26 մարտի 2012 - 18:04 AMT
Երևանում կանցնի ցուցահանդես` կին ձեռներեցների մասնակցությամբ

ՀՀԿ կանանց խորհուրդը և Էքսպոմեդիա ցուցահանդեսների նախագծման կենտրոնի նախաձեռնությամբ կկայանա «Կինը եւ բիզնեսը էքսպո 2012» 11-րդ մասնագիտացված ցուցահանդեսը, որը կազմակերպվել է կանանց միամսյակի առթիվ:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, ցուցահանդեսի ընթացքում նորովի կներկայացվի գործարար կնոջ կերպարը, հնարավորություն կընձեռնվի հաստատել նոր գործնական կապեր, իրենց գործունեության մասին տեղեկացնել հասարակության ավելի լայն շրջանակներին, ինչպես նաև` ցուցադրել այն ամենը, ինչը թեթևացնում ու բարելավում է կնոջ կենցաղը:

Ցուցահանդեսի նպատակն է խրախուսել կին ձեռներեցներին, նպաստել կնոջ` ՀՀ տնտեսության մեջ էլ ավելի մեծ կարևորությանը, ստեղծել հաջողակ կին ձեռներեցների կերպար:

Ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 60 ընկերություններ:

Ցուցահանդեսում կներկայացվեն հետևյալ թեմաներով աշխատանքներ`«Պարֆյումերիա», «Կոսմետիկա և բուժիչ միջոցներ», «Հրուշակեղեն», «Հագուստ», «Կաշվե իրեր և աքսեսուարներ», «Ինտերյեր, դիզայն, ծաղիկներ», «Բիժուտերիա, զարդեր, նորաձև աքսեսուարներ», «Առողջություն և ֆիթնես»:

Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա մարտի 31-ին ժամը 1200-ին` քաղաքապետարանի ցուցասրահում: