնուհետև միացան 10-ը մարզպետարաններն ու մնացած գերատեսչությունները, իսկ այս տարի արդեն իրավաբանական անձանց գրանցման պետռեգիստրի տարածքային բոլոր կետերը: Այս պահին միացման փուլում են սոցիալական ծառայությունների և ՔԱԿԳ բոլոր ստորաբաժանումները: Այս տարի ներկայացված կլինենք ավելի քան 200 կետում, որոնց կեսից ավելին օպտիկամանրաթելային է: Այսինքն՝ պետությունը ևս պահանջ է ներկայացնում շուկային, ինչն էլ բերում է նրան, որ օպերատորները մարզեր են գնում: Հետաքրքիր է, որ վերջին երեք տարում ավելացրել ենք մեր ցանցի աշխարհագրությունը, իսկ սպասարկման գինը գործնականում չի փոխվել՝ տարեկան 70-80 մլն դրամ, արդյունքում՝ ցածր գին, բարձր արագություն, առավել լայն ծածկույթ:

Միաժամանակ, վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով, բովանդակության վրա ենք աշխատել: Ստեղծված առաջին առաջարկները համեմատաբար պարզունակ էին, հիմա հասել ենք ամենաբարդերին: Նախ մենք ձևավորեցինք էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը: Այսօր ավելի քան 40 գերատեսչություն աշխատում է փաստաթղթաշրջանառության միասնական համակարգով, գերատեսչությունների միջև թուղթ, որպես այդպիսին , այլևս չի «թափառում»: Այնտեղ մուտքագրված ամեն մի փաստաթուղթ թվանշայնացվում է ընդհանուր բաժնում և միանգամից ուղարկվում արխիվ:

Եվ ո՞րն էր հաջորդ քայլը:
Հաջորդ քայլը էլեկտրոնային ստորագրության ներդրումն էր: «Էլեկտրոնային ստորագրության մասին» ՀՀ օրենքն ընդունվել էր դեռևս 2002-ին: 1996 թվականից ֆինանսական փոխադրումների համար կիրառվող էլեկտրոնային ստորագրությունների բանկից բացի, դրանք՝ էլեկտրոնային ստորագրությունները, ոչ մի տեղ կիրառելի չէին: 2008 թ. ստեղծվեց կենտրոն, որն սկսեց էլեկտրոնային ստորագրություն տրամադրել, և այսօրվա դրությամբ թողարկել է ավելի քան 6500 ստորագրություն, որից 300-ը պատկանում է պետական պաշտոնյաններին, իսկ մնացածը՝ ձեռնարկությունների մենեջերներին, ովքեր հարկային հաշվետվություններ են ներկայացնում էլեկտրոնային տեսքով (e-filing):

Այսօր բոլոր ընկերությունները հնարավորություն ունեն հարկային հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային տեսքով առանց գրասենյակից դուրս գալու: Էլեկտրոնային ստորագրության արժեքն առաջին տարվա համար 15 հազար դրամ է, իսկ յուրաքանչյուր հաջորդ տարվա համար՝ 5 հազար դրամ: Հարկային մարմիններն իրենց հերթին շատ օպերատիվ ստեղծեցին պորտալ, որը ընդունում է այդ հաշվետվությունները, և այդ ամենը իբրև միասնական համակարգ արդեն աշխաումէ: Այսօր 5400 ընկերություն հարկային հաշվետվություն ներկայացնում էլեկտրոնային ճանապարհով:

Հայաստանի խորհրդարանը 2010-ի վերջին «Լիցենզավորման մասին» և տասնյակ այլ ՀՀ օրենքներում փոփոխություններ է մտցրել, որոնցից ելնելով կրճատվել է լիցենզավորված գործունեության ցանկը: Ի՞նչ է արվել այդ ուղղությամբ բյուրակրատական քաշքշուկները կրճատելու առումով:
Հայաստանի կառավարությունը ներդրել է լիցենզավորման տարբեր տեսակների համար հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգ ՝ www.e-gov.am/licenses: Այստեղ առայժմ ավտոմատացված է անհրաժեշտ փաստաթղթերի հայտագրման գործընթացը: Հայտատուն պետք է միայն մեկ անգամ այցելի գերատեսչություն և ստանա լիցենզիա, իսկ եթե նա էլեկտրոնային ստորագրություն ունի, ապա էլեկտրոնային լիցենզիան կարող է ստանալ իր անձնական էլեկտրոնային փոստին՝ պետական մարմին ֆիզիկակապես չներկայանալով. այդ ֆայլը, մեր օրենսդրության համաձայն, իրավաբանական ուժ ունի:

Այս ձևաչափով լիցենզիաներ տրամադրում են գրեթե բոլոր պետական կառույցները, բացառությամբ ՀՀ Կենտրոնական բանկի, (որը շատ ավելի բարդ ընթացակարգեր ունի), և ևս մի քանի լիցենզիաներ, որոնք վերաբերում են ատոմային էներգետիկայի, զենքի առևտրի ոլորտներին: Առայժմ թվանշայնացված չեն ՀԾԿՀ կողմից տրվող լիցենզիաները:

Ինչպիսի՞ անճշտություններ են հայտնաբերվել էլեկտրոնային լիցենզավորման համակարգի ներդրման ընթացքում:
Էլեկտրոնային լիցենզավորման համակարգի ստեղծման ժամանակ հաշվի չէր առնվել հանգամանքը, որ տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն ունենան հետևել իրենց հայտի ընթացքին և պետական կառույցների կողմից ծառայությունների մատուցման ժամկետներին: Այս խնդրի լուծման համար ստեղծվեց հայտերի ընթացքին հետևելու համակարգը: 12 նիշանի գաղտնագիրը հավաքելով՝ հնարավոր է դառնում ոչ միայն հետևել լիցենզիա ձեռք բերելու համար դիմումի ընթացքին, այլև ցանկացած այլ հարցմանը, որ ուղղվել է պետական կառույցներին: Ամեն ամիս մենք արձանագրում ենք 1500 մուտք պորտալ այն բանի շնորհիվ, որ յուրաքանչյուր քաղաքացու ցանկացած պետական կառույց այցելելիս տրվում է այդ 12-նիշանոց գաղտնագիրը և դրա օգտագործման համառոտ նկարագիրը: Համարժեք գործողություններն ավտոմատ կերպով իրականանում են նաև էլեկտրոնային ձևաչափում: Մենք արել ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի քաղաքացիները տեղեկանան այս հնարավորության մասին: Նման համակարգը թույլ է տալիս դիմումներին պատասխաններ տալ սահմանված հստակ ժամկետներում: Ուշացման դեպքում քաղաքացին կարող է պահանջել չխախտել իր իրավունքները: Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով խախտումները բացահայտելու համար կառավարության աշխատակազմն իրականացնում է օպերացիոն աուդիտ: Այդ գործընթացը մենք վերջերս ենք սկսել և արդեն երկու գերատեսչություններում արձանագրվել են խնդիրներ, որոնք լուծվում են:

Ի՞նչ է արվել նոր ստեղծվող բիզնեսի «ծնունդը» թեթևացնելու համար
Հաջորդ քայլը ընկերությունների պետական գրանցման էլեկտրոնային համակարգի գործարկումն էր: Պետռեգիստրի ստացած հայտերի 95 տոկոսը կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից է ստացվել, կամ անհատ ձեռնարկատերերից: Հատուկ ստեղծված մոնիտորինգի խումբը գործարարների հետ գրանցում է ընկերությունը, համոզվելով, որ դա իսկապես պահանջում է շուրջ 15 րոպե: Եթե գրանցվում է կազմակերպչական-իրավական այլ ձև, այդ գործընթացը կարող է տևել 1- 2 օր:

Պետռեգիստրի էլեկտրոնային համակարգը շատ ավելի բարդ է, քան ինչ նախկինում գործարկել ենք, քանի որ ներառում է մի քանի ենթահամակարգեր: Այն ավտոմատ ռեժիմով կապված է ընկերությունների անվանումների, ոստիկանության, սոցիալական քարտերի տվյալների շտեմարաններին, էլեկտրոնային ստորագրության կենտրոնի, հարկային ծառայության տվյալների շտերամանի հետ: Այստեղ ընկերության գրանցումը նաև նշանակում է հարկատուի անհատական գաղտնանիշի ստացում և ընկերության անվանման գրանցում:

Պետռեգիստրն այսօր շաբաթական ստանում է շուրջ 250 հայտ, որից 10-15 գործարար բիզնեսը գրանցում է այս համակարգի օգնությամբ` առանց տնից դուրս գալու: Ամեն ամիս պետռեգիստր է այցելում մոտ 1000 մարդ. նրանց 70 տոկոսը նոր բիզնես են սկսում: Մենք հասել ենք նրան, որ քաղաքացին պետռեգիստր գա անձնագրով և այն գումարով, որ նա պետք է վճարի որպես պետտուրք: Նախկինում ընկերության գրանցման համար պետք էր կանոնադրություն պատրաստել, դիմում և այլն: Տնից բիզնեսի գրանցման համար պետք է ընդամենը անձնագրի համարը և վճարային քարտը:

Հայաստանի էլեկտրոնային հասարակության կայացման ոլորտում ինչպիսի՞ ձեռքբերումներ կարող եք նշել:
Հայաստանն այն սակավաթիվ երկրների շարքում է, որտեղ 2003-ից սկսած կարելի է մուտքի արտոնագիր ստանալ էլեկտրոնային պորտալի միջոցով՝ e-Visa: Արդեն գործարկվել են նաև հեղինակային իրավունքի ու առևտրային նշանների գրանցման համակարգերը:

Ինչ վերաբերվում է պետգնումներին, ապա այդ համակարգերը գործելու են տարեվերջին, իսկ առայժմ gnumner.am կայքում կարելի է գտնել մրցույթների մասին ողջ տեղեկատվությունը:

ՀԿ-ների ակտիվ մասնակցությամբ դեռ 2007-ին օրենք է ընդունվել հանրային ծանուցումների մասին: Օրինակ` դուք հայց եք ներկայացրել ինչ-որ մեկի դեմ, և նրան չեն կարողանում գտնել ծանուցելու համար: Արդյունքում դատալսումները ձգձգվում են: Երկու ամիս առաջ գործարկվել է azdarar.am կայքը: Եթե ծանուցումը տեղադրված է այս պորտալում, ապա նկատի է առվնում, որ պատասխանող կողմը, ինչպես կարգն է, տեղեկացված է: Այսպիսով` դուք ժամանակ եք խնայում: Գործում է նաև datalex.am կայքը, որտեղ կարելի է գտնել դատարանի ցանկացած որոշում և համապատասխան փաստաթղթեր:

Բացի այս, ստեղծվել են մի քանի ծրագրային փաթեթներ, որ ուղղված են կառավարության գործունեության թափանցիկության բարձրացմանը: Պաշտոնական կայքում կարելի է գտնել կառավարության բոլոր որոշումները, առցանց հետևել գործարքներին, որոնք իրագործվում են երկրի պետբյուջեի շրջանակներում: Կառավարական կայքի մատչելիությունը բարձրացնելու համար մենք վերջերս գործարկել ենք ծրագրեր iPhone-ի և iPad-ի համար: Երկու շաբաթում արձանագրվել է 530 ներբեռնում: Ապագայում դիտարկելու ենք նաև Android-ների համար նման ծրագիր:

Ի՞նչ մակարդակում է գտնվում բոլոր կառավարական համակարգերի կիբերանվտանգությունը:
Դա առանձին թեմա է, այստեղ մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, տարվում են աշխատանքներ:

Պատմեք հետագա պլանների մասին:
Կառավարության նախաձեռնությունների շարքում է Ազգային պատկերասրահի ֆոնդերի թվանշայնացումը, ինչպես նաև ոստիկանության հետ համատեղ ավտոտրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառումից հանելու համակարգի գործարկումը: Քննարկվում է նաև ԶԱԳՍ-երը բնակչության գրանցման բազային կապելու գաղափարը: 2012-ից շրջանառության մեջ մտնող կենսաչափական անձնագրերի և ID քարտերում ներդրված կլինեն նաև էլեկտրոնային ստորագրություններ: Միևնույն ժամանակ, քարտի հետ քաղաքացին կստանա պաշտոնական էլ-փոստի հասցե` վիրտուալ հասցեն, որի վրա քաղաքացին կստանա գործարքների և այլնի վերաբերյալ ծանուցումներ: Նաև ստեղծվի միասնական պորտալ, որի միջոցով քաղաքացին կկարողանա ցանկացած տիպի տուգանք վճարել, տուրքեր մուծել ու այլ վճարումներ կատարել:

Ընդհանուր առմամբ, այն ամենը, ինչ մենք ստեղծել ենք` թե ենթակառուցվածքների, թե բովանդակության առումով, ուղղված է ցանկացած տեսակի տեղեկատվության պահանջարկի բավարարմանը: Դրանում կառավարությանն աջակցում են ԵՄ-ն, ՀԲ-ն և ԱԶԲ-ն: Պետք է նշել, որ Հայաստանն էլեկտրոնային կառավարման մակարդակով արդեն առաջ է անցել շատ երկրներից: Այդ մասին, մասնավորապես, վկայում են այն համեմատությունները, որոնք մենք անցկացնում ենք՝ մասնակցելով միջազգային համաժողովների: Այժմ մենք նպատակ ենք դրել քաղաքացիներին հնարավորինս ծանոթացնել նոր գործիքներին և դրանց կիրառման հնարավորություններին:

Վիկտորյա Արարատյան / PanARMENIAN News