24 մարտի 2012 - 11:35 AMT
Գլոբալ համաժողով. Տնտեսական զարգացումը զուգակցվում է շրջակա միջավայրի դեգրադացիայով և անհավասարության աճով

Մարտի 23-ին Ստամբուլում Մարդու զարգացման հարցերին նվիրված առաջին գլոբալ համաժողովի պատգամավորները միաձայն ընդունել են Ստամբուլի հռչակագիրը, որը կոչ է անում համաշխարհային հանրությանը վճռական քայլեր ձեռնարկել սոցիալական անարդարության ու շրջակա միջավայրի վատթարացման դեմ այս տարվա հունիսին կայանալիք ՄԱԿ-ի «Ռիո+20» կայուն զարգացման խորհրդաժողովում:

Հռչակագրում մասնավորապես, ասվում է. «Աշխարհը նոր պարտավորությունների կարիք ունի կայուն զարգացման համար և ուժեղ քաղաքական ղեկավարության կարիք այն իրականացնելու համար»: Ստամբուլի հռչակագիրն ընդունվել է երկօրյա Գլոբալ համաժողովի արդյունքում, որին մասնակցել են 200 մասնագետներ, նախարարներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ աշխարհի տարբեր երկրներից: Հռչակագրում ասվում է, որ հարկավոր է «շեշտը դնել սոցիալական ինտեգրման, սոցիալական պաշտպանության ու արդարության վրա՝ խոստովանելով, որ տնտեսական զարգացումը զուգակցվում է շրջակա միջավայրի դեգրադացիայով և անհավասարության աճով: