Չնայած զբաղվածությանը և դիվանագետի չնորմավորված գրաֆիկին՝ ամեն դեպքում հաջողվում է մի քիչ ժամանակ ունենալ սիրած գործով զբաղվելու համար: «Միշտ հաճելի է մի քիչ ժամանակ հատկացնել ինքս ինձ, նույնիսկ եթե դա ստացվում է ոչ այդքան հաճախ»,- նշեց Հայաստանում Լիտվայի դեսպան Գեդրիուս Ապուոկասը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում դեսպանը հաճույքով համաձայնվեց պատմել իր նախասիրությունների և հոբբիի մասին:
Զրույցը սկսելով Երևանում որպես դեսպան նշանակվելուց՝ նա տեղեկացրեց, որ դեռ մանուկ հասակում նամակագրական կապ է ունեցել հայ տղայի հետ, ով իրեն պատմել է Հայաստանի մասին և այդ պատճառով Հայաստանում դեսպան նշանակվելը նրա համար ինչ-որ յուրահատուկ բան էր: «Կարելի է ասել, ես ինչ-որ բաներ գիտեի այստեղ գալուց առաջ»,- ժպիտով նշեց նա: Հայաստան ժամանելը բավական հուզիչ էր, քանի որ դա Ապուոկասի առաջին նշանակումն էր դեսպանի պաշտոնում: «Հիշում եմ, երբ եկա, ապշել էի լեռների տեսարաններով, հատկապես Արագածի և Արարատի...Իմ կյանի մեծ մասը ես անցկացրել եմ հարթավայրում և Հայաստանի լանդշաֆտը շատ յուրահատուկ էր ինձ համար»,- նշեց դեսպանը:
Ձեզ համար ի՞նչն էր ամենատարօրինակը Հայաստանում:
Դե, առաջին հերթին, իհարկե լանդշաֆտը, որը չափազանց բազմաբան է, այնուհետև մարդկանց բնավորությունը: Օրինակ, լիտվացիները բավական զուսպ են հայերի համեմատ, ովքեր ավելի բարյացակամ են և շփվող: Թեև, եթե դուք գնաք Վիլնյուսը Քաունասի դեմ բասկետբոլային խաղին, ինչ-որ պահի ձեզ կարող է թվալ, որ խաղին եկել են հարյուրավոր խելագարներ...Այնպես որ կարծրատիպերը նույնպես ունեն իրենց սամանները... Եվս մի բան, որը չի դադարեցնում զարմացնել ինձ, փողոցային երթևեկությունն է: Ինձ համար ուղղակի հետաքրքիր է, թե ինչու հայ վարորդներին միշտ չի բավականացնում երթևեկության մեկ գոտին: Իսկ ունե՞ք արդյոք սիրած վայր, ուր հաճախ եք այցելում Հայաստանում:
Հըմմմ... ինձ ամեն ինչ դուր է գալիս: Եվ բնապատկերների հակադրությունը, երբ, օրինակ, ամռանը մեկնում ես Սևան, որի ափին խոտն արդեն չորացել է, բայց Դիլիջան մեկնելիս թունելով անցնելով հայտնվում ես կանաչի թագավորությունում, և Սյունիքի լեռները... Ինձ շատ է դուր գալիս ճանապարհը «կիսել» երթևեկելի մասով անցնող ոչխարների և կովերի հետ... Եվ, իհարկե, շատ հաճելի է մայրամուտին տաք ծիրան պոկել հենց ծառից: Ինձ համար շատ յուրահատուկ վայր է Արագած լեռը: Հիշում եմ, մի անգամ ստիպված էի շտապ իջնել լեռան լանջից, որովհետև կարկուտի ամպեր էին կուտակվել, ինչը կարող էր ոչ այնքան հաճելի հետևանքներ ունենալ ինձ համար: Դրանից հետո ես մեկնում եմ այնտեղ հունիսին և բացառապես լավ եղանակին: Հայաստանից կրած տպավորությունների մասին պատմելուց հետո դեսպանը սկսեց պատմել, թե ինչն է նրա սիրած զբաղմունքը աշխատանքից և ուղևորություններից դուրս: