24 մարտի 2012 - 14:05 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երթուղի դուրս եկած նոր ավտոբուսներն այսօր ուղևորներին կսպասարկեն անվճար

Երևանի քաղաքապետերանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net-ին հայտնել են, որ երթուղի դուրս եկած նոր չինական ավտոբուսներն այսօր ուղևորներին կսպասարկեն անվճար:

Հայաստանի և Չինաստանի միջկառավարական համագործակցության արդյունքում Երևան է ներկրվել « Higer-Bus» մակնիշի 249 ավտոբուս: Դրանք փուլ առ փուլ կներգրավվեն մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում և, համաձայն Երևան քաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի երթուղային նոր ցանցի, կսպասարկեն մայրաքաղաքի բնակիչներին: Ընդհանուր 45 ուղևոր տեղատարողությամբ 22 նստատեղով այս ավտոբուսները համալրված են տեխնիկապես հագեցած սարքավորումներով և օդափոխության համակարգերով: Մինչև տարեվերջ նոր ավտոբուսների մի մասը կկահավորվի սայլակներով տեղաշարժվող ուղևորների ելումուտը ապահովող հատուկ սարքավորումներով:

Համայնքի կողմից սպասարկվող ավտոբուսներում կկիրառվեն նոր տեխնոլոգիաներ. ավտոբուսներում տեղադրված են GPS սարքեր, որոնցով հնարավոր է արդյունավետորեն վերահսկել ամբողջ տրասպորտի համակարգը: Դրանց միջոցով ու կանգառասրահներում տեղադրվող վահանակների միջոցով ուղևորները կարող են հետևել համաժամանակյա չվացուցակին, սպասարկող տրանսպորտի հաճախման ինտերվալներին: Նոր ավտոբուսներում նաև շարժական կապի WiFi համակարգ է լինելու:

Ավտոբուսները կսպասարկեն 6 երթուղի. 3-րդ համարը Հարավ-արևմտյան թաղամասից կշարժվի Նոր նորքի 8-րդ զանգված, 22-րդ համարը` Նոր Նորքի 9-րդ զանգվածից երկաթգծի կայարան, 32-րդ համարը`Հյուսիսային ավտոկայանից Գարեգին Նժդեհի հրապարակ, 38-րդ համարը` Նոր Նորքի զանգվածից քաղաքի կենտրոնով գնալու է Նորաբաց գյուղ, 54 համարը, որը կսպասարկի այսօրվանից, Ավան թաղամասից կշարժվի Նորաբաց գյուղ:

ՖՈՏՈՇԱՐՔ