23 մարտի 2012 - 13:52 AMT
Ջրաշենի 74-ամյա բնակչուհու սպանության գործը բացահայտվել է

Մարտի 21-ին ժամը 17.55-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ջրաշեն գյուղի բնակիչ Թորգոմ Խուդոյանի տանը դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տան խոհանոցի հատակին հայտնաբերել էր տանտիրուհու՝ 74-ամյա Չինար Խուդոյանի դիակը` պարանոցի, կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերի հետքերով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր հանցագործության գործիք դանակը:

Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով:

Ոստիկանության ծառայողների հմուտ գործողությունների շնորհիվ հանցագործությունը շատ արագ բացահայտվել է. մարտի 22-ին, ժամը 19.10-ին, ոստիկանները բերման են ենթարկել Ջրաշեն գյուղի բնակիչ, 1989 թ. ծնված Գևորգ Սարգսյանին: Նա խոստովանել է, որ մարտի 21-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Չինար Խուդոյանին դանակահարել և սպանել է ինքը:

Սարգսյանի մոտ հայտնաբերվել է սպանությունից հետո Չինար Խուդոյանից հափշտակած և իրեղեն ապացույց հանդիսացող «Սամսունգ» բջջային հեռախոսը:

Գևորգ Սարգսյանը ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է: