17 մարտի 2004 - 21:07 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՕԳՏԻՆ
Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում Հայաստանը հանդես է գալիս կառուցողական դիրքերից եւ հակամարտության կողմերի միջեւ առանց նախապայմանների համագործակցության ծրագրերի իրագործման օգտին: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Գործող նախագահ, Բուլղարիայի ԱԳ նախարար Սողոմոն Պասիի հետ հանդիպման ժամանակ: Վարչապետը նշել է, որ նման համատեղ ծրագրերի իրագործումը կնպաստի հակամարտության կողմերի միջեւ վստահության ամրապնդմանը: Նա ընդգծել է, որ Երեւանը հանդես է գալիս բանակցային գործընթացի շարունակության օգտին եւ շարունակաբար ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ` ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ ուղղակի շփումների միջոցով: