5 մարտի 2012 - 14:23 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Գեորգի Խաչատրյան.
Դատավարության շարժունության բարձրացումը թույլ կտա Հայաստանն ավելի գրավիչ դարձնել արտասահմանյան ներդրողի համար
Ցանկացած երկրի բարենպաստ ներդրումային միջավայրը նրա գրավականն է, որ ներդրողն առանց կասկածելու ներդրում կկատարի հենց այստեղ: Հայաստանի իշխանությունները վերջին տարիներին շատ ջանքեր են գործադրել, որպեսզի բարելավեն այն ինչպես բիզնեսի գրանցման, այնպես էլ հարկային և մաքսային վարչարարության թափանցիկության բարձրացման ոլորտում: Քայլեր են ձեռնարկվել նաև դատավարության որակը բարձրացնելու համար, որը կոչված է պաշտպանել բիզնեսի շահերը: Սակայն անելիքներ դեռ շատ կան, իսկ թե ինչպիսի, PanARMENIAN.Net-ի հետ զրույցում պատմել է «Ամերիա» Ընկերությունների խմբի ավագ իրավաբանական խորհրդադու Գեորգի Խաչատրյանը:
Եթե արտասահմանյան ներդրողն ուշադրություն դարձնի Հայաստանին, ինչպիսի՞ կողմնորոշիչներ են նրա համար կարևոր առաջին հերթին:
Երբ պոտենցիալ ներդրողը մտածում է այն մասին, որպեսզի դուրս գա կոնկրետ երկրի, մասնավորապես, Հայաստանի շուկա, առաջին հերթին ուշադրություն է դարձնում ընդհանուր վարչարարության վրա: Կարևոր է, թե որքանով է հեշտ ընկերություն բացելը, այն կամ արդեն գործող ընկերության ներկայացուցչությունը գրանցելը, որքանով հեշտ և արագ կարելի է ստանալ անհրաժեշտ լիցենզիաները և այլն: Այնուհետև ներդրողը նայում է հարկային և մաքսային դաշտին, թե որքան թափանցիկ է վարչարարությունը, կան արդյոք արտոնություններ արտասահմանյան ներդրողների համար: Երրորդ, նա նայում է դատական համակարգին, քանի որ ցանկացած գործարար գիտի, որ երբևէ կառաջանան խնդիրներ, որոնք անհնար է լուծել դատական համակարգից դուրս: Այս հատվածում ներդրողը հատուկ ուշադրություն է դարձնում նրա վրա, թե որքան արագ է աշխատում այդ համակարգը, որովհետև բիզնեսի համար կարևոր է, որպեսզի գործը դիտարկվի կարճ ժամկետներում և բիզնեսի համար նվազագույն ուշացումներով: Բիզնեսը չի կարող ժամանակ և փող ծախսել նրա վրա, որպեսզի մեկ տարի հետո իմանա, որ ճիշտ էր:

Վերջին ժամանակները երկրի կառավարությունը զգալիորեն հեշտացրել է բիզնեսի գրանցման ընթացակարգը: Ինչպե՞ս եք գնահատում այդ քայլերը, կա՞ն արդյոք ինչ-որ թերություններ: Որքանո՞վ է դա գրավում ներդրողին:
Օնլայն ռեժիմով բիզնեսի գրանցման համակարգի ներմուծումը, անշուշտ, հեշտացրել է ներդրողի աշխատանքը: Միջոցներ են ձեռնարկվել նաև համակարգից բիզնեսի դուրս գալը հեշտացնելու համար: Վերջին շտկումների համաձայն, հարկային ծառայությունը պետք է ռեգիստրին պատասխանի պարտականությունների մասին հարցման օրվանից սկսած 20 օրվա ընթացքում: Կառավարությունը որոշակի ժամանակահատված անց որոշումներ է ընդունում այսպես կոչված «քնած» ընկերությունների վերացման մասին:

Հեշտացվել են հարկային և մաքսային վարչարարության ընթացակարգերը, մասնավորապես, կոռուպցիայի կրճատման համար հաշվետվությունները ներկայացվում են օնլայն ռեժիմով: Ի՞նչ է անհրաժեշտ ձեռնարկել Հայաստանում բիզնես վարելը հեշտացնելու համար:
Ներդրողների համար խնդիրներից մեկը ստուգիչ գների բացակայությունն է, որոնցով մաքսակետում գանձվում են տուրքերը: Դեռ 2008-ին մաքսատունը կարճ ժամանակով սկսեց օգտագործել բազային գները, և դա, հիմնականում, արվել է ավտոմեքենաների մաքսազերծման համար: Այսինքն մարդը գիտեր, թե ինչ ապրանքանիշի համար է մաքսատուրք գանձվում: Հիմա այդ գները չկան, մեծամասամբ կիրառվում է ապրանքի շուկայական արժեքի գնահատման սուբյեկտիվ մոտեցում: Երբ տնտեսվարող սուբյեկտն ապրանքագիր է ներկայացնում որոշակի երկրում որոշակի գնով ապրանք գնելու մասին, մաքսատան աշխատողը կարող է նրան չհավատալ և ինքը որոշել գինը: Նման խնդիր, որպես կանոն, առաջանում է խոշոր բիզնեսի համար, որը մեծամասամբ Հայաստանում արտասահմանյան ընկերության ներկայացուցիչ է: Իսկ ահա փոքր և միջին ձեռնարկատիրության համար առաջանում է ձեռք բերված ապրանքի արժեքի ապացույցի խնդիր: Այնուամենայնիվ, այդ փոփոխությունը գտնվում է կառավարությունում բանավեճերի փուլում: Ցանկություն, միանշանակ, կա, որովհետև պետությունը հասկանում է, որ Հայաստանը ներկրող երկիր է, և մեզ անհրաժեշտ են լավ նորմեր, որոնցով ներդրողների համար հնարավոր կլինի ստեղծել բարենպաստ մաքսային դաշտ: Կարծում եմ, որ դա արդեն հաջորդ գումարման խորհրդարանի հարցն է, սպասենք աշնանը: Մյուս կողմից բիզնեսի համար ամենամեծ խնդիրը սահմանին ԱԱՀ գանձելու փորձն է: Ստացվում է, որ բիզնեսն ամենասկզբից ծախսեր է կատարում, կապված ոչ թե ներկրված ապրանքի, այլ փաստացի վաճառքի հետ, թեև նա դա կարող է վաճառել որոշ ժամանակ անց:

Ինչ վերաբերվում է օնլայն ռեժիմով հարկային հաշվետվություններ ներկայացնելու համակարգի ներմուծմանը, ապա կարելի է ասել, որ համակարգը բավական ճիշտ է աշխատում: Սակայն առկա է որոշակի սուբյեկտիվ գործոն այն մասում, որտեղ հարկային մարմինների գործողություններն այդքան հստակ ներկայացված չեն օրենքում: Պետք է նշել, որ բիզինեսը սիրում է կանխատեսելի միջավայր, քանի որ ցանկացած հարկային ստուգում անդրադառնում է բիզնեսի օպերացիոն իրավիճակի վրա:

Ընդհանուր առմամբ,_Հայատանում գործող հարկային և մաքսային վարչարարությունը բավական թափանցիկ է, քանի որ այն 98 տոկոսով կանխատեսելի է ներդրողների համար:

Որքանո՞վ է արտասահմանյան ներդրողը պաշտպանված Հայաստանի օրենսդրությամբ, ի՞նչը կարող է դժգոհություն առաջացնել նրա մոտ:
Որպես բիզնեսի իրավունքների և շահերի պաշտպան, որպես կանոն, հանդես է գալիս դատարանը: Սակայն մենք դեռևս չենք կարող մինչև վերջ արտասահմանյան ներդրողներին ցույց տալ այն, որ մենք ունենք օբյեկտիվ դատական համակարգ, որովհետև առկա են խնդիրներ: Առաջին հերթին, դա այն է, որ դատավարությունը մեզ մոտ կարող է տևել 2-3 տարի, ինչն անընդունելի է բիզնեսի համար: Օրինակ, Գերմանիայում գործի նախնական քննության ընթացքում դատարանը երկու կողմերի մասնակցությամբ ներկայացնում է իրավիճակն այն փաստաթղթերի հիմա վրա, որոնք ներկայացվել են, հայցն ընդունելու կամ մերժելու համար:

Կողմերից յուրաքանչյուրն այս փուլում կարող է որոշում ընդունել հայցից հրաժարվելու մասին, քանի որ գիտի՝ կարող է պարտվել, դրան գումարվում են նաև բարձր դատական ծախսերը: Իսկ Հայաստանում ենթադրվում է, որ դատավորը գործի նկատմամբ վերաբերմունք կարող է ձևավորել միայն խորհրդակցության սենյակում, երբ դատական գործընթացն ավարտվել է: Ավելին, Վարչական դատարանը, որը կոչված է օգնել բիզնեսին, այնքան ծանրաբեռնված է, որ եթե հաջողվի մեկ տարում ավարտել գործը, ապա դու շահել ես: Այսինքն, մեր իրավական համակարգը բավականաչափ ձևավորված չէ և դա վերաբերվում է նաև Վճռաբեկ դատարանին: Ուստի պետք է շտկումներ կատարել քաղաքացիական, դատավարական և վարչական օրենսգրքերում գործերի որոշ տեսակների քննարկումը հեշտացնելու համար: Ինչպես նաև լուծել Վարչական դատարանում կադրերի պակասի խնդիրը կամ գործերի որոշ տեսակները հանձնել այլ դատարանների: Պետք է լուծել վճարային հանձնարարությունների հարցերը, որոնք դատարանները լսում են հազարներով: Այդ հանձնարարությունների մեծ մասը ընդհանրապես կարելի է դատարան չտալ և այնպիսի մեքենայացված համակարգ ստեղծել, որի միջոցով այն միանգանից կգնա Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն: Եթե մյուս կողմն առարկում է, ապա դա կլինի հայց և նա կգնա դատարան: Այսպիսով, անհրաժեշտություն կա բարձրացնել դատական համակարգի շարժունությունը:

Շատ լավ էր, երբ նախկինում կային մասնագիտացված դատարաններ: Բաժանման սկզբունքն ամբողջությամբ մշակված չէր, քանի որ որոշ դատարաններում ծանրաբեռնվածությունն ավելի շատ էր, քան մյուսներում: Բայց այդ դատարանները ստեղծվել էին հենց նրա համար, որպեսզի արագ լուծեին որոշ հարցեր: Մասնագիտացված դատարանների լուծարումը վաղաժամ էր, կարելի էր մեթոդներ և համակարգեր մշակել, բայց հազիվ թե վերադառնան այդ համակարգին:

Ինչպիսի՞ նախաձեռնություններով կարելի է հանդես գալ Հայաստանում դատավարությունը հեշտացնելու համար:
Մենք Հայաստանի արդարադատության նախարարության հետ ունենք պայմանագիր, այդ համագործակցության շրջանակներում մենք փորձագիտական գնահատական ենք տալիս փաթեթներին կամ առանձին նորմատիվ ակտերին, որոնք նախարարությունն ինքն է մշակում և որոնք գտնվում են քննարկման փուլում և դեռ չեն մտել խորհրդարան: Կա օրենքի նախագիծ քաղաքացիական-դատավարական օրենսգրքում շտկումներ մտցնելու մասին: Մենք նաև նախապատրաստում ենք մեր առաջարկները, որոնք ցանկանում ենք քննարկել արդարադատության նախարարության հետ: Մենք փորձում ենք ֆիլտր լինել բիզնեսի բարձրացրած խնդիրների և խնդրի օբյեկտիվ կողմի միջև, որը տեսնում է պետությունը:

Այսպիսով, ներդրողն իրեն հարմարավետ կզգա, երբ իրավիճակը կանխատեսելի է, երբ չկան քաղաքական և տնտեսական ռիսկեր՝ դա գլոբալ խնդիր է: Ներդրողներին միշտ ինչ-որ բան անհանգստացնում է, կան ներդրողներ, ովքեր շատ ակտիվ են և մեզանից պահանջում են զգոն լինել՝ ինչ է տեղի ունենում օրեսնդրական դաշտում, ինչը կարող է հետագայում փոխվել: Մարդիկ ցանկանում են իմանալ, թե ինչ կլինի ապագայում: Մասնավորապես, մեծ բիզնեսի համար իր գործունեության մեջ փոքր դետալ փոխելու համար պահանջվում են մեծ ջանքեր և ծախսեր, ինչպես նաև ժամանակ:

Հիմա զգալի առաջընթաց է ձեռք բերվել տեղեկացվածության առումով, քանի որ յուրաքանչյուր նախարարություն իր կայքում հրապարակում է բոլոր օրենսդրական փոփոխությունները և առցանց կարելի է հետևել ուղարկված հայտին:

Հայաստանում ինչպիսի՞ ոլորտներ են ամենից շատ հետաքրքրում ներդրողներին:
Հայաստանում ներդրողների համար առավել հետաքրքրիր են լեռնահանքային արդյունաբերությունը և վերամշակվող էներգետիկան, լոգիստիկան, ինչպես նաև վերամշակվող արդյունաբերությունը:

Ինչո՞վ է օգնում ներդրողներին ԱՄՆ-ում «Ամերիա» Ընկերությունների խմբի դուստր ընկերությունը:
«Ամերիա» Ընկերությունների խմբի դուստր ընկերությունը՝ «Ameria Group Inc»-ը, հիմա ակտիվ աշխատում է նրա վրա, որպեսզի պատշաճ մակարդակով ներդրողներին ներկայացնի Հայաստանի ներդրումային միջավայրը, պատմի ներդրումների համար առավել պոտենցիալ ոլորտների մասին: Խորհրդատվությունները ներառում են ինչպես իրավաբանական փաթեթ, այնպես էլ բիզնես վերծությունուն, մարքեթինգային հետազոտություններ և այլն: Այսինքն, մենք փորձում ենք ներդրողին տեղում համալիր տեղեկատվություն ներկայացնել այն մասին, թե ինչ և ինչպես անել:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News