31 հունվարի 2012 - 18:05 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Լյուդմիլա Կաչկան.
12 նովելների օգնությամբ կփորձենք ողջ աշխարհին ցույց տալ Հայաստանն ու հայ մարդուն
Երևանում մեկնարկել են Հայաստանի ու հայերի մասին պատմող «Իմ սիրտ, Հայաստան» նոր գեղարվեստական ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, որը նախատեսվում է ավարտել 2013 թվականի հունվարին։ PanARMENIAN.Net-ի թղթակիցը զրուցել է նախագծի գլխավոր պրոդյուսեր, ազգությամբ լիտվացի, հայերի ու Հայաստանի հետ ոչ մի կապ չունեցող Լյուդմիլա Կաչկանի հետ, փորձել պարզել նախագծի նպատակն ու խնդիրները։
Ինչո՞ւ եք որոշել ֆիլմ նկարահանել Հայաստանի ու հայերի մասին, եթե ինքներդ ոչ մի կապ չունեք մեր երկրի հետ
Այստեղ ապրող մարդիկ, հայերը, իրենց կողմնակի աչքով չեն նայում, չեն տեսնում։ Իսկ արտասահմանից եկողները՝ ես, տեսնում եմ մարդկանց, հասկանում՝ որքան գեղեցիկ են նրանք սիրո և ատելության, երջանկության ու դժբախտության ժամանակ։ Ես սիրում եմ հետևել, փորձում եմ հասկանալ մարդկանց, և կարող եմ ասել, որ Հայաստանն ունիկալ երկիր է։ Հայաստանում ու սփյուռքում կնկարահանենք 12 նովել, որոնց միջոցով կփորձենք ցույց տալ եվրոպացիներին, որ հայը հասարակ մարդ է, որն ուրախանում է, տխրում, սիրում։

Կարելի՞ է ասել, որ Ձեր թիրախային հանդիսատեսը հասարակ եվրոպացին է
Թիրախային հանդիսատեսը՝ ամբողջ աշխարհն է։ 12 նովելների օգնությամբ կփորձենք ողջ աշխարհին ցույց տալ Հայաստանն ու հայ մարդուն։ Սա միջազգային շատ մեծ, մասշտաբային նախագիծ է։ Արդեն իսկ մասնակցության նախնական պայմանավորվածություն ունենք Կաննի, Բեռլինի, Մոսկվայի փառատոների հետ, ինչպես նաև՝ «Ոսկե ծիրանի» հետ։

Ինչի՞ մասին են նովելները։ Ի՞նչն է դրանց միավորում
Դրանք առանձին պատմություններ են։ Յուրաքանչյուր նովել ինքնին ավարտուն ֆիլմ է։ Ի՞նչն է միավորելու. Հայաստանը կամ հայերի մասին լինելը՝ Հայաստանի հայերի, սփյուռքի հայերի։ Դրանց կմիավորի Հայաստանի մշակույթը, պատմությունը։ Սակայն ֆիլմում չի լինի Գառնի-Գեղարդ, Սևան կամ Մատենադարան։ Այն կլինի պարզապես հայ մարդու մասին, նրա կյանքի ու կենցաղի։ Ֆիլմի գեղարվեստական խորհուրդը առայժմ ընդամենը 4 նովել է հաստատել։ Ոչ պաշտոնական մրցույթ է հայտարարված մնացած նովելների համար։ Հնարավոր է, որ հենց ռեժիսորներն առաջարկեն՝ ինչ են ուզում նկարահանել։

Դուք ասացիք՝ պատմության։ Ղարաբաղյան պատերազմի ու Եղեռնի թեմաները շոշափվելո՞ւ են ֆիլմում։
Ղարաբաղի խնդիրը եթե անգամ շոշափվի, ապա գուցե ինչ-որ մեկի ճակատագրի առումով՝ որպես մեկ մարդկային ճակատագիր, պատերազմի ազդեցությունն այդ մարդու կյանքի վրա։ Այդպիսի նովել դեռևս նախատեսված չէ, սակայն ամեն ինչ հնարավոր է։

Խոսեցիք ռեժիսորների մասին։ Արդեն հայտնի՞ են անունները
Հիմա մենք կարող ենք խոսել միայն այն ռեժիսորների մասին, որոնք հաստատել են իրենց մասնակցությունը նախագծին՝ Ատոմ Էգոյան, Ալեն Բերբերյան և Հայաստանից Հովհաննես Հակոբյան։ Մնացած ռեժիսորների հետ կա նախնական պայմանավորվածություն, բայց անուններ տալ դեռևս վաղ է։

Իսկ ինչո՞ւ հենց 12 նովել
12-ը զուտ սիմվոլիկ է։ Տարին ունի 12 ամիս, և 12-ը փակ, ավարտուն ցիկլի, ամբողջականության խորհուրդ ունի։ Կյանքը սկսվում է, շարունակվում և ավարտվում։ Այդպիսին է նաև ֆիլմը։

Հ. Գ. Այս նախագծի մասին արդեն իսկ տեղյակ են Ադրբեջանի իշխանությունները։ Ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ռուբեն Խաչատրյանը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մշակութային հարցերով խորհրդականը արդեն մի քանի անգամ զանգահարել է ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Լյուդմիլա Կաչկանին ու փորձել համոզել՝ ֆիլմ ստեղծել ոչ թե հայերի ու Հայաստանի, այլ ադրբեջանցիների ու ադրբեջանական սփյուռքի մասին։

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News