26 մարտի 2012 - 15:50 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ն. Փաշինյան. «Ժառանգությունն» առաջարկել է ետ վերցնել Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը 5 այլ ընտրատարածքների փոխարեն

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը չի մեկնաբանել ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հայտարարությունը 7-րդ ընտրատարածքում իր թեկնածությունը հանելու մասին: «Առայժմ դե-յուրե փաստը չի կայացել, ես զերծ եմ մնում այս հարցի շուրջ մեկնաբանություններից»,- լրագրողներին մամլո ասուլիսում հայտարարել է Փաշինյանը:

Միաժամանակ նա նշել է, որ «Ժառանգությունը» ժամանակին առաջարկել է ՀԱԿ-ին քննարկել ընդդիմադիր ուժերի միջև մեծամասնական ընտրատարածքները բաժանեու հարցը մրցակցությունից խուսափելու համար, սակայն այս հարցի շուրջ կոնկրետ առաջարկներ ներկայացնելու փոխարեն առաջարկել է ՀԱԿ-ին կրկին վերադառնալ այս թեմային թեկնածուների առաջադրումից հետո:

Փաշինյանը հաղորդել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ուրբաթ օրվա կոչից հետո, ով առաջարկել է ընդդիմադիր ուժերին համագործակցել մեծամասնական ընտրություններում մրցակցությունից խուսափելու համար, «Ժառանգությունը» առաջարկել է ՀԱԿ-ին 7-րդ ընտրատարածքից Հովհաննիսյանի թեկնածությունը հանելու դեպքում ետ կանչել իր թեկնածուներին 1, 4, 6, 9 և 12 ընտրատարածքներից: «ՀԱԿ-ը համարել է, որ նման առաջարկը բանակցությունների համար հիմք չի ծառայում, քանի որ, իմ կարծիքով, ոչ ոք նման առաջարկը տրամաբանական չէր համարի»,- նշել է նա:

Փաշինյանը նաև հավելել է, որ ՀԱԿ-ն ամեն ինչ արել է, որպեսզի ժողովրդի մոտ լինի այլընտրանքի հնարավորություն և այդ նպատակով առաջադրել է ընդդիմադիր ուժերի շարքում մեծամասնական թեկնածուների ամենամեծ թիվը՝ 38 (կա 41 ընտրատարածք՝ խմբ. դիտ.):

7-րդ ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա) մայիսյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ պատգամավորական աթոռի համար կպայքարեն ամենախոշոր հայ օլիգարխներից Սամվել Ալեքսանյանը, «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Նրանցից բացի այդ ընտրատարածքում իրենց թեկնածությունն են առաջադրել նաև անկուսակցական Վարդան Վարդանյանն ու Տիգրան Գրիգորյանը:

ՖՈՏՈՇԱՐՔ