24 մարտի 2012 - 12:55 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հենրիկ Նավասարդյան. «Նվերի գինը չեն ասում, բայց Չինաստանի նվերի արժեքը ավելի քան 4,5 մլրդ դրամ է»

PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե ինչ արժեն Չինաստանից Հայաստան ներկրված 249 ավտոբուսները, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը պատասխանեց, որ թեև նվերի գինը չեն ասում, նվերն ընդհանուր առմամբ արժե 4 մլրդ 5 հարյուր երեսուն միլիոն դրամ` ներառյալ ավտոբուսների և ավտոպահեստամասերի, ինչպես նաև`ավտոբուսների`դեպի Երևան փոխադրման վարձը:

Այն հարցին, թե ամեն երթուղու սպասարկման համար քանի ավտոբուս է նախատեսվում, Հենրիկ Նավասարդյանը պատասխանեց, որ տարբեր երթուղիների համար նախատեսված է տարբեր մեքենաքանակ`կախված երթուղու երկարությունից: Միջին հաշվարկով յուրաքանչյուր երթուղում կարող է գործարկվել 10-15 ավտոբուս:

Հենրիկ Նավասարդյանը հայտնել է նաև, որ մայիսի 15-ից հետո կպակասի երթուղայինների թիվը, իսկ մինչև նոյեմբեր ամսվա ավարտը կունենանք ընդհանուր երթուղին սպասարկող 1250 միկրոավտոբուս: Նրա փաստմամբ`երթուղայինի սպասարկման վճարը կմնա անփոփոխ` 100 դրամ:

Հենրիկ Նավասարդյանը նաև հայտնել է, որ ընդհանուր երթուղային ցանցը կհաստատվի հաջորդ շաբաթ, կհրավիրվի մամուլի ասուլիս և այդ մասին կտրվեն տեղեկություններ:

Անդրադառնալով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին,թե երթուղիների համալրումը կկարգավորի արդյոք երթուղայինների սպասարկման ինտերվալները, Հենրիկ Նավասարդյանը հավաստիացրեց, որ դրանք այսուհետ կկազմեն 8-10 րոպե:

ՖՈՏՈՇԱՐՔ