23 մարտի 2012 - 13:27 AMT
Արցախի Ներքին Հոռաթաղ գյուղում կատարվել է Ս. Գևորգ եկեղեցու հիմնարկեքը

Արցախի Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում մարտի 20-ին, թեմակալ առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ, կատարվել է Ս. Գևորգ եկեղեցու հիմնարկեքը: Ինչպես հաղորդում են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի տեղեկատվական համակարգից, Պարգև Սրբազանի հանդիսապետությամբ Արցախի թեմի և Զինված ուժերի հոգևոր սպասավորները նախ գինով ու ջրով լվացել են և ապա սրբալույս մյուռոնով օծել տասներկու առաքյալների ու չորս ավետարանիչների անուններով հիմնաքարերը, որից հետո դրանք տեղադրվել են նոր կառուցվելիք եկեղեցու հիմքում:

Եկեղեցին կառուցվում է ՊԲ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Նորայր Ասլանյանի նախաձեռնությամբ: Ճարտարապետական նախագծի հեղինակը Մանուշակ Տիտանյանն է:

Արցախի թեմի առաջնորդը կարևորել է այն սերտ համագործակցությունը, որ դարերի ընթացքում դրսևորել են հայ հոգևորականն ու հայ զինվորականը, և որի հերթական վկայություններից է նաև Ս. Գևորգ եկեղեցու կառուցման նախաձեռնությունը: Սրբազանը նշել է, որ Արցախի թեմի հերթական եկեղեցին կարող է ծառայել ոչ միայն քաղաքացիական բնակչության, այլ նաև մոտակա զորամասերի զինվորյալ հայորդիների հոգևոր կարիքների բավարարմանը: