Հայաստանի մարզիչները մասնակացել են ՈւԵՖԱ-ի «Սթադի Գրուպ Սքիմ» ծրագրի շրջանակներում կազմակերպված սեմինարին, որը տեղի է ունեցել Հոլանդիայում: Սեմինարը նվիրված էր պատանեկան ֆուտբոլին: Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՖՖ հրահանգիչները և մարզիչներ, ովքեր ներկայացնում են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերը:
Սեմինարի մասնակիցները հանգրվանել էին Հոլանդիայի ֆուտբոլի ասոցիացիային պատկանող ֆուտբոլի ակադեմիայում: Սեմինարը վարել է Հոլանդիայի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վիմ վան Զվամը: Բացի Հայաստանի պատավիրակությունից սեմինարի ունկնդիրների թվում են եղել նաև Սան Մարինոյից և Լատվիայից ժամանած մասնագետներ:
Սեմինարի շրջանակներում մասնակիցները այցելել են «Այաքս» ակումբ, ծանոթացել են ակումբի ենթակառուցվածքներին: Այստեղ մասնակիցներին ներկայացվել է Յոհան Կրոյֆի կողմից մշակած մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագիրը: Այցելություն է եղել նաեւ «Վիլլեմ» II և «Վաալվեյկ» ակումբներին պատկանող միասնական ֆուտբոլի ակադեմիա: Այստեղ հնարավարություն է ընձեռնվել դիտելու մանկապատանեկան թիմերի մարզումները և հանդիպումները:
ՈւԵՖԱ-ի «Սթադի Գրուփ Սքիմ» ծրագիրը մեկնարկել է երեք տարի առաջ: Ծրագրի նպատակն է` փորձի փոխանակումը և մասնավորապես տեխնիկական գիտելիքների փոխանակումը ազգային ֆեդերացիաների միջև:
Այս տարի ծրագրի շրջանակներում նախատեսված է անցկացնել ևս երկու սեմինար: Առաջինը տեղի կունենա Դանիայում և նվիրված կլինի մանկապատանեկան ֆուտբոլին, երկրորդը, որի ուղղվածությունը կլինի հրահանգիչների պատրաստելը, կանցկացվի Բելգիայում, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: